Երրորդ համաշխարհային պատերազմ` դարձյալ Ռուսաստանի եւ Գերմանիայի մասնակցությամբ, ամենավատը դեռ առջեւում է 

Երրորդ համաշխարհային պատերազմ` դարձյալ Ռուսաստանի եւ Գերմանիայի մասնակցությամբ, ամենավատը դեռ առջեւում է 

Եթե ռուս-ուկրաինական պատերազմին նայենք ավելի գլոբալ հայացքով, ապա կարող ենք տեսնել, որ այն այնքան էլ լոկալ հակամարտություն չէ, այլ ունի համաշխարհային պատերազմին բնորոշ բոլոր տարրերը, եւ այն հանգիստ կարելի է բնորոշել որպես երրորդ համաշխարհային պատերազմ: Պատերազմում ընդգրկված երկրների քանակով, համաշխարհային տնտեսության, ինչպես նաեւ աշխարհի բնակչության կյանքի ու կենսամակարդակի վրա ունեցած ազդեցությամբ այն համաշխարհային պատերազմի բնորոշիչներ ունի: Եվ ինչպես առաջին երկուսը, այս մեկն էլ թեեւ ընթանում է Ուկրաինայի տարածքում, բայց նպատակներից մեկն էլ Գերմանիայի եւ գերմանական հեգեմոնիայի ոչնչացումն է: Այն կավարտվի այն ժամանակ, երբ Գերմանիայի տնտեսությունը քայքայվի, իսկ Եվրամիությունը դուրս կգա գերմանական ազդեցությունից, գուցե դադարելով մեկ միասնական մարմին լինելուց: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ահաբեկչության միջոցով պայթեցվել են Հյուսիսային հոսք եւ Հյուսիսային հոսք 2 գազամուղները, որոնցից առաջինով մինչեւ սեպտեմբերի 1-ը Գերմանիան գազ էր ստանում Ռուսաստանից, իսկ մյուսը պատրաստ էր շահագործման, բայց այդպես էլ չշահագործվեց ամերիկյան ճնշումների եւ սպառնալիքների պատճառով: Փաստ է, որ գերմանական տնտեսությունն այլեւս նույնիսկ տեսականորեն չի կարող ռուսական էժան գազի հույս ունենալ, ինչը նրա մրցունակության հիմքերից մեկն էր: 

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց Դոնեցկի, Լուգանսկի եւ Խերսոնի մարզերն իրեն միացնելու մասին: Հասկանալի է, որ սրա նպատակը ԵՄ-ին հասկացնելն է, թե Ուկրաինային տրված յուրաքանչյուր փամփուշտ ու հրթիռ այլեւս ուղղվում է իր դեմ: Ռուս-ուկրաինական պատերազմն արդեն վերածվում է Արեւմուտք-Ռուսաստան պատերազմի, եւ չի բացառվում, որ Ռուսաստանը հարվածներ կհասցնի ԵՄ տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին՝ ընդլայնելով պատերազմի աշխարհագրությունը եւ ծավալները: Նույնիսկ ԵՄ անդամ այն երկրները, որոնց թվում էր, թե պատերազմն իրենցից շատ հեռու է, եւ իրենք մասնակցում են ընդամենը Ուկրաինային ռազմական օժանդակություն տրամադրելով, ստիպված են լինելու ավելի առարկայական ներգրավվել ռազմական գործողություններում, այդ թվում՝ իրենց բանակներով:

Առաջին համաշխարհային պատերազմի հիմքերը դրվեցին 1871 թվականին, երբ Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի ջանքերով տեղի ունեցավ գերմանական մանր պետությունների միավորում Պրուսիայի շուրջ, եւ ստեղծվեց Գերմանական կոնֆեդերացիա: Միավորված գերմանական պետությունն այդ ժամանակաշրջանի համար աննախադեպ տնտեսական զարգացում ապրեց: Գերմանական տնտեսության, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության աճը, բնականաբար, բերելու էր աշխարհաքաղաքական ամբիցիաների մեծացման, Գերմանիան ձգտում էր համաշխարհային հեգեմոնիայի: Եվրոպայի հնաբնակներ Անգլիան եւ Ֆրանսիան չէին կարող դա թույլ տալ եւ Ռուսաստանի հետ դաշինքի միջոցով` Անտանտով, չեզոքացրին գերմանական սպառնալիքը: Գերմանական պետությունների միավորումից 43 տարի անց՝ 1914-ին սկսված Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Գերմանիայի եւ նրա դաշնակիցների լիակատար ջախջախմամբ եւ կապիտուլյացիայով: Պատերազմի արդյունքում Գերմանիան Ֆրանսիային վերադարձրեց Էլզասն ու Լոթարինգիան, Սարրը հանձնվեց Ազգերի լիգայի կառավարմանը, Գերմանիան պարտավորվեց հաղթող տերություններին վճարել ահռելի ռազմատուգանք, սահմանափակվեցին գերմանական բանակի քանակն ու սպառազինությունը: Բայց ամենակարեւորը գերմանական տնտեսության ոչնչացումն էր. դաշնակիցները համոզված էին, որ Գերմանիան այլեւս ուշքի չի գա տնտեսական ճգնաժամերից: Պատերազմին հաջորդած առաջին 15 տարիներին ամեն ինչ հենց այդպես էր: Բայց 1935-ից գերմանական տնտեսությունը սկսեց թափ հավաքել:

Վերսալյան պայմանագրից ընդամենը 20 տարի անց Գերմանիան սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը, որը եւս արդյունք էր Գերմանիայի շատ արագ վերականգնված տնտեսության եւ աճող աշխարհաքաղաքական ամբիցիաների: Գերմանիայի իշխանությունները ցանկանում էին ոչ միայն չեղարկել Վերսալյան նվաստացուցիչ պայմանագիրը, այլ նաեւ հասնել համաշխարհային տիրապետության: 

Երկրորդ աշխարհամարտի արդյունքներն ավելի ծանր ու նվաստացուցիչ էին Գերմանիայի համար, քանի որ դրա արդյունքում Գերմանիան տարածքներ զիջեց ոչ միան Լեհաստանին, Չեխոսլովակիային, Ռուսաստանին, այլեւ երկիրը կիսվեց 2 մասի, ինչը պետք է խոչընդոտեր Գերմանիայի տնտեսության արագ վերականգնմանը եւ զրկեր նոր հավակնություններ ներկայացնելու հնարավորությունից:

1989 թվականին Բեռլինի պատի փլուզմամբ սկիզբ դրվեց բաժանված Գերմանիաների վերամիավորմանը: Ի հաշիվ փլուզված Խորհրդային Միության եւ արեւելաեվրոպական երկրների ազատականացված շուկաների, գերմանական տնտեսությունը ստացավ զարգացման նոր խթան: Ռուսական էժան էներգակիրների եւ ԵՄ ընդլայնման հաշվին գերմանական տնտեսությունը թռիչքաձեւ աճ արձանագրեց: Գերմանիան հերթական անգամ դարձավ Եվրոպայի տնտեսապես ամենազարգացած երկիրը, որի արդյունաբերությունը մինչեւ վերջերս հաջող մրցակցում եւ հաղթում էր ոչ միայն մյուս եվրոպական երկրներին, այլեւ լուրջ վտանգ էր ներկայացնում ամերիկյան տնտեսական հեգեմոնիայի համար: Նույնիսկ Միացյալ Նահանգներում սպառողները «Մերսեդեսն» ու «Աուդին» գերադասում են «Ջեներալ Մոթորսի» կամ «Ֆորդի» արտադրանքից: Գերմանիան այս անգամ որոշել էր հեգեմոնիայի հասնել ոչ թե պատերազմի, այլ տնտեսության միջոցով, այսպես կոչված` խաղաղ նվաճման ճանապարհով: Բայց հիմա նա պարտադրված է պատերազմ մղել Ռուսաստանի դեմ՝ մի կողմից զրկված լինելով Ռուսաստանի հսկայական շուկայից ստացվող եկամտից, բայց որ ավելի վտանգավոր է` էժան նավթից ու գազից:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից հայտարարված հատուկ ռազմական գործողությանն ի պատասխան՝ ԱՄՆ-ն ու նրա ՆԱՏՕ-ական եւ այլ դաշնակիցները հայտարարեցին Ռուսաստանի դեմ միասնական ճակատով հանդես գալու մտադրության մասին: Ռուսաստանի դեմ սահմանվեց 11 հազար պատժամիջոց, սկսվեց Ուկրաինա զենքի եւ զինամթերքի մատակարարում: Բոլորն են ասում, որ պատերազմը ռուս-ուկրաինական չէ, այլ՝ Ռուսաստան-Արեւմուտք, բայց այդ պատերազմի հետեւանքներն ամենածանրն անդրադառնում են Եվրամիության, առաջին հերթին՝ առաջատար տնտեսության` Գերմանիայի վրա: ԵՄ-ում անցած տարվա համեմատ արձանագրվել է աննախադեպ՝ 9 տոկոսանոց սղաճ, որը գրեթե 4 անգամ մեծ է թույլատրելի չափից: Եվրոպական երկրների եւ հատկապես Գերմանիայի տնտեսությունն անընդհատ կորցնում է մրցունակությունը: Փակվում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, մեքենաշինության եւ քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ: Ոչ միայն փակվում են՝ դրանց մի մասը տեղափոխվում է ԱՄՆ: Գերմանական ամենախոշոր մեքենաշինական ընկերություն «Վոլկսվագենն» արդեն հայտարարել է արտադրությունն ԱՄՆ տեղափոխելու մտադրության մասին։ Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում գերմանական, նիդերլանդական, բելգիական քիմիական արդյունաբերության հսկաները: Գերմանիայում մտավախություն ունեն, որ ձմեռը կարող է բերել ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական ճգնաժամի, նույնիսկ` քաղաքացիական բունտի: 

Եվրոպական միասնական արժույթը, նաեւ բրիտանական ֆունտն ամեն օր արժեզրկման նոր ռեկորդներ են սահմանում: Սա կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրոպական արդյունաբերության համար: Բայց մյուս կողմից եվրոպական արժույթի արժեզրկումը թանկացնում է ներմուծումը․ հիմնականում՝ էներգակիրների: Ներկայում ամերիկյան ռազմավարական պահեստներից միջազգային շուկա նավթի լրացուցիչ քանակների բացթողնման հաշվին նավթի համաշխարհային գներն ընկել են, եւ եվրոպական սպառողներն այդքան շատ չեն զգում էժանացող եվրոյի ազդեցությունն իրենց վրա: Բայց ռազմավարական պաշարի օգտագործումը չի կարող անվերջ լինել. ըստ ամերիկյան փորձագետների, դա արվում է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակն ապահովելու համար, ինչից հետո այդ պաշարը պետք է լրացվի՝ ձմռան շեմին առաջացնելով նավթի գների թռիչքաձեւ աճ: 

Եվրամիությունը կառուցվել եւ գործում էր համընդհանուր բարեկեցության եւ փոխօգնության սկզբունքի վրա: Այդ բարեկեցությունը հետեւողականորեն ոչնչանում է, եւ արդեն եվրոպական առաջնորդներն են ընդունում, որ «առատության ժամանակաշրջանը» ԵՄ քաղաքացիների համար ավարտվում է: Իսկ էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամը ԵՄ երկրներից յուրաքանչյուրին ստիպելու է մոռանալ փոխօգնության մասին եւ մտածել սեփական երկրի ու տնտեսության փրկության առաջնահերթության շուրջ: 

Գերմանիայի եւ ԵՄ առաջնորդներից շատերը տեսնում եւ հասկանում են, որ պատերազմի ու պատժամիջոցների, Ուկրաինային՝ ի հաշիվ սեփական երկրների անվտանգության եւ տնտեսության, օգնելու պատմությունն ի վերջո շրջվել է իրենց դեմ, ու դրանից ավելի շատ տուժում են իրենք: Բայց Ուկրաինայի բարոյական եւ ԱՄՆ-ի քաղաքական ճնշումը նրանց հնարավորություն չի տալու դուրս գալ այս պատմությունից, եւ նրանք պետք է գնան մինչեւ վերջ: Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը դա շատ լավ է ձեւակերպել՝ ասելով, որ իրեն չի հետաքրքրում իր ընտրողների կարծիքը, իր համար առաջնայինն Ուկրաինային տված խոստումն է, որը կպահեն այնքան, որքան որ դրա կարիքը կլինի: Ինչը նշանակում է, որ Գերմանիան եւ ԵՄ-ն գնալու են մինչեւ վերջ, մինչեւ սեփական տնտեսությունների ոչնչացում եւ սոցիալական ցնցումներ:

Գերմանիան հարուստ պետություն է ու դեռ երկար ժամանակ կարող է դիմանալ արտաքին ճնշումներին, այդ պատճառով պատերազմի մոտալուտ ավարտ պետք չէ սպասել: Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Եվրոպայում գերմանական հեգեմոնիան հերթական անգամ ոչնչացվի, եւ գուցե հերթական անգամ ամերիկացիները մտածեն ու գործի դնեն մի Մարշալի պլան՝ Գերմանիայի եւ եվրոպական երկրների տնտեսությունները քաոսից ու պատերազմի պատճառած ավերածություններից ոտքի կանգնեցնելու համար: Նախորդ երկու համաշխարհային պատերազմներն ավարտվել են, մի կողմից, եվրոպական երկրների ավերմամբ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի տնտեսական եւ քաղաքական կշռի էական մեծացմամբ: Ամերիկացիներն ամեն ինչ անում են, որ այս մեկն էլ նույն ավարտն ունենա:

Հիմա՝ Հայաստանի մասին. «աշխարհը փլուզվում է»․ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը` նկատի ունենալով գոյություն ունեցող աշխարհակարգի վերափոխումները, որոնք ուղեկցվում են պատերազմներով եւ սպասվող տնտեսական ու քաղաքական ճգնաժամերով: Փլուզվող եւ վերափոխվող աշխարհում Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը պետք է որոշում կայացնեն, թե պատերազմող կողմերից որ մեկի հետ են: Նիկոլ Փաշինյանն այդ որոշումն արդեն կայացրել է, բայց խնդիրն այն է, որ չի կարողանում այն ի կատար ածել: Հայաստանը պաշտոնապես ՀԱՊԿ անդամ է եւ Ռուսաստանի դաշնակիցը, իրականում՝ Հայաստանում իշխանությունը գտնվում է հակառուսական, արեւմտյան դիրքորոշում ունեցող ուժերի ձեռքին: Նիկոլը կուզեր խզել ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները, բայց հասկանում է, որ դա իր համար կարող է ճակատագրական լինել: Իսկ նա ամեն ինչից ավելի սիրում է իշխանություն, դրա համար էլ որոշում չի կայացնի՝ մտածելով, որ դա իր փոխարեն կանեն ուրիշները. թող Արեւմուտքն ու Ռուսաստանն իրենք որոշեն, թե ումն է Հայաստանը, կարեւորը՝ իրեն թողնեն նստել վարչապետի աշխատասենյակում:

Ավետիս Բաբաջանյան