18 տարեկան զինվորներին չի կարելի մենակ թողնել

18 տարեկան զինվորներին չի կարելի մենակ թողնել

Ադրբեջանցիներն իրենց երեխաներին դեռ օրորոցից ենիչերիներ են պատրաստում՝ ասում է գնդապետ, բուժքույր, «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» հասարակական կազմակերպության հիմնադիր Աիդա Սերոբյանը։ Նրանք ոչ միայն տանջամահ են անում գերիներին, այլեւ խոշտանգում են դիակները․ «Իրենք դիակներից էլ են վրեժ լուծում»։
Սերոբյանը հիշեցնում է Սաֆարովի՝ Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարելու դեպքը եւ պնդում, որ կասկածում է, թե ադրբեջանցին կացնով կհարձակվեր հայ սպայի վրա, եթե նա արթուն լիներ։

Կին ազատամարտիկը միջազգային հանրությունից արդարություն չի ակնկալում՝ հաշվի առնելով պատերազմների ժամանակ այդ հանրության դրսեւորած կրավորական դիրքորոշումը։ «Միջազգային հանրությունը, գերտերությունները կա՛մ լռում են, կա՛մ երկու կողմին էլ խորհուրդ են տալիս խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը»,- ասում է Սերոբյանը։

Ինչ վերաբերում է երեկ համացանցում տարածված՝ հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութին, ասում է, որ դա նորություն չէ` ադրբեջանցիներն առանձնահատուկ դաժանություն են դրսեւորում գերի ընկած հայ կանանց նկատմամբ, եւ հիշում է իր մարտական ընկերուհիներից մեկին մասնատելու դեպքը՝ դեռեւս առաջին պատերազմի ժամանակ։ Նա պատմում է, որ ադրբեջանցիները ռադիոկապը միացրել էին ու մոտեցրել վիրավոր հայուհու բերանին, որպեսզի հայ մարտիկները լսեին, թե ինչպես են նրանք մասնատում դեռեւս ողջ հայ կնոջը։ Պատկերը չի փոխվել նաեւ հիմա, քանի որ դա խրախուսվում է Ադրբեջան պետության ու ադրբեջանական հասարակության կողմից։

Չնայած այս վայրագություններին, մեր բանակում զինվորները կոտրված չեն՝ պնդում է կին գնդապետը, եւ այդ տեսանյութերն ընկճող ազդեցություն չեն կարող ունենալ պատերազմական գործողություններին մասնակցած գեթ մեկ անձի վրա։ Հայ զինծառայողների գերեվարման դեպքերի մասին խոսելիս կին ազատամարտիկն ասում է, որ 18-19 տարեկան երիտասարդները, այնուամենայնիվ, դեռեւս չձեւավորված երեխաներ են, ու նրանց պարագայում միշտ հրամանատարը պետք է նրանց կողքին լինի, իսկ եթե հրամանատարը նրանց կողքին լինի, գերեվարման դեպքերն էլ հնարավորինս քիչ կլինեն կամ առհասարակ չեն լինի։ Անփորձ զինվորները, մենմենակ մնալով իրենց մի քանի անգամ գերազանցող քանակով թշնամիների դեմ, որոնք զինված են մինչեւ ատամները, կարող են անձնուրացաբար մարտնչել, սակայն, ի վերջո, գերի ընկնել։

Սերոբյանը նշում է, որ իրենք միշտ մի վերջին նռնակ իրենց մոտ էին պահում, քանի որ գիտեին՝ ադրբեջանցիները չեն խնայի նույնիսկ իրենց մարմինները, եւ հավելում, որ, ցավոք, պատերազմ է, ու պատերազմում միշտ զոհեր են լինում։ Աիդա Սերոբյանը կարծում է, որ պետք է պատրաստ լինել հերթական պատերազմին, որովհետեւ ադրբեջանցիները կարող են հարձակվել ցանկացած պահի։ Դրա համար անհրաժեշտ է միավորվել ու հասկանալ, որ այս պահին որոշվում է Հայաստանի, հայ ազգի՝ լինել-չլինելու հարցը։ Նա անընդունելի է համարում փոքրաթիվ հայության մեջ այսքան շատ կուսակցությունների գոյությունը եւ կոչ է անում համախմբվել ու պատրաստվել հնարավոր արհավիրքներին։