Իրականում ինչի՞ է ձգտում Ադրբեջանը

Իրականում ինչի՞ է ձգտում Ադրբեջանը

Տարածված է այն տեսակետը, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը թյուրքալեզու պետություններին միավորելն է ազգային, կրոնական հենքի վրա, ինչին խանգարում է Հայաստանը: Անշուշտ, Հայաստանն արգելք է հանդիսանում այն տիպի հաղորդակցությունների զարգացման համար, որի մասին երազում են այդ երկրները: Մինչ քաղաքակիրթ երկրները, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ապահովում են մարդկանց եւ ապրանքների բնականոն տեղաշարժը մի երկրից մյուսը, այս երկրների ախորժակը բոլորովին այլ է: Նրանք չեն ցանկանում վճարել տարանցման համար, չեն ցանկանում, որ միմյանց միջեւ բեռնափոխադրումները լինեն որեւէ այլ երկրի մաքսային վերահսկողության ներքո:

Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան եւ Ղրղզստանը, բացի նրանից, որ թյուրքալեզու երկրներ են, նաեւ ծովային ելք չունեցող են: Տարիներ առաջ ՄԱԿ-ի մի հետազոտության մեջ հանդիպել է հաշվարկ, ըստ որի՝ այդպիսի երկրները կորցնում են իրենց արտահանումային եկամտի առնվազն 15 տոկոսը: Մինչդեռ ծովային ելքով երկրները կորցնում են մինչեւ 3 տոկոսը: Բացի եկամտից, լինել ծավային ելք ունեցող երկիր՝ բոլորովին այլ կարգավիճակ է:
ԽՍՀՄ ժամանակ, ծովային ելք չունեցող ներկայիս բոլոր հետխորհրդային երկրները, փաստորեն, ծովային ելք ունեցող էին, այն էլ ինչպիսի: Բալթիկա, Սեւ ծով, Խաղաղ օվկիանոս, բոլոր ծովերն ու օվկիանոսները նրանց տրամադրության տակ էին՝ բեռնափոխադրումների կամ ուղեւորափոխադրումների համար: 

Հիմա ԽՍՀՄ չկա, բայց կարող է լինել այլ միություն. կուզեք ասեք՝ թյուրքալեզու: Ի՞նչ է ստացվում: Շնորհիվ Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի եւս 6 երկրներ կարող են դառնալ ծավային ելք ունեցող: Այժմ դժվար է պատկերացնել կամ հաշվարկել, թե սինեգիկ ինչ էֆեկտ կարող է ստացվել դրանից: Բայց որ այդ նոր միության տնտեսական ու ռազմական ներուժը կարճ ժամանակահատվածում կգերազանցի ԵՄ-ին, կարելի է չկասկածել:

Եթե Ռուսաստանը ներկայումս զգուշավոր վերաբերմունք ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, ապա 20-30 տարի հետո Ռուսաստանը կլինի արհամարհված ու քայքայվող մի երկիր, եթե հաշվի առնվի, որ նրա կազմում գոյություն ունեցող թյուրքալեզու կազմավորումների բնակչությունը կընդվզի ու օր առաջ կցանկանա միանալ այդ «Արեւելյան հրաշքին»: Վերջինիս առճակատումը «Չինական հրաշքի» հետ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ մարդկային քաղաքակրթության համար: Այդ գործընթացների արագացմանը, որքան էլ որ տարօրինակ հնչի, նպաստում է քովիդը:

Մնում է զարմանալ արաբական աշխարհի վրա. բազմապատիկ ավելի բնակչություն ունեցող արաբական երկրները, կարծես, այս երկրագնդից չլինեն: Խնդիրն այստեղ թուրքը կամ արաբը չէ: Ուղղակի թուրքերն ընկել են ազարտի մեջ, ինչը, ի վերջո, կկործանի թե՛ իրենց, թե՛ ամբողջ աշխարհը:

Գագիկ Վարդանյան