Թքում են, ասում է՝ անձրև է գալիս

Եթե նկատել եք, ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց գործի մասին արված ոչ մի քննադատության չեն կարող պատասխանել։ Ժամանակին դրանցից մեկն ասել էր, որ վերին մակարդակով հրահանգված է անարձագանք թողնել քննադատությունները։ Իրենց բերողը շատ լավ գիտի, որ դրանք «բերան բացեն», մի քանի ամիս է պետք, որ «իրենց գլորած քարը փոսից հանեն»։ Դրա համար էլ որ լրագրող են տեսնում, երկու ոտ էլ փոխ են առնում ու հայդա փախչում։ Հանկարծ մի հարց չտան ու իրենց ոտ ու ձեռով կորցնեն։
ԱԺ-ում 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախարարին ասում է. «Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»:
«Այս կարգի էկոնոմիկայի նախարարը,, քննադատություն չէ, դառը վիրավորանք է։ Նախ ի՞նչ գործ ունի էս կարգի մարդը նախարարի պաշտոնում՝ ենթատեքստը այդպես է հասկացվում։ Բայց եթե էս կարգի մարդ կա, ինձ համար հաճելի չէ նրա հետ զրույց ունենալ։ «Էս կարգի մարդն էլ» պատասխանում է․ «Չեմ կարծում, թե Սուքիասյանը հակակրանք ունի իմ հանդեպ, քննադատությունները բարեհաճորեն եմ ընդունում։ ․․․ Ես էլ որպես մարդ համարում եմ, որ քննադատությունը բաց ընդունելը միայն ինքնազարգացման համար լավ է: Այսինքն քննադատությունն ինձ ավելի լավը կդարձնի»։ Նոր եմ հասկանում ժողովրդական ասացվածքի խորությունը՝ թքում են, ասում է՝ անձրև է գալիս։
Հիմա արդեն հասկանալի է, թե ՔՊ իշխանությունը ինչու՞ է այդքան սիրում թուք ու մուր ստանալ։ Եթե առաջ միայն ընդդիմությունից էր ստանում, այսօր այդ ավարը շռայլորեն նրան են փոխանցում յուրայինները։ Արդեն կարելի է հասկանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Բանից պարզվում է, որ նա ուզում է ավելի շատ թուք ու մուր թափեն իր գլխին, որպեսզի ավելի լավը դառնա։ Զավեշտն այն է, երբ Քերոբյանն ասում է, որ Գռզոն իրեն չի հակակրում։ Եթե վերցնենք հակակրանք բառի հոմանիշները, ամեն ինչ պարզ կլինի։
Հակակրել․ - Ատել, գարշել, զզվել, խորշել, աչքից գցել, աչքից հանել, աչքի փուշ դարձնել, աչքի փուշ դառնալ, աչքին փուշ երևալ, աչքով աչք չունենալ, արհամարհել:
Հակակրելի, ատելու հականիշը սիրելն է։ Ո՞նց չասես՝ Ի՜նչ մի սիրելու բան ես, որ քեզ սիրեն․․․
Կարծիքներ