Պատերազմից հետո Արցախում 105 դպրոց այլեւս չի գործում

Պատերազմից հետո Արցախում 105 դպրոց այլեւս չի գործում

Գրականագետ Դավիթ Գասպարյանը մի քանի օրով մեկնել էր Արցախ․ ինչպես ինքն է ընդգծում՝ գնացել էր իր աչքերով տեսնելու եւ ականջներով լսելու այն, ինչ կա։ «Սահմանագլուխն անցանք 5-6  ուղեփակոցների միջով, սկզբում եւ վերջում հայեր էին կանգնած, իսկ այդ արանքում ռուս խաղաղապահներն էին, որ անձնագրերն էին ստուգում»,- ասում է գրականագետն ու հավելում, որ Արցախի հետ ինքը շատ է կապված, 10 տարի շարունակ գնացել ուսուցիչներ է վերապատրաստել, զորամասերում զինվորների հետ հանդիպումներ է ունեցել։

Ինչպե՞ս տեսավ Արցախն այս անգամ։ «Ստեփանակերտն իր շուքի մեջ էր, պատերազմական ավերածությունների հետքեր չտեսա։ Եղած հետքերի զգալի մասն էլ վերականգնել էին, եւ այնպես չէր, որ քաղաքն ավերակների մեջ էր, միայն առանձին տեղերում էին հետքեր մնացել։ Գնացի հասա նաեւ Ճարտար գյուղը, ուզեցի ինքս իմ աչքով տեսնեմ՝ ինչն ինչոց է, զրուցեցի մարդկանց հետ, այն, ինչ պահպանվել է, լավ է, բայց այն, ինչ կորցրել ենք, մեզ համար շատ ծանր հետեւանքներ ունեցավ եւ դեռ կունենա։ Անցա նաեւ Լաչին քաղաքի միջով, որը վերանվանել եւ անունը դրել են Բերձոր, առաջ ճանապարհը բանուկ էր՝ երթեւեկություն, մարդիկ, խանութներ, այս անգամ ամբողջ քաղաքը դատարկ էր՝ շենքերը կան, մարդը չկա, հատուկենտ մարդիկ էին երեւում եւ անընդհատ ռուս խաղաղապահների ուղեկալներ, որտեղ անձնագրային ստուգումներ էին անցկացնում»։  

Դ․ Գասպարյանն Արցախում հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալսանյանին, ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանին․ «Ես հարցրեցի պաշտոնյաներին, թե ինչու Բերձորը չի բնակեցվում, տները կան, իսկ ո՞ւր է բնակչությունը, պատասխանն այն էր, որ Բերձորը գտնվում է խաղաղապահ զորքերի եւ հայկական կողմի հսկողության ներքո, բայց ադրբեջանական  կողմը պայման է դրել, որ ճանապարհը պետք է փոխվի, որպեսզի քաղաքը, որպես նախկին շրջկենտրոն, անցնի իրենց հսկողության տակ։ Այսինքն, ստացվում է, որ, ըստ նախնական ծրագրի, ապագայում նախատեսվում է էլի հանձնման ինչ-որ բան։ 

Ասում են՝ մեր քարտեզը գծել են գերտերությունները, այդ ժամանակ, հարց ուղղեցի, եթե այդպես էր, թող բանակցությունների ճանապարհով հարցը լուծվեր, ինչո՞ւ եղավ պատերազմ ու այսքան անմեղ զոհ՝ տասը հազարի հասնող զոհ, վիրավոր, գերիներ, դա ամենաքիչը տասը հազար հայ ընտանիք է, տասը հազար հայ աղջիկ է, որ կմայրանար, կամուսնանար։ Ինձ ասացին՝ կռվեցինք, որ պահենք․․․։ Այդ պաշտոնատար անձինք ինձ նաեւ ասացին, որ Ադրբեջանը գերիներին չի տալիս, քանի որ, ըստ այդ քարտեզի, Կարմիր շուկա մարտավարական գյուղն էլ պետք է անցած լիներ իրենց»։ 

Գրականագետի համար մեկ այլ դառը իրողություն է կրթության հարցը, ասում է՝ մինչ պատերազմը Արցախում կար մոտ 223 դպրոց, բայց պատերազմից հետո 105 դպրոց այլեւս չի գործում․ «Այսինքն, համարյա դպրոցների կեսը չի գործում։ Ինձ ասացին, որ Հադրութի շրջանում կային դպրոցներ, որ ունեին 5-10 աշակերտ, բայց այստեղ միայն դպրոցների հարցը չէ, այլ նաեւ՝ ուսուցիչների, աշակերտների։ Իսկ Հադրութի շրջանը, ըստ քարտեզի, ունեցել է 47 գյուղ՝ շրջկենտրոնով հանդերձ»։  

Իր այցի ընթացքում Դ․ Գասպարյանը նաեւ շուրջ 2 ժամ դասախոսությամբ հանդես է եկել ԱՀ պետական համալսարանում։ «Խոսեցի նաեւ մեր կապերը վերականգնելու մասին եւ եկա այն համոզման, որ այդ կապերն օր առաջ պետք է վերականգնել՝ այցելությունները պետք է շատ լինեն»,- ասում է նա ու ընդգծում, որ անկախ ամեն ինչից՝ «վախը, սարսափը մարդկանց մեջ է, իսկ Ադրբեջանի լկտի հայտարարությունները, պահվածքը տագնապի, խուճապի զգացողություն են առաջացնում ժողովրդի մեջ»։ 

Ինչ վերաբերում է Արցախում ռուսաց լեզուն պաշտոնական դարձնելու հարցին, Գասպարյանը կտրականապես դեմ է այդ գաղափարին՝ միաժամանակ հիշեցնելով պատմության դասերը․ «Այս պատերազմից հետո մենք ասում ենք՝ ինչ պիտի լինի, բայց այդ «ինչ լինի»-ից առաջ թե ինչ կատարվեց, ոչ պակաս կարեւոր է։ Ռուսաստանը շատ վաղուց ուզում էր իր ոտքը դնել հայոց հողում, այստեղ ամրանալ, սա այն Ռուսաստանն է, ինչ Լենինի ժամանակ էր, երբ Աթաթուրքի հետ որպես եղբայրներ իրենց պահեցին ու մի քանի օր առաջ էլ իրենց եղբայրության 100 տարին էին նշում։ Լենինը նրանց տվեց զորք, գեներալներ, ոսկի, Թուրքիայում կառուցեց փամփուշտի եւ վառոդի գործարաններ։ Հիմա Պուտինն ու Էրդողանը նույն եղբայրության մեջ են, եւ Պուտինը կարծես չտեսնելու տա, որ իր դեսպանին այնտեղ սպանում են, որ իր ինքնաթիռը խփում են, որ Էրդողանը հայտարարում է՝ Ղրիմն ամենեւին Ռուսաստանինը չէ, այս ամենը չի տեսնում, եղբայրություն են անում։ Ռուսաստանն ամեն կերպ ձգտում էր ոտքը դնել Կովկաս, որովհետեւ եթե զրկվի այստեղից, իր ոտքի հենակետն էլ չի ունենա եւ մինչեւ Հյուսիսային Կովկաս կորցնելու է իր վերահսկողության գոտիները։ Այդ իմաստով շատ բախտորոշ ժամանակի միջամտեց՝ վերջին պահին, որպեսզի ժողովուրդն ընդունի նրան որպես փրկչի, բայց այդ փրկիչը հենց այնպես՝ ոչ մեկի սիրուն աչքերի կամ աղքատ գրպանի համար չի եկել, այլ եկել է իր ռազմաքաղաքական շահերը պաշտպանելու եւ դրա համար պարտադրում է նաեւ, որ ռուսերենը դառնա պաշտոնական լեզու։ Ես սրան դեմ եմ, Արցախի ժողովուրդն ունի իր պետական լեզուն, որն իր մայրենի լեզուն է, անգամ համաձայն եմ, որ Ղարաբաղի բարբառը հռչակվի պետական կամ օտար լեզու։ Ես կարծում եմ՝ ժողովուրդն այնքան խոհեմ կգտնվի, որ այդ ստորացուցիչ, հերթական պարտվողական քայլին չի գնա, պետք է պահպանել ազգային արժանապատվությունն ու լեզվամշակութային ինքնությունը, բայց նաեւ ձեւեր գտնել ռազմաքաղաքական դաշինքի համար, որովհետեւ Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ մտան Կովկաս, իսկ Թուրքիան ձգտում է իր պանթուրքիստական ծրագրերին»։ 

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա «մենք կանգնած ենք շատ ծանր կացության առջեւ․ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության առճակատումը պետք է օր առաջ թուլացնել։ Ձեւը գտնեն, նստեն բանակցությունների, որի նպատակը լինի հայրենիքի փրկությունը։ Ստեղծված իրավիճակն այլեւս ամոթալի է մեզ համար, մենք ներքուստ պառակտված ենք։ Այդպես է՝ յուրաքանչյուր պարտություն ազգին պառակտում է, սկսում են իրար կասկածել, իրար մատնիչ համարել։ Եվ հակառակը՝ հաղթանակը միաբանում է, ուժ է տալիս»։

Գրականագետը հիշեց նաեւ ամիսներ առաջ պետական չափորոշիչների եւ դասագրքերի շուրջ ծագած վիճաբանությունը, երբ «Հայ գրականություն» առարկայի անվանումից հանեցին «հայ» բառը․ «Մենք այդ ժամանակ մեր ոգու համար էինք կռվում, եւ երբ այդ ոգու դեմ պաշտոնական կարծիքը հակառակն էր, արդեն պարզ էր, որ դա մեզ տանում է դեպի պարտություն։ Ի՞նչ էր նշանակում այն փաստը, երբ պաշտոնատար անձը հայտարարում էր, որ Նժդեհը ֆաշիստ է, մենք այսպես պարտվեցինք եւ պարտվում ենք։ Մի անգամ խոսում էի Համո Սահյանի հետ, ասաց՝ ուր էր թե անդունդի եզրին լինեինք, մենք արդեն անդունդի հատակում ենք»։