Ճարտարապետները պալատի նախագահ կընտրեն մեկ անգամ եւս

Ճարտարապետները պալատի նախագահ կընտրեն մեկ անգամ եւս

Երկու օր շարունակ Հայաստանի ճարտարապետների տանը տեղի էր ունենում Հայաստանի ճարտարապետների պալատի 2-րդ ընդհանուր ժողովը (միության 20-րդ համագումարը):
Համագումարի առաջին օրը ճարտարապետները պալատի նախագահի առաջադրման նոր կարգ հաստատեցին, ըստ որի՝ մեկ ուրիշին առաջադրելու կարգն այլեւս չի լինելու, եւ գործելու է միայն ինքնառաջադրման կարգը։ Ըստ այդմ՝ պալատի նախագահի պաշտոնում ինքնառաջադրվեց 3 թեկնածու․ պալատի փոխնախագահներ Բորիս Քոչարյանը, Ալեքսանդր Բադալյանը եւ ճարտարապետ Արսեն Կարապետյանը։

Բայց մինչ այդ, համագումարի առաջին օրն ընտրվեցին պալատի խորհրդի անդամները: Համաձայն «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի՝ պալատի գործադիր մարմինը համարվում է խորհուրդը, որի 17 անդամի տեղերի համար առաջադրվեց 60 հոգի, համապատասխանաբար՝ կազմում ընդգրկվեցին ամենաբարձր միավորներ հավաքած անձինք: Ի դեպ, խորհրդի կազմում ընդգրկված Նարեկ Սարգսյանն ու Կարեն Ռաշիդյանցն ինքնաբացարկ հայտնեցին եւ դուրս եկան խորհրդի կազմից։

Հարցուպատասխանի ժամանակ պալատի անդամները նախագահի 3 թեկնածուին դիմեցին ամենատարբեր հարցերով` թե՛ էմոցիոնալ, թե՛ գործնական շեշտադրումներով, մասնավորապես, անդամ ճարտարապետները հետաքրքրվում էին, թե ինչ են անելու նախագահի թեկնածուները, որ Ճարտարապետների տունը դառնա իրենց բոլորի տունը, ինչպես են վերաբերվում այն փաստին, որ քաղաքը չունի գլխավոր ճարտարապետ, ինչով է տարբերվում պալատը միությունից, եւ այդպես շարունակ։

Ներկաներից մեկն Ալեքսանդր Բադալյանին հարց ուղղեց՝ նշելով, որ շուրջ 30 տարի եղել է փոխնախագահ, ո՞վ է խանգարել իրեն` Մկրտիչ Մինասյա՞նը, որ չի իրականացրել իր ծրագրերը, ինչին ի պատասխան, Բադալյանը նկատեց, թե ոչ ոք, այդ թվում` Մինասյանը, իրեն չի խանգարել, պարզապես արել են այն, ինչ հասցրել են։

Ելույթով հանդես եկավ նաեւ Նարեկ Սարգսյանը՝ հայտարարելով, թե գիտի՝ ում օգտին չի քվեարկելու, եւ այդ թեկնածուն Ալեքսանդր Բադալյանն է, ում հետ թեպետ աշխատել է, բայց ուզում է, որ փոփոխություն լինի․ «Բադալյանն 92-ից փոխնախագահ է, արդեն 30-րդ տարին է, եւ ես կուզեի, որ լինեն մարդիկ, ովքեր ուրիշ ստրատեգիական պատկերացումներ ունեն, եւ կուզեի, որ Ճարտարապետների միությունը փոխակերպվեր Ճարտարապետների պալատի»։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ, որ նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «այս ժողովով մենք սահմանում ենք յուրաքանչյուրիս կարմիր գիծը՝ ինչքա՞ն թույլ ու անողնաշար համքարություն ենք մենք ուզում ունենալ. կա՛մ այս ժողովով մենք շրջում ենք միությունից պալատ անցման էջն ու ընտրությունների միջոցով նոր շունչ տալիս մեր համքարությանը, կա՛մ մաշեցնում ենք մեր վերջին տարիների ձեռքբերումները», համագումարի ընթացքում նշեց, որ շատ ոգեւորված է նոր խորհրդի կազմով, որովհետեւ տեղի ունեցավ որոշակի սերնդափոխություն. «Իսկ կանայք 40 տոկոս ներկայություն ունեն խորհրդի կազմում»։ Նա նաեւ նշեց, որ իր համար դժվար է թեկնածուների մասին որեւէ բան ասելը, որովհետեւ թեկնածուներից թե՛ Բորիս Քոչարյանը, թե՛ Արսեն Կարապետյանը իր ընկերներն են, որոնցից ով էլ ընտրվի, կբերի շատ մեծ փոփոխություններ։ «Երկուսի դեպքում էլ ես իմ մեծագույն ավանդը պատրաստ եմ ներդնել, իսկ Արսենի դեպքում մի խումբ երիտասարդներ եւս միանում են այդ ամեն ինչին, եւ կուզեմ, որ երկուսն էլ լինեն միության նախագահության մաս»։

Անահիտ Թարխանյանն էլ առաջարկեց ընտրություն անելուց առաջ երկար մտածել, թե ում են ընտրում առաջիկա 4 տարվա համար։ Նա նշեց, որ ուզում է նախագահի պաշտոնում տեսնել ուժեղ, անկախ ստեղծագործ մարդու, ով արժանի ձեւով կներկայացնի իրենց պետական մարմիններում, կպաշտպանի իրենց գործը տարբեր ատյաններում եւ կմիավորի եւ ոչ թե կբաժանի։ 

Գործող նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս անգամ չառաջադրվելու պատճառն այն է, որ 20 տարի է արդեն՝ պաշտոնավարում է. «Ճիշտ է, կողքից ասում են` մնա, բայց ես նաեւ գիտեմ, որ հոգնածության «բացիլ» կա, ինչքան էլ սիրում են, ու համոզված եմ, որ այսօր բավարար ձայներ կհավաքեի, բայց հաջորդ օրը կասեին` այ մարդ, էս մարդուց պրծում չկա...: Բացի դրանից, պետք է նոր ուժեր, նոր անուններ գան, լինի նոր տեսլական, նոր հորիզոններ»։ Մինասյանն ընդգծում է, որ, այնուամենայնիվ, նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել վստահելի եւ փորձառու մեկին: 

Պալատի ներկայիս կառուցվածքի դեպքում, երբ խորհրդի դերը բարձրանում է, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նախագահի գործառույթը դառնում է մի փոքր ածանցյալ, երկրորդված։ «Խորհրդին, ճիշտ է, հիմա ավելի են արժեւորում, բայց երկրորդականացնել նախագահի դերը` բացառվում է, ի վերջո, նախագահն է ամեն տեղ ներկայացնում պալատը եւ ստորագրում խորհրդի որոշումների տակ: Այնպես որ, ստորադասել չի կարելի, դրանք իրար հավասար են»:   
Քվեարկությունն ու ձայների հաշվարկն ավարտվեցին ուշ երեկոյան, ինչպես փոխանցեց պալատի դեռեւս գործող նախագահ Մկրտիչ Մինասյանը, կլինի 2-րդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ մեկը 50+ ձայներ չի հավաքել։ 2-րդ փուլում, որը տեղի կունենա այս շաբաթ օրը, նախագահի պաշտոնի համար կպայքարեն առավելագույն ձայներ հավաքած Ալեքսանդր Բադալյանը (74 ձայն) եւ Արսեն Կարապետյանը (61 ձայն)։ 2-րդ փուլում կգործի արդեն ոչ թե 50+ մոտեցումը, այլ թե` ով ավելի ձայն կհավաքի: 

Համագումարից հետո արդեն Մկրտիչ Մինասյանը համագումարի եւ քննարկումների ընթացքը կառուցողական գնահատեց. «Հիմա արդեն նոր խորհուրդը՝ նոր նախագահի հետ միասին, պետք է որոշակի ուղի գծի, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքը: Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ապա երբեք միանշանակ չի եղել, որ միանգամից ամբողջ սերունդը գնացել է, եւ նոր սերունդն է եկել: Ենթադրենք՝ այսօր փոխում ենք ամբողջ կազմը եւ բերում ենք նորը, բայց դա լավ չի լինելու: Լավ է լինում այն ժամանակ, երբ էստաֆետի ձեւով է անցումը կատարվում»:

Քվեարկությունից եւ ձայների հաշվարկից հետո փորձեցինք լսել նաեւ Արսեն Կարապետյանի եւ Ալեքսանդր Բադալյանի կարծիքները: Կարապետյանը եւս նորմալ գնահատեց համագումարի ընթացքը։ «Տեղ-տեղ` սուր, տեղ-տեղ՝ հանգիստ, բայց գործընկերային մթնոլորտում նորմալ ժողով էր, նույնիսկ ավելի լավ, քան ես սպասում էի»,- նկատեց նա: Համագումարի ընթացքում շատ էր շեշտադրվում սերնդափոխության անհրաժեշտության, ավագ ու երիտասարդ սերունդների փոխգործակցության հարցը․ այս ընտրությունը, ի վերջո, սերունդների պայքա՞ր է, թե՞ լավ ծրագրերի, ավելի լավ պալատ ունենալու։ «Ես ընդհանրապես չեմ ընդունում «սերունդների պայքար» եզրը, իրականում ոչ մի պայքար չկա, ուղղակի ժամանակին նորմալ սերնդափոխության ընթացքը կտրվել է, եւ պետք է ջանք թափել՝ դա վերականգնելու համար, բայց դա ես որպես կոնֆլիկտ չեմ ընկալում»: Եթե հանկարծ չընտրվի նախագահի պաշտոնում, շարունակելո՞ւ է աշխատանքը խորհրդի կազմում եւ պալատի ներսում։ «Այո»,- կարճ հավելեց Կարապետյանը: 

Պալատի նախագահի թեկնածու, գործող նախագահի տեղակալ Ալեքսանդր Բադալյանի դիտարկմամբ՝ 2 կողմն էլ շատ համերաշխ են իրար նկատմամբ. «Պարզապես հավաքված մարդկանցից կային, որ ուզում էին ամեն ինչը փոխել, իսկ մենք վախենում ենք դրանից եւ տրադիցիաները չխախտելու համար ուզում ենք մնալ, սերնդափոխությունը լավ է, երբ գալիս է խորհուրդ, վարչություն, երբ աշխատում են, բայց, ցավոք սրտի, այսքան ժամանակ երիտասարդների ակտիվությունը չի եղել: Ես համոզված եմ՝ ով էլ 2-րդ փուլում ավել ձայն հավաքի ու հաղթի, այսօրվա ակտիվությունը շատ կնվազի: Հակառակ կողմը, որ նույնիսկ չեմ էլ ուզում «հակառակ» բառով բնութագրել, որովհետեւ Արսենը շատ ազնիվ, կիրթ տղա է, բայց ես կարծում եմ՝ իրեն շատ դժվար կլինի միանգամից մտնել ու ղեկավարել պալատը: Ինքը որ գար ու էս 4 տարին լիներ առաջին տեղակալը եւ ամբողջ խոհանոցը հասկանար, շատ պինդ կլիներ, եւ մյուս ընտրություններին ես ամեն ինչ կանեի, որ ինքը հաղթեր»: Եթե ինքն ընտրվի նախագահ, իրեն տեղակալ կնշանակի՞ Արսեն Կարապետյանին։ «Անպայման, ի դեպ, մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց իր շրջապատն անթույլատրելի ակտիվություն է ցուցաբերում, որը համարում եմ մարդկային օրենքներից, էթիկայից դուրս...»։ Ի՞նչ նկատի ունի։ «Չեմ ուզում ոչինչ բարձրաձայնել...»: Ինչ վերաբերում է համագումարի ժամանակ Նարեկ Սարգսյանի՝ իր անձին ուղղված հանդիմանանքին, որ անցած 30 տարիների ընթացքում կարող էր անել այն ամենը, ինչ ուզում էր, ապա. «Ես չեմ ուզում ուրիշների խոսքերը մեկնաբանել, մանավանդ՝ Նարեկ Սարգսյանի...»: