Տեսնելով ընդդիմադիր դաշտի ու ժողովրդի հյուծված, բարոյալքված վիճակը՝ հասկացավ, որ արդեն հայտարարելու ժամանակն է

Տեսնելով ընդդիմադիր դաշտի ու ժողովրդի հյուծված, բարոյալքված վիճակը՝ հասկացավ, որ արդեն հայտարարելու ժամանակն է

Հարցազրույց ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանի հետ

- Պարոն Թադեւոսյան, Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, մարդկանց տրամադրություննե՞րն են ստուգում Արցախում եւ Հայաստանում, թե՞ նախապատրաստում են ստորագրվելիք փաստաթղթին, ըստ որի՝ Արցախը կներառվի Ադրբեջանի կազմում:

- Օրեր առաջ, երբ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ լուրը, որպեսզի պայթյունով չընդունի հայ ժողովուրդը, փոքր չափաբաժիններով տվեց մեզ, որպեսզի այդ ընթացքում նաեւ մեր զգոնությունը մարի, որովհետեւ այս ընթացքում մեկ հայտարարեց, որ ստորագրել է, հետո հայտարարեց, որ նման բան չկա, բայց արդյունքում շրջանառության մեջ դրեց այն գաղափարը, որ ապագան դա է: Եվ տեսնելով ընդդիմադիր դաշտի ու նաեւ ժողովրդի այս հյուծված, բարոյալքված վիճակը, հասկացավ, որ արդեն հայտարարելու ժամանակն է՝ իհարկե, այդ ամենը համաձայնեցնելով իր տերերի հետ, որոնց առաջ իր պարտավորությունը պետք է կատարեր ու կատարեց: Այսինքն, իմ խորին համոզմամբ, դա վաղուց փոխհամաձայնեցված դավադրություն էր, որի հանգրվանային պատկերը ստացանք, երբ նա հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ի լուր 10 մլն հայ ժողովրդի, ըստ էության, հասկացնելով, որ Արցախն այլեւս չկա մեզ համար: Ի դեպ, վաղուց շրջանառվում է այն միտքը, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, եւ ինքն այդ իրավունքը չուներ՝ լինելով այս երկրի վարչապետը, որովհետեւ մենք ունենք Սահմանադրական դատարան, պարտավորություններ ու փաստաթղթեր։ Բացի այդ, 2 լուրջ փաստաթուղթ կա Արցախի` մայր Հայաստանին վերամիավորման մասին, որն օրենքի ուժ ունի: Հետո՝ բացի նրանից, որ Արցախը հռչակված է անկախ պետություն, մենք ունենք նաեւ հրապարակված օրենք Հայաստանի կառավարության կողմից, որ բոլոր այն քայլերը, փաստաթղթերը, որ դեմ են լինելու Արցախի անկախությանը, վերամիավորմանը մայր հայրենիքին, չեն ճանաչվում Հայաստանի կողմից: Այսինքն՝ երկրիս վարչապետը միանձնյա վճիռ է կայացրել: Ես դեռ չեմ խոսում նրա թիմակիցների մասին, որոնք ո՛չ կամք ունեն եւ ո՛չ էլ այլ կարծիք հայտնելու իրավունք. օրինակ, երբ ընդդիմադիրներից մեկն Ալեն Սիմոնյանին հարցրեց, թե ինչ կարծիք ունի կատարվածի մասին, նա հանգիստ ասաց, որ բառ առ բառ համաձայն է Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, այսինքն՝ այլ կարծիք չկա: Ուրիշ խնդիր է, որ ընդդիմադիր դաշտն անուժ գտնվեց, որպես պատգամավորներ, բայց հայի տեսակը դեռ կա, եւ այդ տեսակն ապացուցեց, որ ինքը կա Կոռնիձորում, որտեղ ներկա գտնվեցի նաեւ ես` իմ նկարահանող խմբով: Բայց, մեծ հաշվով, մենք՝ բոլորս, այդ թվում` սփյուռքը, կուլ տվեցինք այդ նախադասությունը, որն արտաբերեց երկրի վարչապետը: Ես չեմ հեգնում, այլ խորը ցավով եմ ասում, որ դրանից հետո արված՝ Արցախի նախկին նախագահների, ԱԺ-ի հայտարարություն-կոչերը, որ հերքվի Փաշինյանի այդ հայտարարությունը, առոչինչ են եւ ոչինչ չեն տալու մեզ: Հարցն արմատական լուծման կարիք ունի, եւ հիշենք, որ նա 2018-ին եկավ իշխանության այն խոսքերով, որ կանի այն, ինչ ժողովուրդը կորոշի...

- Նշեցիք, որ ընդդիմությունն անուժ գտնվեց, եւ, իսկապես, դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է, բայց այս ամիսների ընթացքում ընդդիմադիր դաշտից որեւէ մեկը հանրային այս ցասումը, ընդվզումը չի գեներացնում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, ելք չե՞ն տեսնում, քանի որ ամեն անգամ պայքարը մտնում է փակուղի, թե՞ այս պասիվությունն այլ բացատրություն էլ ունի:

- Իմ խորին համոզմամբ, հայ ժողովուրդն աշխատասեր, տաղանդավոր եւ, մեծամիտ չհնչի` իր կարեւոր դերակատարությունն ունի մարդկության պատմության մեջ, բայց հիմա մեր ժողովուրդը գտնվում է ծայրաստիճան բարոյական ընկճվածության մեջ: Պատկերացրեք մի ժողովրդի, որ 88-ի հեղաբեկման ժամանակ ինչպիսի բացառիկ կամքի ու միասնականության դրսեւորում ունեցավ: Ես Գյումրիում էի 88-ի երկրաշարժի ժամանակ, եւ երկրաշարժից 3-4 օր հետո մարդիկ կային, որոնց հարազատները դեռ փլատակների տակ էին, բայց երկու ջոկատ կազմավորեցին եւ գնացին Արցախ: Սա բարոյական դրսեւորման անհավատալի, բայց հանճարեղ ու հային հատուկ վիճակ է: Հիմա այս ժողովուրդն այս 30 տարիների մեջ, այնուամենայնիվ, միայն հալածական «պարգեւներ» ստացավ երկրի տարբեր իշխանավորներից, չեմ ասում` դիտավորյալ, բայց դա արվեց անտաղանդ չինովնիկների կառավարման հետեւանքով, իսկ 2020-ին էլ ամբողջ սերունդն իր վրա մեծ հարված ստացավ: Հիմա այս տեւական զրկանքների հետեւանքով ի՞նչ կլինի մարդը, իսկ մարդու բարոյական, մտավոր, հոգեւոր, ֆիզիկական ունակությունները, ռեսուրսներն անսահման չեն, մարդը կարող է նաեւ կոտրվել, հուսախաբվել, հիասթափվել: Այս առումով իմ խոնարհումը հայ ժողովրդին, որ դեռ դիմանում է բոլորի` սեփական դավադիրների ու նաեւ` ողջ աշխարհի ձեռքը, որոնց դեմ մենք կռվում էինք` Եվրոպայի քար լռությունից մինչեւ զինյալ վարձկաններ, այս ժողովուրդը որ այսքան էլ կա` հալալ է իրեն: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա այսպիսի հակադարձ հարց տամ` ո՞ւր կգնա գառների հոտը, որը չունի առաջնորդ, կգնա կընկնի ձորը... հովվի` առաջնորդի գերագույն պարտականությունը ո՞րն է` իր փորձով, քաղաքական հոտառությամբ, դիվանագիտությամբ ճիշտ ուղղորդելը՝ երկիրը պաշտպանելու համար: Մեր դեմ օգտագործեցին ամեն ինչ` է՛լ քիմիական զենք, է՛լ 88 տարեկան կույր ծերունուն գլխատեցին ու ֆուտբոլ խաղացին, ամենապիղծ բաներն արեցին մեր գերիների հանդեպ... բողոքեցինք, բարձրաձայնեցինք, ու անցավ գնաց...: Հիմա մեր ընդդիմադիր դաշտի մասով ես կարող եմ միայն մտավորականի գնահատական տալ․ եթե ընդդիմադիր քաղաքական ղեկը քո ձեռքն ես վերցրել, ու մենք էլ քեզ ձայն ենք տվել, ուրեմն պարտավոր ես բոլոր եղանակներով հաղթական դրոշը տանել առաջ, եթե ոչ՝ ասպարեզը պետք է զիջել: Հիմա ո՛չ նա է արվում, ո՛չ` նա: Ցավոք, այս դաշտում գտնվող զանազան կուսակցությունները, որոնց թիվը մոտ 105 է, հայրենիքի շահը տեսնում են միայն սեփական պրիզմայից, եւ դա անբուժելի է, մինչդեռ ամենակույր մարդը տեսնում է, թե այսօր ինչ է կատարվում, եւ ինչ է վճռվում Հայաստանի համար: Բոլորն են տեսնում, թե ինչ ամպեր ու կայծակներ են կուտակված մեր երկրի գլխին, բայց անգամ դա չի ստիպում, որ ազատվեն այդ հիվանդությունից ու գան համախմբվեն մի դրոշի, մի առաջնորդի շուրջ ու ստեղծեն այն ուժը, որի հետ թշնամին հաշվի կնստի: Սա է ցավը:

- Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով: Սա հնարավոր համարո՞ւմ եք: 

- Սա հերթական բլեֆն է` Արցախին ու հայ ժողովրդին ուղղված Փաշինյանի բարձր դոզայով թույնը մի քիչ մեղմելու համար: Ադրբեջանը երբեք Արցախի հետ չի բանակցի: Այն, ինչ կլինի, սա է․ Ադրբեջանը վերջնագրով կխոսի եւ կառաջարկի մի օրակարգ՝ եթե սա իմ տարածքն է, ուրեմն նաեւ իմ ժողովուրդն է, որը պետք է առաջնորդվի իմ օրենքներով, դուք ազգային փոքրամասնություն եք, ինչպես թաթերը, թալիշները, եւ պետք է ենթարկվեք մեր օրենքներին, չեք ենթարկվում՝ Ադրբեջանի օրենքները կկիրառենք ձեր վրա: Թուրքին հատուկ շատ եղանակներ կան` հային Արցախից հանելու համար, մեկ էլ մարդիկ կանհետանան, կամ քաղաքական ընդվզումները կխեղդվեն արյան մեջ... իհարկե, Աստված չանի, բայց թուրքի տրամաբանությունը սա է: Այն, ինչ կատարվում է, մեծ սցենարի բաղկացուցիչ մասն է, ռեժիսորներն ասում են` արար: Կարող է շուտով ԱԺ մտնի մի նախագիծ, որով Մասիսը մեր գերբի վրայից հանվի, քանի որ մեր տարածքում չէ, եւ մեր թուրք եղբայրներն էլ նեղանում են այդ փաստից...

- Ինչպես որ հիմա Թուրքիան պահանջում է Նեմեսիսի արձանն ապամոնտաժել... 

- Այո..., բայց Կոռնիձորում օրեր առաջ մենք ապացուցեցինք, որ կա այդ կամային հայը, ուժը, որ իր հայրենիքի հետ կապված է սրբագույն կապերով: Ինչ վերաբերում է Նեմեսիսի արձանին, ապա ես հիացած եմ այն մարդկանցով, ովքեր եղան աննահանջ ու նախանձախնդիր, որպեսզի այդ հուշարձանը տեղադրվի: Եվ այն, որ թուրքերը դրա համար օդը փակել են, իմ դուրը գալիս է, եւ ես հիմա շարք եմ անում` «Նեմեսիսը վերադարձել է հին ուխտով եւ նոր ցուցակներով»: Այդ արձանի գոյությունը շատ կարեւոր բան է, երկրի իշխանությունները, վարչապետը խուճապի մեջ են՝ այն իմաստով, որ երբ ասում է` ինձ տարեք, պատի տակ գնդակահարեք եւ այլն, հենց դրանով իր վախերն է արտաբերում: Ոչ մի իշխանություն հավերժ չէ, եւ ոչ ոք հավերժական իշխանություն չի ունեցել` Ներոնից մինչեւ Ստալին, եւ չի եղել, որ այն մարդիկ, ովքեր ազգային սկզբունքներ են դավանում, հանկարծ ներեն այդ մարդկանց: Այդ պարզ, մարդկային վախը պետք է զգուշացնի մարդուն, որ չի կարելի դուրս գալ տեսակի դեմ, լինել հակահայ, լինել թուրք... որովհետեւ մարդն իր բերանով ասաց` երբ ինձ ասում եք «թուրք», ես չեմ նեղանում..., բայց դրանից ավելի շատ ես եմ վիրավորվում, որովհետեւ երկուսս էլ հայ ենք կոչվում, եւ բոլոր ժամանակների ամենավատ հայհոյանքն այն է, երբ քեզ ասում են «թուրք»: Երբ մարդն ունի բարոյական այս նկարագիրն ու «թուրք» բառից չի վիրավորվում, այդտեղ խոսակցությունը պետք է դադարեցնել.... էլ չեմ ասում այն մասին, որ ասում է` իմ կինն էլ է հերոսածին... «հերոսածին»-ը հասարակ բառ չէ, որ ով ուզենա, իր կնոջն ասի` հերոսածին մայր: Ես չիմացա՝ ինչ հսկայածավալ ճակատամարտի մեջ է եղել իր որդին` Աշոտը, ինչ հաղթական կռիվներ է արել, որովհետեւ կարծիք էլ կա, թե իրեն ապահով վայր հանելու համար ինչքան զոհ ենք տվել, ու, այդքանով հանդերձ, իր կնոջը համարել հերոսածին մայր` դա էլ է անբարո, որովհետեւ հերոսածին կարող է լինել միայն նա, ով իր որդուն կորցրել է: Մի օրինակ ասեմ․ Շուշեցի Սաքոյի մասին ես ֆիլմ եմ արել, մայրն իր միակ որդուն ճանապարհ ուղարկելուց առաջ, տեսագրությունը, ի դեպ, կա, որդուն ասում է` Սարգիս ջան, հանկարծ գերի չընկնես, մի փամփուշտ պահիր քո համար... որդին գնաց ու ընկերոջը փրկելուց զոհվեց: Այ, այդ կինն է հերոսածին` շուշեցի տիկին Լիանան, որի որդու շիրիմը մնաց Շուշիում: