Արմեն Սարգսյանն իր անկախությունն ապացուցելու լավ շանս ունի

Արմեն Սարգսյանն իր անկախությունն ապացուցելու լավ շանս ունի

Հանրապետության նախագահ, նոր Հայաստանի ամենահաճելի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն այսօր հիանալի հնարավորություն ունի՝ ապացուցելու, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ցանկությունների կամակատարը չէ։ Խոսքը վերջերս խորհրդարանի ընդունած ու բազմաթիվ իրավաբանների կողմից քննադատված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի ճակատագիրը որոշելու մասին է։ Արմեն Սարգսյանը կարող է այդ օրենքը ստորագրել՝ նրան կյանք տալով, կամ ուղարկել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այդ օրենքի սահմանադրականությունը։ Սա, ասենք, բացառիկ, բայց կարեւոր շանս է հանրապետության նախագահի համար՝ ցույց տալու իր ուժը, սուվերենությունն ու անկախությունը գործադիր իշխանությունից, ի մասնավորի՝ Նիկոլ Փաշինյանից։ Արմեն Սարգսյանը սրանով կարող է հասկացնել, որ իր համար գերակա են քաղաքական դաշտի եւ հասարակության մյուս՝ ընդդիմադիր հատվածի պահանջներն ու ցանկությունները եւս։

Այս լուծման մասին նրան արդեն սկսել են հուշել նախորդ իշխանության ներկայացուցիչները, որոնք թերեւս ամենաակտիվ քննադատողն են Արմեն Սարգսյանի, ում կարծես փոշմանել են, որ բերել են այս աթոռին։ Ահավասիկ, Արփինե Հովհաննիսյանը երեկ գրառում էր կատարել՝ հիշեցնելով, որ երբ պետք է, Արմեն Սարգսյանը կարող է խնդրահարույց օրենքները չստորագրել եւ ուղարկել ՍԴ՝ ստուգելու դրանց սահմանադրականության հարցը, օրինակ, ինչպես արեց անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքը պաշարելու առիթ դարձած հայտնի օրենքի հետ կապված։

Ի դեպ, հետո պարզվեց, որ այն լավ էլ սահմանադրական էր եւ կարիք չկար ուղարկելու ՍԴ, բայց Արմեն Սարգսյանն այդպես վարվեց, որ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ քյաբաբը»։ Մինչդեռ, կարող էր միանգամից ստորագրել օրենքը, որը, սակայն, խիստ կզայրացներ առանց այդ էլ զայրացած ամբոխին։ Հիմա հակառակ իրավիճակն է՝ ՍԴ դատավորներին մեծ գումարով վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու, այլ կերպ ասած՝ ՍԴ անդամներին «կաշառելու» օրենքը բազմաթիվ քննադատությունների է արժանացել ընդդիմադիրների, տարբեր իրավաբանների կողմից, եւ հիանալի առիթ է՝ այն հենց ՍԴ-ում էլ քննարկելու, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը։ Եվ դա կարող է անել միայն Արմեն Սարգսյանը։

Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, նկատել է․ «Կարծում եմ` նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը` ցույց տալու, որ իր անկախությունը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հետ որպես հավասարը հավասարի հետ կատարված լուսանկարներով եւ հայտարարություններով։ Ու դրա համար կա պարզ բանաձեւ` ինչ արագությամբ նախագահը որոշում կկայացնի ստորագրել օրենքը, կամ արդյոք անսալով բազմաթիվ իրավաբանների մտահոգություններին՝ կդիմի՞ Սահմանադրական դատարան օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը քննարկելու համար, թե՞ ոչ։ Ընդ որում, հասկանալով, որ շահերի բախման խնդիր կարող է լինել ՍԴ անդամների կողմից այս օրենքին անդրադարձ կատարելիս, ՍԴ ուղարկելիս պետք է հատուկ շեշտադրել ՍԴ կողմից Վենետիկի հանձնաժողով կրկին դիմելու սուր անհրաժեշտությունը: Ինչո՞ւ, քանզի հաղթահարված չեն այս հարցի մասով հանձնաժողովի մտահոգությունները, եւ դրանք էլ եւս նախագիծը սահմանադրականության տեսանկյունից դարձնում են խոցելի»։

Փորձեցինք հասկանալ՝ ինչ ճակատագիր է սպասվում այս օրենքին։ Նախագահականից նախ տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանը երկրում չէ, գործուղման մեջ է՝ դարձյալ Քաթար է մեկնել, եւ Հայաստան պետք է վերադառնար երեկ երեկոյան։ Ապա տվեցին հետեւյալ պատասխանը, որը կարելի էր ի սկզբանե կռահել՝ բացելով Սահմանադրությունը․ «2019 թվականի դեկտեմբերի 12-ին հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը: Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում կայացրած համապատասխան որոշման մասին սահմանված կարգով կտեղեկացվի»: