«Վեցնյակի հարթակ». Ուտոպիա եւ իրականություն

«Վեցնյակի հարթակ». Ուտոպիա եւ իրականություն

Թուրքիայի նախագահը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում համագործակցության զարգաց­ման համար «վեցի հար­թակ» (Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ, ցան­կության դեպքում, նաեւ Հայաստանի մասնակցությամբ) ստեղծելու հնարավորության մասին: 

Համենայնդեպս, Էրդողանը ներքուստ բարոյական անձնավորություն է, իս­կական տղամարդ (ի տարբերություն Արեւմուտքի փափկա­սուն… տղամարդկանց), լավ էլ հասկանում է, թե 100 տարի առաջ եւ այժմ համաշխարհային հանրության, թե միջազգային հանրության աջակցությամբ (որոնց, ըստ Քիսինջերի, զանգահարել հնարավոր չէ, որովհետեւ հեռախոսահամարներ չունեն) ինչպես եւ քանի անգամ է Թուրքիան «բռնաբարել» Հայաստանին, այդ պատճառով էլ այդպես «էլեգանտ» է շոշափում Հայաստանի մասնակցության հարցը: 

Գուցե առաջավոր կամ զարգացած երկրների համար բռնա­բար­ված լինելը հաճույք է, բայց ոչ Հայաստանի համար, սակայն համաշխարհային ան­բա­րոյականության նկատմամբ անզոր լինելը հանգեցնում է այդպիսի ողբալի վի­ճակի: Երբ այդ նույն հանրությունը «կապկպում» է որեւէ երկրի «ձեռ­քերը»՝ իր մտա­ցածին միջազգային իրավունքի նորմերով (ի դեպ, այս կամ այն երկրի անկա­խութ­յան միջազգայնորեն ճանաչումն արհեստածին է, խոշոր երկրների մոգոնածը, եթե չասենք՝ զավեշտական. հապա ինչպես հասկանալ, որ երբ անկախության ձգտող մարդկանց հանրությունը պար­տավոր է հայցել իրեն ստրկաց­նողի ու կեղեքողի, ֆիզիկական ու մշակութային գոյությանը սպառնացողի համա­ձայ­­նութ­յունը, ինչպես եղավ Արցախի դեպքում), մնացածը տեխ­նի­կայի հարց է: 
Էրդողանն ինչո՞ւ է ասում՝ «ցան­կութ­յան դեպքում՝ նաեւ Հայաստանի մասնա­կ­ցությամբ»: Առաջին հայացքից, դիվանա­գիտական, «բարի կամքի» արտահայ­տութ­յան այս դարձվածքը մթագնվում է հե­տեւյալով․ «Տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանում մարդիկ դասեր քաղեն տեղի ունեցածից»։ Ավելին, նա չի խորշել հիշատակելու Նուրի եւ Էնվեր փաշաներին՝ մաղթելով, որ «նրանց հոգիներին հանգստություն իջնի»։ Այսինքն, հայերը դասեր չեն քաղել 1915 թվա­կա­նի ցեղասպանությունից, դրա համար էլ Թուրքիան երկրորդ դասը տվեց Հայաստանին, թեպետ վստահ չէ՝ հայերը վերջապես դաս քաղե՞լ են, թե՞ ոչ: Հայերը մինչեւ օրս գլխի չեն ընկել, որ տարածաշրջանում «դասատուն» Թուրքիան է: 

Կարելի է շարունակել հետագա քննարկումը՝ տարբեր կերպ բացատրելով, թե ինչ պայծառ հեռանկարներ են սպասվում «վեցի հարթակի»՝ իրականություն դառ­նալու շնորհիվ: Բայց բավ է սին երազներով ոգեւորվել: «Վեցի հարթակի» ազնիվ սկզբունքները կարող են լինել.
1. Հարավային Կովկասի տարածքի վերաբաժանումը՝ հաշվի առնելով ոչ թե այն, թե որտեղ ենք գտնվում այժմ, այլ այն, թե ինչու ենք հայտնվել այս հանգրվանին:
2. Թուրքիայի եւ Ադրբեջանի հրաժարումը Հարավային Կովկասի հետագա էքսպանսիայից եւ մեծ Թուրանի գաղափարից:
3. Ադրբեջանի սանձահարումը՝ նրան զրկելով Վրաստանի հետ սահմանակից լինելուց, եւ Թուրքիայի հետ անմիջական սահման ունենալը բացառելը. էներ­գակիրների տարանցման համար վճարներ պետք է ստանա եւ խողո­վակա­շարերի որոշ հատված վերահսկի նաեւ Հայաստանը. վերջին պա­տե­րազմի ժամանակ բոլորը համոզվեցին, որ թեպետ Հայաստանը կարող էր խոցել նավաթա-գազամուղները, բայց դա չարեց:
4. Հրաժարում Վրաստանի թուրքացումից (եթե Վրաստանը դա դիտում է որպես իր ազգային անվտանգության սպառնալիք). օրինակ, 1-ին կետով նախա­տեսված վերաբաժանումից հետո յուրաքանչյուր ազգ տեղափոխվում է իրեն բաժին հասած տարածք:
5. Հարավային Կովկասում օտարերկրյա ռազմակայանների ներկայության բա­ցառում. անակնկալ պատերազմի վտանգի դեպքում յուրաքանչյուր երկիր ազատ է՝ աջակցության համար դիմելու այս կամ այն երկրին, համաձայ­նութ­յան դեպքում տարածաշրջանի անվտանգության երաշխավորներ կարող են լինել Չինաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Ընդ որում՝ այս երկրներից մեկի կողմնակալության բացահայտման դեպքում տվյալ երկիրը զրկվում է այդ կարգավիճակից: 
6. Հարավային Կովկասում սպառազինությունների սահմանափակում եւ հավա­սարակշռում:
Նշվածի այլընտրանքը «ծխացող» Հարավային Կովկասն է, հայերի վերքերի անվերջ արյունահոսումը, Վրաստանի թուրքական էքսպանսիան, Ադրբեջանի վերածվելը Թուրքիայի վիլայեթի: Ակնհայտորեն, հայերը վաղ թե ուշ ստիպված կլինեն լքել տարածաշրջանը, իսկ Վրաստանը…: Այդ դեպքում «վեցի հարթակ» չի կարող լինել, գուցե «եռյակի՞», ավելի հավանական է՝ «երկյակի»՝ Թուրքիա եւ Իրան: Դե, իսկ Իրանին չեզոքացնելը Թուրքիայի եւ ԱՄՆ (Իսրայելի ակտիվ ներգրավմամբ) տանդեմի համար Միջերկրականի ափին թեյ խմելու նման մի բան կլինի: Չեմ ասում՝ կներեք, հարգելի իրանցի եղբայրներ եւ քույրեր: Դա է դառն իրականությունը, եթե…

Գագիկ Վարդանյան