Ինչպես են պատժելու պետական կառույցներում դիմակ չկրողներին

Ինչպես են պատժելու պետական կառույցներում դիմակ չկրողներին

Մենք գրել էինք, որ հունիսի 4-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ, գրություն է ուղարկել պաշտոնյաներին՝ առաջարկելով «ստուկաչություն» անել իրենց աշխատակիցների դեմ։ Նայել տեսախցիկների ժապավենները եւ հայտնաբերել այն աշխատակիցներին, որոնք միջանցքներում եւ աշխատասենյակներում առանց դիմակների են եղել։ Այդ «հանցագործների» ցանկը ներկայացնել իրենց, որ պատժեն։ Մենք փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս են պատրաստվում պատժել աշխատողներին, չէ՞ որ վարչապետի աշխատակազմը իրավապահ մարմին չէ, որպեսզի կարողանա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմել, գուցե այդ ցանկը ներկայացնելու են իրավապա՞հ մարմիններին։ Էդուարդ Աղաջանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, փոխարենը մեր հարցերին մեկ օր ուշացմամբ պատասխանեցին կառավարության լրատվական վարչությունից՝ նշելով, որ նմանատիպ աշխատողները ենթարկվելու են կարգապահական պատասխանատվության.

«Դրա հիմքը այն է, որ պարետի որոշումները չպահպանողների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով կարգապահական պատասխանատվության ենթարկեն»,- պատասխանեցին կառավարությունից։

Հարցրինք՝ ի՞նչ է նշանակում «կարգապահական պատասխանատվություն», գործից ազատելո՞ւ են դիմակ չկրելու համար․

«Կարգապահական վարույթ. որպես օրինակ՝ նկատողություն, աշխատանքից ազատում, իհարկե, չի ենթադրում, նկատողություն։ Կարգապահական պատասխանատվությունը դա է, այլ բան չի ենթադրվում։ Երեկվա դրությամբ դեռևս ցուցակներ չկան»,- ասաց լրատվական վարչության ղեկավարը։

Նշենք, որ Աղաջանյանի այս հանձնարարականը մեծ իրարանցում է առաջացրել պետական ապարատում աշխատող շարքային քաղծառայողների շրջանում, վերջիններս ողջ օրը չեն կարողանում դիմակ կրել աշխատանքի վայրում, իսկ կարճ ժամանակահատվածն էլ, երբ հանում են դիմակը մի փոքր շնչելու համար, ֆիքսվում է տեսախցիկով։