«Հրապարակ». Ինչո՞ւ է թանկացել Երեւան-Աբովյան ուղեվարձը

«Հրապարակ». Ինչո՞ւ է թանկացել Երեւան-Աբովյան ուղեվարձը

Երեկ տեղեկացանք, որ Երեւան-Աբովյան միջմարզային 261, 50 եւ 259 համարի երթուղիների ուղեվարձը թանկացել է հարյուր դրամով: Այսուհետ քաղաքացիները նախկին 200 դրամի փոխարեն կվճարեն 300 դրամ: Թե ինչն է ուղեւորափոխադրման ծառայության թանկացման պատճառը, փորձեցինք պարզել Աբովյանի քաղաքապետարանից: Քաղաքապետ Էդուարդ Բաբայանի խորհրդական Աշոտ Ֆելիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աբովյանի քաղաքապետարանում տեղյակ չեն, թե ինչու է թանկացել Երեւան-Աբովյան երթուղին:

«Տարածքային կառավարման նախարարությունը հայտարարել է երթուղիների սպասարկման մրցույթ, եթե չեմ սխալվում՝ մրցույթը հայտարարված է եղել նախորդ տարի: Տրանսպորտի թանկացման համար զանգահարեք տարածքային կառավարման նախարարություն»,- նշեց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ Երեւան-Աբովյան 261 եւ 259 համարի երթուղիները պատկանում են գործարար Գագիկ Ծառուկյանի ընկերություններից մեկին, իսկ Աբովյան խոշորացված համայնքի նոր ղեկավարը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է, ով ջախջախիչ հաղթանակ տարավ ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ: Նշենք նաեւ, որ տրանսպորտի թանկացումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը հրաժարվել է իր աշխատավարձից եւ մեքենայի վառելանյութի համար նախատեսված գումարից՝ այն հատկացնելով զոհված զինծառայողների ընտանիքներին: Մնում է հասկանալ՝ քաղաքապետի բարեգործությունը եւ տրանսպորտի թանկացումը պատահական զուգադիպությո՞ւն են, թե՞ կանխորոշված քայլ: