Մեր Հայրենիքի դուռը բախող սպառնալիքի դեմ՝ միայն ներազգային համաձայնություն

Մեր Հայրենիքի դուռը բախող սպառնալիքի դեմ՝ միայն ներազգային համաձայնություն

Մեր Հայրենիքի դուռը բախող սպառնալիքի դեմ՝ միայն ներազգային համաձայնություն
Ռետրո հայացք ձգեք ետապրիլյան մամուլին: Գլխավոր միտքը, որ ներշնչվում էր հանրությանը, սա էր. բանակը «մերկ ձեռքերով» կասեցրել է հակառակորդի գերակշիռ ուժերին: Սա նորություն չէ: 1998-ին իշխանափոխություն իրականացրածներն էլ քսան տարի եւ դեռ այսօր էլ ասում են, որ պատերազմի բոլոր հաջողությունները ձեռք են բերվել ի հեճուկս նախագահ Տեր-Պետրոսյանի «պարտվողականության»: Այսպես բանակը հակադրվել եւ հակադրվում է քաղաքական իշխանությանը: Քառօրյայից հետո նույնիսկ ասում էին, որ ռազմական վերնախավը նահանջի հրաման է իջեցրել, ստորադաս հրամանատարները չեն ենթարկվել:

Որ նման տեղեկատվա-քարոզչական կաղապարները «ձուլվում են» Հայաստանից դուրս՝ ինչ-որ տեղ, կասկածել պետք չէ: Որ քառօրյայում փաստացի Ալիեւի քիթը տրորած Հայաստանի նախագահին «ոչ լեգիտիմություն» են վերագրում եւ դրանով բացատրում Վիեննայի օրակարգի ձախողումը, իրականության դեմ մեղանչում է, իրականության նենգափոխում: Որովհետեւ Վիեննայի օրակարգը փաստացի ռեժիմում չէր կարող աշխատել: Այն պատճառով, որ, ինչպես իրազեկ փորձագետներն են ասում, Ադրբեջանը չէր ստորագրել այդ փաստաթուղթը: Ինչպես նաեւ դրան դեմ էր Ռուսաստանը: Ոչ թե՝ հանուն Ադրբեջանի, այլ՝ սեփական շահերի: Որովհետեւ ղարաբաղյան հակամարտության գոտին Ռուսաստանի «նուրբ փորատակն է»: Եւ Մոսկվան չէր կարող աջակցել, որ այնտեղ միջազգային խաղաղապահ առաքելություն իրականացվի: Այս իմաստով զուտ քարոզչություն է, որ Փաշինյանը Վիեննայի օրակարգը փոխարինել է «վերելակային դիվանագիտությամբ»: Այլ առիթներով, այդ թվում՝ հարցազրույցի միջոցով, իմ տեսակետը հնչեցրել եմ. նախընտրելի կլիներ, եթե Փաշինյանը ԼՂ հարցում պահպաներ հաջորդայնությունը, բանակցությունները շարունակեր արդեն իսկ հայտնի «մշակումների» հիմքով: Բայց դրա համար հեռացածները պետք է նրան հնարավորություն տային: Մինչդեռ իշխանափոխությունից անմիջապես հետո ի՞նչ շրջանառվեց: «Նիկոլին բերել են, որ Արցախը հանձնի»: Ոչ մի իշխանություն կամիկաձե չէ, որպեսզի այս մթնոլորտում գնա եւ Ալիեւի հետ «կազանյան փաստաթուղթ» կամ «Լավրովի պլան» քննարկի: Բնականաբար, ընտրվում է «նշաձողը բարձրացնելու» տարբերակը, արվում ժողովրդահաճո հայտարարություններ: Մանավանդ որ որոշակի քարոզչա-փորձագիտական շրջանակներ էլ իշխանությանը բարձր լեգիտիմության «շիրա են տալիս»: Այս իրավիճակն ունենք: Գումարած, որ անվտանգային միջավայրը սկզբունքորեն փոխվել է: Երբ մի քանի օր առաջ «Առավոտին» տված հարցազրույցում առաջարկեցի պատերազմի եւ խաղաղության խնդրով ներազգային կոնսենսուսի գաղափարը, արձագանքները, մեղմ ասած, բացասական էին: Իբր՝ ինչպե՞ս ես պատկերացնում Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նույն սեղանի շուրջ: Այն ժամանակ ես ներազգային քննարկման սուբյեկտների շարքում նշել էի միայն Արցախի նախագահին:

Ավելացնում եմ  նախորդներին: Այսպիսով՝ Հայաստանի գործող նախագահ, վարչապետ, նախկին երեք նախագահներ, Արցախի գործող եւ նախկին  նախագահներ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Կոստանդնուպոլսի պատրիարք, Երուսաղեմի պատրիարք: Նախաձեռնությունը՝ Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ-ի: Մենք ապրում ենք ճակատագրական օրեր: Ցանկացած հապաղում կարող է բախտորոշ լինել: Այս լրջագույն մարտահրավերի դիմաց ի՞նչ իմաստ ունի ապրիլյան քառօրյայի շուրջ անառողջ դիսկուրսը: Դա փակված էջ է: Ընդ որում՝ հաղթանակով: Պետք է փակել նաեւ տավուշյան մարտերի էջը: Եւ անցնել հիմնավոր վերլուծությունների, կանխատեսումների, հավանական սցենարների «գծագրումների»՝ ռազմա-քաղաքական առումով: Ոչ թե մի բեւեռի վրա սեւեռվել, այլ Հայաստանի անվտանգությունը դիտարկել հնարավոր բոլոր դաշնակիցների հետ համագործակցության, շահերի համադրման հեռանկարով: Բայց ամենից առաջ՝ հայտարարել ներազգային քարոզչական «զինադադար»: Պետության կայացածության առաջին ցուցիչը պատերազմական իրավիճակում իշխանություն-ընդդիմություն համաձայնությունն է: Չգիտեմ՝ կա՞ն իրավական մեխանիզմներ՝ հետաձգելու մարտիմեկյան գործի քննությունը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդումը: Կա՞ իրավական ելք՝ հայտարարելու տնտեսական համաներում: «Օլիգարխիան» պատրա՞ստ է ոչ օրինական ճանապարհով կուտակած հարստությունից «մուծվել» բանակին: Եթե՝ ոչ, նա պետք է ենթարկվի հանրային օստրակիզմի, եկեղեցական բանադրանքի: Չգիտեմ, համազգային ամոթանքի եւ ճնշումների, որովհետեւ կամ պիտի ընդունել «խաղի կանոնները» եւ գնալ ԼՂ հարցի սկզբունքային հանգուցալուծման, կամ գերադիականացնել զինված ուժերը, մոտակա հինգ տարում ստեղծել լիովին պրոֆեսիոնալ բանակ, ԳՇ ենթակայության «կոմանդոս» ստորաբաժանումներով հանդերձ, որ ընդունակ լինեն Հայաստանից դուրս պատժիչ գործողություններ իրականացնելու: Եթե Սփյուռքը դեմ է հայ-թուրքական «պատմական հաշտեցմանը»՝ ինչպես ցույց տվեց Փարիզում Սերժ Սարգսյանին «պատվավոր ընդունելությամբ» եւ շարունակում է նույնը պնդել, ուրեմն տարեկան ոչ թե տասնհիգ-քսան միլիոն դոլարի ծիծաղելի նվիրատվություն պիտի անի «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Տավուշում կամ Արցախում մի համայնքի ջրագծի հարց լուծի, այլ լրջագույն ներդրում ունենա Հայկական զինված ուժերի գերարդիականացմանը:

Ահա այս եւ բազմաթիվ այլ հարցեր պետք է քննարկվեն ներազգային համերաշխության իմ պատկերացրած Վեհաժողովում: Հայաստանի եւ Արցախի ապագայի համար պատասխանատու են բոլորը՝ գործող եւ նախկին իշխանությունները, ազգային ավանդական կուսակցությունները, քաղաքական ուժերը, խմբերն ու խմբավորումները, ՀԿ-երը՝ լինեն «սորոսական» կամ թե «ազգային- ավանդապաշտ» կամ չգիտեմ ինչ-ական, Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ իր նվիրապետական աթոռներով, հայաստանաբնակներն ու սփյուռքայերը: «Սեւերն ու սպիտակները»: Արեւմտամետներն ու ռուսաֆիլները: Հրանտ Մաթեւոսյանն ասում է՝ երբ թուրքը ջարդում էր, տարբերություն չէր դնում՝ դաշնակցակա՞ն է հայը, հնչակյա՞ն, թե՞ ռամկավար-ազատական, լուսավորչակա՞ն է, թե՞ կաթոլիկ: Ոչինչ չի փոխվել: Նույն թուրքն է, նույն տարտղնված-բզկտված, բաժան-բաժան եղած հայությունը: Վաղվա, արդեն իսկ մեր Հայրենիքի դռները բախող սպառնալիքի դեմ՝ միայն ներազգային համերաշխություն, կոնսենսուս: Լինի դա խաղաղության, թե պատերազմի ընտրությամբ: