Ամենափրկիչ «համատեքստ»

Ամենափրկիչ «համատեքստ»

Վերջին շրջանում հանրային-քաղաքական դիսկուրսում մի յուրօրինակ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» է հաստատվել՝ «համատեքստը»։ Ո՛վ ասես, ի՛նչ անհեթեթություն ասես կարող է արտաբերել, բայց հետո, որպես սեփական տխմարությունից ձերբազատվելու փրկարար միջոց, վկայակոչել․․․ «համատեքստը»։

«Համատեքստի» երեւույթը բուռն ծաղկում է ապրում հատկապես այս իշխանության օրոք, որովհետեւ ա՛յս իշխանության մեջ է, որ աննախադեպ ծաղկում են դիլետանտությունը, անհամարժեքությունը, ապաշնորհությունը։

Հեռուն գնալ պետք չէ․ ահավասիկ, Նիկոլ Փաշինյանը հինավուրց հայկական քաղաք Շուշին հռչակում է ադրբեջանական, հետո պնդում, թե՝ ի՜նչ եք ասում, ես հո չե՞մ ասել՝ Շուշին ադրբեջանական ծագում ունեցող բնակավայր է․ հլը մի հատ․․․ «համատեքստի՛ն» նայեք։ Կամ՝ ես հո ուղղակի իմաստով չե՞մ ասել, թե «Շուշին դժբախտ ու դժգույն մի քաղաք էր»․ բա «համատե՜քստը»։

Իսկ ԱԺ պատգամավոր, իմքայլական Անուշ Բեղլոյանը առցանց միջազգային կոնֆերանսի ժամանակ արցախյան վերջին խայտառակ պատերազմի մասին հայտարարում է՝ կարեւոր չէ, թե ո՛վ է առաջինը հարձակվել, Արցախն ո՛ւմ պատմական տարածքն է՝ պետք է առաջ նայել, հետո այս դավաճանական մտքի համար ոչ միայն չքմեղանում է՝ վկայակոչելով «համատեքստը», այլեւ մի բան էլ մուննաթ գալիս, թե ինքը դրանով պաշտպանել է․․․ «պետության գերագույն շահը»։ Եվ զարմանալին այն չէ, որ նախկին լրագրողն իր անհեթեթ միտքն օծում է «գերագույն»-ով (վերջին շրջանում ի՛նչ ապիկար «գերագույն» ասես չտեսանք), այլ թե ինչպե՛ս է մարդն ինքը թեւեր առնում իր իսկ տխմարությունից։ 

Սա իբր քիչ է, նույն պատգամավորը, ձայնակցելով իմքայլական ընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, Շուշի քաղաքի համար իր կողմից ադրբեջանական «Շուշա» բառաձեւի գործածումը մեկնաբանում է մանկության տարիներին Բաքվից եկած ինչ-որ ընտանիքի հետ ապրած լինելու․․․ «համատեքստում»։
Այո, փրկարար բան է «համատեքստը»։

Իսկ Ազգային ժողովում, ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, քանի որ ունենք դիլետանտների եւ տգետների որոշակի քանակություն, ուրեմն զարմանալի չէ, որ «համատեքստի» երեւույթը հատկապես նրանք են ծաղկեցնում։ Ավելին՝ ծաղկեցնելու գործում իմքայլականներն այնքա՛ն առաջ են գնացել, որ նրանց համար համատեքստի նշանակություն է ձեռք բերել ո՛չ միայն խոսքային իրավիճակը։ ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, օրինակ, ԱԺ շենքի մատույցներում հանրային դիտման արժանացած «բազմամարտի» իր գործողությունների ակնհայտ քրեական ենթատեքստն այսօր սրբագրում է․․․ բուն իրավիճակի «համատեքստով»։

ՀԳ․ Քանիցս հիշատակված Ա․ Բեղլոյանը, ըստ մամուլի հրապարակումների, առաջիկայում նշանակվելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։ Բնականաբար, դեռ վաղ է վերլուծություններ անել թեմայի շուրջ, բայց նկատի ունենալով Մեծ Բրիտանիա-Թուրքիա, հատկապես՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան հարաբերությունների բնույթը տարածաշրջանում եւ հայ պատգամավորի տեսլականը՝ այդ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ, կարելի է անսխալ կռահել նրա հնարավոր նշանակման․․․ ողջ «համատեքստը»։