Երեք նախագահներն ու գործող վարչապետը

Երեք նախագահներն ու գործող վարչապետը

Անցնող շաբաթ Հայաստանի երեք նախագահները հանդես են եկել հրապարակային խոսքով՝ առաջինը խոսել է այսօրվա օրախնդրից, երկրորդը՝ հիմնականում ապագայից, երրորդն՝ անցյալից: Արտաքնապես խառը պատկեր ստացվեց, սակայն այն արտացոլում է հենց այն իրականությունը, որում գործում են նրանք: Առաջինը փորձում էր և շարունակում է փորձել ճշմարիտ ուղի վերադարձնել իր նախկին հոգեզավակ Նիկոլին: Երկրորդը շարունակ կրկնում է, որ քաղաքականություն վերադարձավ Փաշինյանի պարտադրանքով և հունիսի 20-ին «կրելու» է նրան: Երրորդը վերջապես բացեց կիսատ մնացած եռամյա հնության խոսքի (Նիկոլը ճիշտ էր, ես սխալ) փակագծերը՝ ներկայացնելով անցյալին վերաբերող այլ իրողություններ: 

Առաջին նախագահի խոսքը Նիկոլի առումով եղել և շարունակում է մնալ «ձայն բարբառոյ յանապատի»: Եվ կարծես թե նրա անվան հետ է կապվում ընդամենը բարոյական որոշակի սկզբունքների վերաբերյալ գործող վարչապետին հիշեցումներ տալը: Նիկոլին հայրական կամ բարոյական խրատներով դաստիարակել փորձող Տեր-Պետրոսյանը, ինչպես շատերն են կարծում, մնացել է անցյալում՝ իր հետ անցյալ «տանելով» ՀԱԿ-ը: Չնայած, ընտրությունների առումով հստակություն է մտցվում՝ նրա ղեկավարած ՀԱԿ-ը մասնակցելու հայտ է ներկայացնելու. մնում է կուսակցության համագումարի ձևական որոշումը:

Երկրորդ նախագահը, հանդիպելով իր կողմնակիցներին և  պատասխանելով նրանց հարցերին, ներկայացնում էր իր դիրքորոշումները երկիրն անդունդից դուրս հանելու առնչությամբ: Այն անդունդից, որի մեջ գցեցինք մենք բոլորս՝ 2018-ին Նիկոլին իշխանության բերելով: Հանդիպման տեսագրության մաս-մաս հրապարակայնացումը մատնանշում է հենց քարոզչական երևույթի մասին: Քոչարյանը չեզոք դիտարկման դեպքում ներկայանում է որպես ուժեղ, ինքնավստահ քաղաքական գործիչ, որը գիտի թե ինչ է ուզում և ինչպես է հասնելու իր ուզածին: Ի դեպ, ՀՅԴ-ի և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության դաշինքը Փաշինյանի իշխանության դեմ քաղաքական կռվում Քոչարյանին կապահովի իրեն համապատասխան «զինվորներով»: Քոչարյանական դաշինքի միակ և ծանրագույն խնդիրն ամբողջովին «նախկին» լինելն է. դա որոշակիորեն կարող է հաղթահարվել քարոզչական տեխնոլոգիաներով, քանի որ նախկինների խնդիրը հենց Նիկոլի կողմից բանեցված նույն քարոզչական տեխնոլոգիաների արդյունք է:  

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին հարցազրույց տալով՝ ՀՀ երրորդ նախագահը փորձում էր հնարավորինս անկեղծ զրույց վարել իր հայրենակիցների հետ, ինչը, իմ կարծիքով, նրան հաջողվեց: Սակայն քանի որ հարցազրույցի թեման անցյալն էր, ու նպատակն էլ ընդամենը կիսատ մնացած պատասխանները լրացնելը, այն որևէ ձևով ապագայի վրա ազդել չի կարող: Դրա դրսևորումն է նաև նախկինում հզոր հանրապետականի՝ ընտրություններին մասնակցելու առումով ամենավերջիններից մեկը կողմնորոշվելը: ԱԱԾ նախկին տնօրեն, նախկին հեղափոխական Ա. Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի դաշինքը արտաքնապես նոր խոսք է հայաստանյան քաղաքականության մեջ: Սակայն, ինձ թվում է, որ նախկինների և նորերի այդ փոխշահավետ սիմբիոզը (միացումը) շատ բան տալ չի կարող: Ի դեպ, Սարգսյանը հայտնի է իր զգուշավորությամբ, և պակաս զգուշավոր չէ Վանեցյանը, իսկ Նիկոլի նման մեկի դեմ քաղաքական պատերազմում զգուշավորությունը ամենաթույլ հաղթաթուղթն է: Այնպես որ, լավագույն դեպքում դաշինքը տեղ կզբաղեցնի հունիս 20-ին ձևավորվելիք խորհրդարանում, սակայն չի առաջնորդի իշխանության դեմ պայքարը:

Ինչ վերաբերում է գործող վարչապետին, ապա նրա ձեռքին է ողջ վարչական ռեսուրսը և այդ թվում իրավապահ համակարգը՝ գումարած դրան իր կողմից զոմբիացված հանրությունը: Պատերազմում պարտությունը և սյունիքյան դեպքերը բավականին նոսրացրել են նշված հանրության ծավալը, սակայն այն դեռևս գոյություն ունի: Դրան կգումարվեն նաև 2018-ի ապրիլյան իրադարձություններից դուրս չեկած մի քանի մանր կուսակցությունները: Եվ եթե այլևս փոփոխություններ չարվեն Ընտրական օրենսգրքում, ինչը կհեշտացներ ընդդիմադիր ուժերի «գրոհին» դիմակայելը, ապա փաշինյանական վարչակազմին և նրա հետ կապակցված ուժերին սպասվում են ծանր ներքաղաքական մարտեր:  
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ