Խորհրդարանի երկու ուժերը՝ միմյա՞նց, թե՞ իշխանությանն ընդդիմադիր

Խորհրդարանի երկու ուժերը՝ միմյա՞նց, թե՞ իշխանությանն ընդդիմադիր

8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 29-ը՝ «Հայաստան», 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքներից: Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կհրավիրի, որի ընթացքում կկազմվի արձանագրություն՝ մանդատները հանձնելու վերաբերյալ: Նիստի հստակ օրը դեռեւս հայտնի չէ, հանձնաժողովը  մինչեւ հուլիսի 21-ը ժամանակ է տվել քաղաքական ուժերին՝ իրենց ցուցակներում ներգրավված անձանց ինքնաբացարկների դիմումներ ներկայացնելու համար: Երեկվա դրությամբ 20 դիմում էր գրանցվել, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնաբացարկը։

Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ մանդատների բաշխմանը հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը գումարվում է ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստը, որն այս պարագայում կլինի օգոստոսի 2-ին։ Նստաշրջանի անդրանիկ նիստը կբացի եւ մինչեւ ԱԺ նախագահի ընտրվելը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը, տվյալ դեպքում՝ 76-ամյա Կնյազ Հասանովը, ով ՔՊ ցուցակի երկրորդ հատվածում է ընդգրկված՝ որպես քրդական համայնքի ներկայացուցիչ։ Նա, ի դեպ, անցած գումարման խորհրդարանի առաջին նիստի հանդիսավարն էլ էր։ Պատգամավորների երդման արարողությունից հետո կձեւավորվի հաշվիչ հանձնախումբ, որպեսզի կազմակերպի ԱԺ նախագահի փակ քվեարկությունը։

Իշխող մեծամասնությունն ԱԺ նախագահի համար առաջադրելու է գործող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Նախագահի տեղակալների թեկնածուներն են՝ գործող պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը: Նրանց ընտրել է ՔՊ վարչությունը, ապա դա հավանության է արժանացել հուլիսի 10-ին կայացած ՔՊ կուսակցության վարչության եւ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստում։ Որոշվել է նաեւ, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է Հայկ Կոնջորյանը, իսկ  քարտուղարի՝ Նազելի Բաղդասարյանը։

Սակայն ԱԺ նախագահն ունենում է 3 տեղակալ, որոնցից մեկը, ըստ օրենքի՝ ընդդիմադիր խմբակցությունից, սովորաբար՝ ավելի շատ ձայն հավաքած ընդդիմադիր խմբակցությունից։ Բայց օրենքը իմպերատիվ չէ այս առումով․ նշում է՝ ընդդիմությունը, առանց կոնկրետացնելու։ Սակայն ԱԺ երրորդ փոխնախագահի հարցը, ինչպես մեծամասնության ներկայացրած վարչապետինը, առանց քվեարկության չի լինում, ուստի, ըստ էության, ԱԺ մեծամասնության ընտրությունից է կախված՝ ԱԺ փոխնախագահը կընտրվի՞, թե՞ ոչ: Մենք քանիցս անդրադարձել ենք այս թեմային, իշխանությունը հակված է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչին ընտրել ԱԺ փոխնախագահ եւ ամեն ինչ անում է, որ Վանեցյանի դաշինքը հավակնի այդ պաշտոնին՝ հույսով, որ այս դեպքում կկարողանա կառավարել ընդդիմությանը եւ, ամենակարեւորը՝ կպառակտի խորհրդարանական ընդդիմությանը, եւ նրանք կսկսեն պայքարել ոչ թե իշխանության, այլ՝ իրար դեմ, արդյունքում, բնականաբար, կշահի իշխանությունը։

Պակաս կարեւոր չէ նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրությունը, որը հաջորդելու է ԱԺ ղեկավարների ընտրությանը։ Համաձայն օրենքի՝ ԱԺ-ն կարող է ունենալ առավելագույնը 12 մշտական հանձնաժողով։ Դոնթի բանաձեւով, որը կիրառվում է ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման հարցում, ՔՊ-ին կարող է բաժին հասնել 8 հանձնաժողով: Սակայն այստեղ էլ ՔՊ-ից է կախված՝ կընտրի՞ ընդդիմադիր թեկնածուներին հանձնաժողովների նախագահների կամ փոխնախագահների պաշտոններում, թե՞  կթելադրի իր կանոնները, օրինակ՝ ավելի հարմարվողական եւ կառուցողական թեկնածուներ կպահանջի, որ առաջադրեն։

Ինչպե՞ս են պատկերացնում օրենսդիր մարմնում իշխանության  հետ փոխգործակցությունը ընդդիմադիր դաշինքներում։ Սակայն դաշինքներում ոչ աշխատանքային մթնոլորտ է՝ ոմանք ամառային հանգստի ռեժիմում են, հատուկենտ մարդիկ են պատասխանում հեռախոսներին։ «Հայաստան» դաշինքի անդամ՝ դաշնակցական Գեղամ Մանուկյանը հանձնաժողովների նախագահ-փոխնախագահների, խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցին կանդրադառնա, երբ դաշինքում դրանց վերաբերյալ որոշում կայացնեն։ «Քանի դեռ «Հայաստան» դաշինքը որոշումներ չի կայացրել, դրանց մասին, կարծում եմ, խոսելը վաղաժամ է»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը։ Իսկ հնարավո՞ր է հրաժարվեք պաշտոններից։ «Ես չասացի նման բան, ասացի, որ մինչեւ որոշում չկայացվի, վաղաժամ է խոսել այդ մասին»։

Տեսականորեն ինչպե՞ս են պատկերացնում, որ իրենց կողմից սուր քննադատության ենթարկված իշխանականները կքվեարկեն իրենց օգտին։ «Տեսականորեն շատ բան կարելի է պատկերացնել, առարկայական խոսակցություն կլինի այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ լինի»։ Չասաց նաեւ՝ արդյոք «Հայաստան» դաշինքն ԱԺ փոխխոսնակի թեկնածու առաջադրելո՞ւ է, իսկ գուցե այդ պաշտոնը զիջեն «Պատիվ ունեմ»-ի՞ն։ «Երբ կլինի դաշինքի պաշտոնական որոշումը, կիմանանք»,- կրկնեց Մանուկյանը, որը նախկինում շատ ավելի սիրով էր պատասխանում լրագրողների հարցերին։

Մեկ այլ ՀՅԴ-ական՝ նույն դաշինքից Լիլիթ Գալստյանը մեր հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է իշխանության հետ կոմպրոմիսի գնան եւ փափուկ, մեղմ թեկնածուներ ներկայացնեն իրենց շարքերից, որ իշխանության հավանությանն արժանանան, վստահեցրեց․ «Բացարձակ, չի կարող նման բան լինել, մենք ունենք մեր օրակարգը եւ մենք ենք որոշելու, մեզ չեն կարող դրսից պարտադրել ցանկալի ցանկեր եւ այլն»։ Իսկ մտավախություն չկա՞, որ իշխանությունն այդ դեպքում ընդդիմության հասանելիք հանձնաժողովներում նախագահ չի ընտրի։ «Ես ոչինչ չեմ կարող ասել, ինձ ոչինչ չի զարմացնի, եւ ոչ մի բանից անակնկալի չեմ գա, կարծում եմ՝ Ձեր ասածը չբացառելի տարբերակ է՝ հաշվի առնելով իրենց քաղաքական վարքագիծը՝ նախընտրական եւ հետընտրական շրջանի ռեպրեսիաները եւ այլն։ Հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ օրենքն իրենց համար բացարձակ արժեք չէ, եւ անցած երեք տարիներին Հայաստանի Հանրապետության օրենքների ոտնահարման, ինչու ոչ՝ սահմանադրական կարգի տապալման հետագիծ են թողել, ինչու ոչ՝ հիմա էլ կարող են ոտնահարել օրենքը, օրենքն ընդդիմությանը վերապահում է 1/3-ը»։

Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակի հարցին, Գալստյանն ասաց՝ բացառվում է, որ ստեղծվի մի իրավիճակ, երբ երկու ընդդիմադիր ուժերը դառնան թշնամի եւ պայքարեն միմյանց դեմ․ «Երկու ընդդիմադիր ուժերը միմյանց ընդդիմադիր չեն կարող լինել, վստահ եմ, որ ունենք այնքան քաղաքական կոռեկտություն, ռեսուրս եւ իրար հետ անցած ճանապարհ, որ կկարողանանք խնդիրները համախոհությամբ լուծել»։

Ի դեպ, Քոչարյանի՝ մանդատը դնելու որոշումից հետո խմբակցության ղեկավարի ամենահավանական թեկնածուները Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Գեւորգյանն են, մեկը կլինի ԱԺ փոխխոսնակ, մյուսը՝ խմբակցության ղեկավար։