ՔՊ-ն թաքցնո՞ւմ է դրամահավաքին ստացած գումարի չափը

ՔՊ-ն թաքցնո՞ւմ է դրամահավաքին ստացած գումարի չափը

Հունիսի 5-ին իշխող Քաղպայմանագիր կուսակցությունը հերթական դրամահավաքը անցկացրեց՝ նախընտրական քարոզարշավի համար գումար հայթայթելու համար։ Նման միջոցառում ՔՊ-ն կազմակերպել էր չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, որի ընթացքում հավաքվել էր մոտ 200 մլն դրամ։ Նման դրամահավաք արել էին նաեւ 2017թ՝ «Ելք» դաշինքի կազմում եւ 2018 թվականին՝ դեկտեմբերյան ընտրություններից առաջ։ Բայց եթե նախորդ անգամները դրամահավաքից անմիջապես հետո հրապարակում էին, թե ինչքան գումար է հավաքվել, այս անգամ ձայն-ծպտուն չկա՝ հանագանակված գումարի չափը չեն հրապարակում։ Ավելին՝ ՔՊ-ից չեն պատասխանում սրա վերաբերյալ հարցումներին։

ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը չորս-հինգ օր շարունակ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը, որը նախկինում ՔՊ խոսնակի պարտավորություններն էր կատարում, պատասխանեց, բայց չասաց, թե որքան գումար է հավաքվել, ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե որքան գումար է հավաքվել, միայն գիտի, որ մի մասը կանխիկ են տվել, մյուս մասը՝ փոխանցումով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին անգամ դրամահավաք է անցկացրել 2016թ. փետրվարի 18-ին, որի ընթացքում հավաքել է 4 մլն 850 հազար դրամ: Երկրորդ դրամահավաքն արվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերվել է շուրջ 4,6 մլն դրամ եւ կատարվել է 1,8 մլն դրամի խոստում: Հաջորդ դրամահավաքն արդեն «Ելք» դաշինքով էր՝ 2017թ. մարտին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, եւ դրամահավաքին նվիրաբերվել էր 15 մլն դրամ։ «Ելք»-ի մյուս՝ կրկին 2017թ. ապրիլին կատարված դրամահավաքին հավաքվել էր 5 մլն 127 հազար դրամ։ Վերջին՝ 2019թ. նոյեմբերի 25-ին, երբ ՔՊ-ն արդեն հրաժեշտ էր տվել ընդդիմադիրի կարգավիճակին եւ դարձել էր իշխանություն՝ հավաքել էր 236 մլն դրամ:

Ի դեպ, եթե ընդդիմադիր կուսակցությունների համար նորմալ է նման դրահավաքներ կազմակերպելը եւ դա աշխարհում ընդունված պրակտիկա է, ապա իշխանություն դարձած կուսակցության կողմից նման դրամահավաքը կոռուպցիայի քողարկված պրոցես է, քանի որ դրան մասնակցող օլիգարխները, գործարարները որոշակի ակնկալիքների դիմաց եւ երբեմն նաեւ ստիպված են գումար հատկացնում։

Այս դրամահավաքից առաջ, մեր տեղեկություններով, իշխանական տարբեր անձինք, պաշտոնյաներ այցելել են, կապվել են փողատերերի հետ եւ առաջարկել են՝ գումար հատկացնել ՔՊ-ին։ Ոմանք խորհուրդ են տվել, մյուսները՝ հուշել են, երրորդները՝ պահանջել են։ Ոչ բոլորն են ենթարկվել, բայց եղել են մարդիկ, որոնք նախընտրել են շառից-փորձանքից հեռու մնալ եւ տրամադրել պահանջվող գումարը։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ական պատգամավորներից մեկն այցելել է մի սփյուռքահայ գործարարի եւ ասել է, որ իր հետ կապված ԱԱԾ-ն տեսագրություններ ունի՝ անձնական բնույթի, երբ տեսել է, որ ասածը սփյուռքահայի վրա ազդեցություն չի գործում, խոսքի մեջ ակնարկել է, որ շուտով իրենց դրամահավաքն է լինելու՝ ինչքան գումար եք պատրաստվում ներդնել։ Սփյուռքահայն ասել է, որ այս խառնակ օրերին չի պատրաստվում ներդրում անել իշխանական կուսակցության քարոզարշավի մեջ, այ եթե զինվորներին, վիրավորներին ուղղված որեւէ ծրագիր ներկայացնեն՝ կֆինանսավորի։ Հաջորդ օրը սփյուռքահայ գործարարի դեմ իշխանական լրատվամիջոցներից մեկում պախարակող հրապարակում է տպագրվում։