Գերիներ ունենք ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև՝ Հայաստանում․․․

Գերիներ ունենք ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև՝ Հայաստանում․․․

Այսօր միայն Ադրբեջանում գտնվող գերիների մասին է խոսվում։ Նախկին մտածողությունը կա․ գերի է վերցնում միայն թշնամի երկիրը։  Գերին պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած և ազատությունից զրկված մարդն է: Բայց մենք ինչքա՜ն գերիներ ունենք Ադրբեջանում, որոնք խաղաղ ժամանակներում են գերի առնվել։ Վերջին շրջանում Արցախից վերցված գերիներին ի՜նչ անուն տանք։ Արցախի նախագահները, հերոսները գերիների ո՞ր խմբի մեջ են մտնում։ Դրանք Հայաստանի՞ քաղաքական գերինե՞րն են․ այդ պատասխանն օդում կախված է․ կպարզվի։ Երբևէ որևէ երկրի  ժողովրդի մտքով չի անցնի, որ սեփական պետությունը ևս կարող է պատանդառել, գերի վերցնել  մարդկանց։ Հայաստանում Ադրբեջանի հետ ներդաշնակ պատանդառվում են մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանության քաղաքականությանը, ովքեր դեմ են երկիրը հիբրդային պատերազմով հանձնելուն, ովքեր դեմ են, որ իրենց տունն ու ունեցվածքը, իրենց սեփականությունը թշնամուն նվիրեն։  Պատանդառվում են այն մարդիկ, ովքեր այլախոհ են և երկիրը հանձնելուն դեմ են։ Դրամական փոխհատուցումներով, կեղծ խոստումներով  վաճառվում է երկիրը․․․ Մարդկանց գիտակցության մեջ ամրագրելով այն հանգամանքը, որ իրենց տունը, ունեցվածքն են վաճառում և ոչ մեկը չի կարող «խառնվել մատի ու մատանու արանքը»։ 

Պետականությունը կորցնելու շեմին՝ ժողովրդին համախմբելու, միասնական ծրագրով հակառակորդին դիմակայելու փոխարեն, այս իշխանությունը զբաղված է մարդկանց, պետական կառույցները պառակտելու, թուլացնելու, ոչնչացնելու, թշնամու հետ սինխրոն աշխատելու գործով։  Հազարավոր օրինակներից մեկը կարող եմ բերել՝ ի՜նչ պակաս գերի է Արմեն Աշոտյանը։ Գերի վերցնել մեկին, որպեսզի իր գոյությունը չվտանգվի։ Պետք է ընդունել, որ գերիներ ունենք ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև՝ Հայաստանում․․․

Դատական համակարգում կայացրած  ողջ փոփոխությունը կայանում է նրանում, որ գերեվարելու հանգամանքը կարողանան ձևակերպել  ըստ «արժանվույն»՝  համաձայն այսինչ հոդվածի, համաձայն մի հոգու  ձևակերպման․․․ Ինչևէ, խոսելով Ադրբեջանում  գերի գտնվողների  ազատ արձակման մասին, մտածեք՝ Փաշինյանն ուզու՞մ է  այդ գերիների վերադարձը։ Պատերազմի ժամանակ գերի ընկածներին թերևս կարող է փոխանակել տարածքային զիջումների հետ, որը ինքը պիտի անի, բայց Արցախի ղեկավարներին, հերոսներին  ազատ արձակելը ինչքանո՞վ է համընկնում նրա ծրագրի իրականացման հետ։ Արցախյան առաջին պատերազմից հետո ես տեսել եմ գերիների վերադարձ ու հետո  նրանց խեղված ճակատագրերը։ Համոզվա՞ծ եք, որ վերադարձած  գերիները լինելու են նույն այն անձինք՝ պայքարով ու կյանքով լի․․․ Կամ եթե աթոռին գամված այդ մեկ անձը չի կարող  Ադրբեջանի գերիներին ազատել, Հայաստանի գերիներին  կարո՜ղ է, չէ՞․․․