Եթե աշխատավարձի փոփոխություն չեղավ, շատ ուսուցիչներ դուրս կգան աշխատանքից  

Եթե աշխատավարձի փոփոխություն չեղավ, շատ ուսուցիչներ դուրս կգան աշխատանքից  

«Գնահատվե՞լ են արդյոք դպրոցների կարիքները, երբ պատրաստվում են սեպտեմբերի 15-ից դպրոցները բացել։ Ի՞նչ միջոցներով եւ մեթոդներով են իրականացվելու սանիտարահիգիենիկ միջոցառումները»,-ասում է հայ գրականության ուսուցիչ Լիլիթ Պողոսյանը՝ «Դասերը՝ օֆլայն. սովորողները կհաճախեն դպրոց» թեմայով կազմակերպված տեսաքննարկման ժամանակ:

Ըստ նրա, համավարակի նոր ալիքը, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է լինելու, որը մի շարք հարցեր է առաջ քաշում, մասնավորապես ինչպես է իրականացվելու առողջապահական վերահսկողությունը․ «Արդյոք թեստավորվելո՞ւ են եւ ի՞նչ հաճախականությամբ են թեստավորվելու ուսուցիչները, աշակերտերը, դպրոցը սպասարկող այլ անձինք։ Հաջորդ կարեւոր հարցը դասարանների թվաքանակով պայմանավորված բաժանումներն են, որ բազմաթիվ հարցեր է առաջ բերում, ուսուցիչների աշխատավարձի հարցը, արդյոք վճարվելո՞ւ են դրա դիմաց, թե՞ ոչ, որովհետեւ փաստացի ավելանում է ոչ միայն ակադեմիական ժամերի թիվը, այլ հենց բուն աշխատաժամը եւ դա նույնպես պետք է հաշվի առնվի, որովհետեւ դրույքով պայմանավորված ուսուցիչները ունեն տարբեր աշխատաժամեր։ Եթե հերթերով լինի ուսուցումը, ինչպե՞ս է կազմակերպվելու մարզերից եկող ուսուցիչների աշխատաքի գալն ու գնալը։ Բացառված չէ, որ կլինեն ուսուցիչներ, ովքեր կհրաժարվեն աշխատանքից, ինչպես եղավ օնլայն հարթակի անցնելու դեպքում։ Կարծեմ, ուսուցիչների 30 տոկոսը, դա ոչ ստույգ վիճակագրություն է, պատրաստ չէր դրան եւ նույնիսկ աշխատանքից ազատման դեպքեր եղան, այս դեպքում ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում այդ աշխատատեղերը լրացնել եւ կա՞ ուսուցչական այդքան անձնակազմ, որ կարողանա սպասարկել նման սկզբունքներով մշակված կրթությանը, որը մեզ սպասվում է սեպտեմբերի 15-ից»։ 

Լ․ Պողոսյանի կարծիքով, ուսումնական պրոցեսը բավականին դժվար կլինի կազմակերպել, որովհետեւ երեխաները բավականին ակտիվ են, շփվել, խաղալ են ուզում, եւ սա մեծ ռիսկեր կարող է առաջացնել․ «Ոչ մի ուսուցիչ ի վիճակի չի լինի 2 մետրի սահմանագիծը գծել եւ ասել՝ պահպանեք սոցիալական հեռավորություն։ Նախարությունը արդյոք հաշվի առե՞լ է դպրոցների ենթակառուցվածքները, բակերը, որոնք կարող են օգտագործվել, որպես բացօթյա դասարաններ, որն էլի ռիսկային է, եթե հանկարծ անձրեւ գա։ Ինչպե՞ս են գործելու նաեւ արվեստի դպրոցները, եթե 2-3 հերթով լինի, որովհետեւ երեխաները այդտեղ հաճախում են հիմնական դպրոցի դասերից հետո»,-ասում է ու նկատում, որ նախարարությունը չի ասում նաեւ՝ ի՞նքն է իրականացնելու սանիտարահիգիենիկ աշխատանքները, թե՞ թողնելու է դպրոցների վրա։   

«Մենք կորցնում ենք 2 շաբաթ, բայց ուսումնական պլանը նախատեսված է 34 շաբաթի համար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք վերականգնելու այդ 2 շաբաթը՝ արձակուրդների հաշվի՞ն»,-ասում է Պողոսյանը, ում կարծիքով, եթե աշխատաժամերը երկարացրեցին, իսկ աշխատավարձի վրա որեւէ էական փոփոխություն չեղավ, շատ ուսուցիչներ ուղղակի դուրս կգան աշխատանքից։