Հետաքրքիր քաղաքական աշուն է սպասվում

Հետաքրքիր քաղաքական աշուն է սպասվում

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն…
Վահան Տերյան

 

Ինձ թվում է՝ բավականին հետաքրքիր քաղաքական աշուն է սպասվում: Չէի ասի, թե այն թեժ է լինելու, գզելու են իրար, բայց քաղաքական դաշտում սեփական դիրքերը բարելավելու պայքար մենք հաստատ կտեսնենք: Սա կլինի որակապես նոր աշուն՝ քաղաքական ուժերի և հանրության լայն խավերի ընդգրկմամբ, ինչպես նաև փողոցային պայքարի դրվագներով առլեցուն: Կարևոր դերակատարություն կստանձնի նաև մտավորականությունը՝ կրթության, գիտության, արվեստի գործիչները: Չեմ խոսում արդեն իրենց ապագայով մտահոգված երիտասարդների և ուսանողների մասին, որոնք, եթե նախկինում բացարձակ մեծամասնությամբ հանդես էին գալիս որպես իշխող ուժի կցորդ ու սպասարկու, ապա այսօր լրջագույն դժգոհություններ ունեն, շատ ներողություն, հենց իշխանությունից:

Պատրա՞ստ են արդյոք պայքարի մեջ մտնելու քաղաքական ուժերը՝ ներառյալ «Իմ քայլը», որ հայտնվելու է քննադատությունների տարափի տակ: Տապալված արտաքին քաղաքականություն, տնտեսական անկում, սահմանադրության ոտնահարումներ, սոցիալական ծանր դրություն, անարդար կադրային քաղաքականություն, ներդրումների բացակայություն, դեմագոգիկ պոպուլիզմ, կորոնավիրուս, հակահայ կոնվենցիաներ, խայտառակ տապալումներ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, սոցիալական ծանր խնդիրներ՝ ինքնապարգևատրումների հորձանուտում… Այսպիսի բեռով ես կամաչեի ցերեկը դուրս գալ փողոց, բայց հայրենի իշխանությունը թաքնվելու հնարավորություն չունի և ստիպված է լինելու պատասխանել բոլոր հարցերին, որ կառաջադրի աշնանային փողոցը: Ինչո՞ւ եմ շեշտում փողոցը, որովհետև ԱԺ արտահերթ ընտրություններից հետո քաղաքականությունը մնացել է փողոցում և արդեն երկու տարի է, որ ապրում է իր ուրույն կյանքով՝ չխառնվելով իշխանությունների քաղաքական ձեռնածություններին: Իսկ հիմա պատկերացրեք, թե այդ ընթացքում որքան ասելիք է կուտակվել, քննադատության որքան նյութ: Այդ ամենը կբավարարի մի քանի կառավարության թոշակի ուղարկելու համար, մինչդեռ մեր դեպքում խնդիր է դրված ազատվել քաղաքական պայքարի փորձ ու հմտություն չունեցող պոպուլիստների խմբակից, որն, ի դժբախտություն իրեն, երկու տարում կորցրել ու մսխել է այն ամենը, ինչի օգնությամբ եկել է իշխանության՝ սոցիալական ցանցեր, հանրային վստահություն, ստերի պաշար և այլն:

Այս ամենն, անշուշտ կանխազգում ու հասկանում է իշխանությունը: Ասես մսից պոկելով՝ պարետը հայտարարեց, որ արտակարգ իրավիճակի այս երկարաձգումը լինելու է վերջինը, իսկ այդ ընթացքում, կախված կորոնավիրուսի հաղթահարման դրական դինամիկայից, կլինեն նաև մեղմացումներ: Կհասնե՞ն, արդյոք, այդ մեղմացումները ժողովրդական ազատություններին ու բազմամարդ հավաքների թույլատրելիությանը, չենք կարող ասել, բայց մտածում եմ, որ իշխանությունն էլ պետք է շահագրգռված լինի ժողովրդական տարերային ելույթների քաղաքական հունավորման հարցում: Հայաստանում արդեն ամենօրյա ռեժիմներով փողոցներ են փակվում, ամենուր բողոքի ակցիաներ են, ընդհարումներ ոստիկանության հետ, մարդիկ աստիճանաբար մոռանում են պետության գոյության մասին:

Մի գեղեցիկ օր այս ամենը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել կատարյալ «ռազբոյի», ընդհուպ՝ արյունահեղության, որովհետև հնարավոր չէ ոստիկանական գավազանով լուծել անգամ ամենատարրական սոցիալական խնդիրը: Այս տարերային պայքարը կազմակերպված հունի մեջ պահել կարող են միայն քաղաքական ուժերը, և Փաշինյանը, ուզած-չուզած, պետք է հաշվի նստեի այդ ճշմարտության հետ: Արտակարգ իրավիճակի ռեժիմի դադարեցումից հետո, քաղաքական աշնանն ընդառաջ, իշխանությունները ստիպված կլինեն նաև որոշակի հետքայլեր կատարել և քնեցնենել գոնե այն ծրագրերը, որոնք կարող են յուղ լցնել համընդհանուր դժգոհության կրակի վրա: Որպես այդպիսի քայլ կարող են լինել, օրինակ, կրթության և գիտության ոլորտի մեռելածին բարեփոխումներից միառժամանակ ձեռնպահ մնալը, որևէ պատրվակով Ամուլսարի հանքավայրի շահագործումը հետաձգելը, սոցապնախարարության ակտիվացումը, հարկային բեռի թեթևացման իմիտացիան և այլն: Դա մի կողմից կարող է մեղմել քննադատության ալիքը, իսկ մյուս կողմից էլ նպաստել, որ վերլուծելու ոչ բավարար գիտակցությամբ օժտված հանրույթը կմնա իշխանության կողքին:

Իշխանական լրատվամիջոցներն արդեն այսօր գրում են քաղաքական դաշտում նկատվող ակտիվության մասին: Այդ լրատվամիջոցների, ենթադրաբար նաև իշխանությունների, ուշադրության կենտրոնում են հիմնականում ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների համատեղ հայտարարություններն ու գործողությունները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, մարզային կառույցներում ՀՀԿ-ի սկսած «ինվենտարիզացիան», ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ապագա տեսա-ասուլիսները, որոշ հասարակական շարժումներ և այլն: Կարելի է սրանից եզրակացնել, որ հենց նշվածներն են տոն հաղորդելու առաջիկա քաղաքական աշնանը, իսկ դա նշանակում է, որ իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կշարունակի «նախկինների» վերադարձի և ռևանշի մասին իր հայտնի մուղամերգությունը: Բայց դա հազիվ թե առաջվա էֆեկտն ունենա, որովհետև Փաշինյանն ու իր կառավարությունն այնքան խոցելի են այլևս, որ նույնիսկ ամենանախկինները կարիք չունեն հիշելու «իրենց վախտ» արված լավ գործերը:

Քաղաքական աշնանն ընդառաջ՝ առայժմ ոչ մի կերպ ակտիվանալ չի հաջողվում Լևոն Տեր-Պետրոսյանին: Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ծանրաձողը գցել է հենց նրա ոտքին: Ի վերջո պատահական չէ, որ Փաշինյանին ուղղված շատ մեղադրանքներ, մանավանդ դրսի ուժերի ձեռքին խաղալիք լինելու թեմայով, զուգահեռաբար ուղղվում են նաև նրա մեծ ռահվիրային: Ճար չունի Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվանալու: Նա ուղղակի մաս է կազմում այս իշխանությանն ու ստիպված է լռելյայն տանել իր պարագայում արդեն օրինաչափություն համարվող հերթական ձախորդությունը: Տառացիորեն մի քանի օր առաջ մենք ականատես եղանք պապիի ակտիվացման հուսահատ քայլին, որով նա փորձեց հերքել ԿԳՄՍ նախարարության կրթամակարդակի ակնհայտ ծանր վիճակի մասին գիտական «խոսակցությունները»: Փորձեց ու ընկավ փորձանքի մեջ: Արդյունքում՝ եթե մինչ այդ պահը հանրությունը մտածում էր, որ Նիկոլն ու իր սորոսական թիմն են աղավաղում Հայոց պատմությունը, ապա դրանից հետո համոզվեց, որ այդ ամենի գլխին կանգնած է ազգային ամեն ինչ մերժող, ազգայնականությունը կեղծ կատեգորիա համարող Տեր-Պետրոսյանը: Սա, վստահաբար, անպատեհ ակտիվացում էր, որ «մի այլ կարգի» թիրախ դարձավ ընդդիմության համար: