Լավագույն տղերքը․․․

Լավագույն տղերքը․․․

Նորից զոհվում են լավագույնները։ Ինչպես 1992-94 թվականների պատերազմում, երբ կռիվ գնացին ամենալավերն ու ամենաքաջերը եւ իրենց մահկանացուն կնքեցին հանուն հայրենիքի, հանուն Արցախի, այնպես էլ այսօր մարտի են մեկնում ամենախիզախներն ու ամենալուսավորները։ Տասնամյակներ շարունակ մենք սգում էինք Մոնթեի, Մովսես Գորգիսյանի, Թաթուլ Կրպեյանի, Լեոնիդ Ազգալդյանի, մեր մյուս հերոսների մահը։ Նրանք լավագույնն էին, ինչ ծնել էր մեր ազգն իր հազարամյակների պատմության ընթացքում։ Նրանց կորստի ցավը հատկապես ծանր էր, քանզի նրանց ճանաչողները եւ անգամ չճանաչողները գիտակցում էին, որ մեր հերոսները կարող էին նոր որակի հասարակության հիմքը դնել, նոր իրականություն կերտել, պետության ու պետականության կայացման գործում կարեւորագույն դեր խաղալ, սակայն, ավաղ, ժամանակից շուտ կնքեցին իրենց մահկանացուն՝ ընդամենը օրինակ ու հերոսի կերպար դառնալով սերունդների համար։

Նրանց ժամանակակիցները հասկանում էին, որ այս տեսակը պետք է շարունակվի, պետք է շիվեր տա ու երկրում եղանակ ստեղծի՝ ի բարօրություն հասարակության։ Եվ նրանց բացակայությունը մեզանից սոսկ մարդու բացակայություն չէ, այլ նաեւ ազնվության, բարոյականության, հերոսության, հայրենիքի հանդեպ նվիրումի «բացակայություն» է նշանակում, որն ամեն Աստծո օր զգալու ենք ու շոշափելու ենք։ Պարզ էր, որ նրանք գնացին՝ իրենց հետ տանելով այն լավագույն գենը, այն ազնիվ տեսակը, այն սաղմը, որն ապագայի Հայաստանի հիմնաքարն էր լինելու եւ մեզ տանելու էր դեպի լուսավոր ապագա։ Ցավոք, չպահպանեցինք, կորցրինք։ Հիմա կորստի երկրորդ շրջանն է՝ էլի գնում են լավագույնները, ու մենք անզոր ենք նրանց պաշտպանել ու պահպանել։ Պահպանել՝ հանուն մեր երկրի լավ ապագայի, հանուն ծաղկուն ու բարեկեցիկ Հայաստանի։