Տիկի՛ն Գասպարյան, բնապահպանության տեսչականից իրազեկում են, լսե՛ք 

Տիկի՛ն Գասպարյան, բնապահպանության տեսչականից իրազեկում են, լսե՛ք 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այսօր հայտարարություն է տարածել, որում իրազեկում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին․ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով»,- նշված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հայտարարության մեջ։

Փաստորեն, ՀՀ իշխանությունները բնապահպանական քաղաքականություն ունեն, և նշված բուսատեսակները հավաքելը համարում են զանցանք, մինչդեռ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 3 հազար փունջ ձնծաղիկ է գնում, որի առնվազն 2 տեսակը ոչնչացման եզրին է, այսինքն՝ Գասպարյանը գնելով այդ ձնծաղիկները՝ խրախուսում է դրանց վաճառքը, ինչն իր հերթին դեմ է իշխանությունների քաղաքականությանն ու բնապահպանության տրամաբանությանը։ Սակայն այս ամենը Գասպարյանին չի հուզում, նա ընդամենը նեղսրտել է այն բանից, որ մեր հրապարակման մեջ շփոթմամբ գրել էինք 150 փունջ։ Գասպարյանը սրա վերաբերյալ հերքում է պահանջել՝ ասելով, որ ոչ թե 150 փունջ է գնել՝ 3 հազար դրամով, այլ 3 հազար փունջ՝ 150 դրամով։ Քաղաքապետը չի հասկանում, որ այսպես իր վիճակը ավելի է ծանրացնում, քանի որ, փաստորեն, 150 փնջի փոխարեն 3 հազար փունջ ձնծաղկի ոչնչացմանն է նպաստել։