Մեկ «հպարտին» ընկնող հավելյալ եկամուտը՝ օրը 220 դրամ

Մեկ «հպարտին» ընկնող հավելյալ եկամուտը՝ օրը 220 դրամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ հպարտանում է բյուջեի լրացուցիչ մուտքերով։ Նա ապրիլի սկզբի նիստերից մեկի ժամանակ առաջին եռամսյակի բյուջետային մուտքերի ցուցանիշներ հրապարակեց, որոնք առաջին հայացքից բավականին տպավորիչ են։ 2023թ․ առաջին եռամսյակում, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 15.2 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել։

«2023թ․ բյուջեի եկամտային մասը շատերը համարում էին ռիսկային, շատերը համարում էին ոչ իրատեսական, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով։ Ավելին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2022թ․ առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15.2 տոկոսով կամ շուրջ 60.8 մլրդ դրամով»,- ասաց նա։

Դրանից հետո տարբեր տնտեսագետներ բացատրել են, որ բյուջետային մուտքերի աճը պայմանավորված է ոչ թե արդյունավետ հարկահանությամբ կամ տնտեսական խելամիտ քաղաքականությամբ, այլ ապրանքների զուգահեռ արտահանմամբ դեպի Ռուսաստան, որը սանկցիաների տակ է եւ չի կարողանում դրանք ստանալ անմիջապես արտադրող երկրներից։ Տնտեսագետ Տիգրան Մուրադյանն այլ տեսանկյունից է դիտել Փաշինյանի հրապարակած թվերը։

«60 մլրդ տոննան շատ է, 60 մլրդ տարին շատ է, բայց 60 մլրդ դրամը շատ չէ։ Եթե մենք դա բաժանում ենք 90 օրվա, հետո էլ բաժանում ենք 3 մլն «հպարտի» վրա, ապա ստանում ենք մեկ «հպարտի» ընկնող եկամուտը՝ օրը 220 դրամ։ Սա թող լինի նոր չափի միավոր՝ 1 «հպարտին» ընկնող»,- ասում է նա։ Եզրակացությունը պարզ է՝ մեր գլխին երկնքից ընկած հեղափոխությունը մեզ օրական 220 դրամի օգուտ է տվել։ «Իրենք կարող էին դա հաշվել, ասենք, վիետնամական դոնգով ու ավելի ազդեցիկ թիվ կստանային՝ տրիլիոններով արտահայտված, բայց սրանից մեր 220 դրամի օգուտը չի շատանում, համաձայնեք։ Այսինքն՝ 1 «հպարտին» ընկնող ցուցանիշն արդյունքում ոչինչ չասող թիվ է, որը տեսնելով, օրինակ, Արմավիրի գյուղերն  ասֆալտ անող «հպարտը» հարցնում է՝ ըհը, 60 մլրդ եկամուտ է ավելացել։ Բա Սերժի ժամանակ սենց բան կա՞ր։ Ու մենք սրա մեջ էլի չենք տեսնում Բաղրամյանից ճամպրուկներով թալանվող փողերը, որոնք էլ չեն թալանվում, չենք տեսնում աշխարհի օգնությունը, որը մեզ խոստանում էին՝ ասելով, որ եթե թալանչիներից ազատվենք, մեզ ամբողջ աշխարհն է օգնելու։ Չենք տեսնում Սերժ Թանկյանի ասածը, որ սփյուռքը լցվելու է Հայաստան։ Ընդամենը տեսնում ենք դասալիքների հաշվին աճած էկոնոմիկա։ Բայց էդ աճն էլ լղոզեցին տուրիստների մեջ, եւ մենք չենք հասկանում հիմա, թե տուրիստը որն է, դասալիքը որն է, Հայաստանով տրանզիտ անցնողն ինչքան է»։