Ոչ թե խաղաղության, այլ՝ ինքնաոչնչացման օրակարգ

Ոչ թե խաղաղության, այլ՝ ինքնաոչնչացման օրակարգ

Հարցազրույց գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, օրեր առաջ ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ ուզում է մեր ժողովրդին դուրս բերել մատաղացու գառի կարգավիճակից՝ միաժամանակ նշելով Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս հայտարարության մեջ։

- Եթե նկատի ունեք, այսպես կոչված, իշխանական ուժերին, նրանցից մի քանիսի խայտառակ պահվածքը չի տեղավորվում մարդկային բարոյականության սահմանում, առավել եւս՝ ազգային, պետության շահի շրջանակներում։ Թույլ տվեք ուղղակի չմեկնաբանեմ այդ թափթփուկների ասածները։ Իսկ ինչ վերաբերում է այն ամենին, ինչ տեղի է ունենում, բնական է, որ ազգային ոգին պետք է վերարթնանա, պետք է վերադառնա իր ճշմարիտ փուլը, իր ակունքներին, արմատներին, տեսակին, ոչ մի քաղաքական ուժ չի կարող ժողովրդի կամքին հակառակ գնալ եւ հաջողել։ Նրանք այնպես աշխատեցին այս 3-4 տարվա ընթացքում, որ ի սկզբանե ձախողեցին պետական զարգացման բոլոր խթանները, այսինքն՝ սփյուռքի նախարարությունը լուծարելով՝ տեղն ինչ-որ հանձնակատար դրեցին։ Էրդողանն էր, չէ՞, ասում՝ սփյուռքի հետ կապերը խզել, սրանք էլ խզեցին։ Գյուղատնտեսության նախարարությունը վերացրին, հիմա գյուղացին չգիտի՝ էկոնոմիկայի նախարարի՞ն դիմի իր հարցերով․․․ էս անլրջությունը չի կարող շարունակվել, հատկապես որ միավորում եք մշակույթի, գիտության եւ կրթության նախարարությունները եւ դուրս եք գալիս ժողովրդի դեմ, բայց ժողովրդական խոսք կա՝ ժողովրդի վրա ձեռք բարձրացնողը նրա սրից էլ ընկնելու է։ 2-3 տարի տեղի ունեցավ ժողովրդի մասսայական խաբեություն, ապակողմնորոշում, դա չի կարող հավերժորեն ձգվել, որքան շուտ հեռանան, անքան հօգուտ ազգային, պետական շահի։ Նրանք պետք է հեռանան կամ հեռացվեն՝ սահմանադրորեն, թե ոչ սահմանադրորեն, խնդրելով, թե հրամայելով։ Սրանք պիտի հեռանան, որովհետեւ ոչ միայն կապ չունեն, այլեւ թշնամի են մեր ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգեբանությանը։

- Ասացիք՝ ոչ մի քաղաքական ուժ չի կարող ժողովրդի կամքին հակառակ գնալ, բայց այսօր տեսնո՞ւմ եք ժողովրդի կամքը։ Տպավորություն է, որ պատերազմից հետո ժողովուրդը կարծես հարմարվել, հաշտվել է այս իրավիճակի հետ։

- Կարծում եմ՝ երբ ժողովուրդը հասկանա, որ հարցը պիտի լուծվի, վեր կկենա․․․ Պետք է հաշվի առնել, որ լավագույն արտադրանք տվող գործարանն էլ «բռակ» է տալիս, մեր «բռակը» շատ ստացվեց եւ մասսայական եղավ։ Հիմա կգան ազգային մտածողության եւ հոգեբանության մարդիկ, իրենց տեղը կգտնեն՝ կգտնեն, չեն գտնի՝ թող գնան Ազգային ժողով, ավելի ճիշտ՝ մեջլիս, որի վրա կլինեն կիսալուսինն ու աստղը, եւ կլինեն որոշ թափթփուկներ՝ համիդյան ազգանունով․․․ Բայց, այդքանով հանդերձ, ազգային ոգին կոտրել, վերացնել հնարավոր չէ, այս սթրեսները, որ վրա-վրա ապրեց այս ազգը՝ հուսահատվելով եւ հույսեր տածելով, կոտորելով եւ կոտորվելով, հոգեբանական այն ճնշումը, որ իբրեւ թե մեր բանակը զինվորը պարտվեց․․․ մինչդեռ իրականում մեր զինվորը չի պարտվել, պարտվել է մեր պետությունը, մեր պետական քաղաքական այրերը, եթե կարելի է այդ թափոնին այրեր ասել։ Մեր զինվորը կռվել է լավագույնս եւ առաջ կգնար ու կհաղթեր՝ անկախ այդ բայրաքթարները, եթե դավաճանություն չլիներ, եթե նրանք կոնկրետ նշանառությամբ չխփեին մեր հակաօդային պաշտպանությանը, հրետանու կետերին եւ այլն։

- Արցախի նշաձողի իջեցումը, այլ կերպ ասած՝ Արցախի հանձնում են որակում շատերը։

- Այս պայքարը տասնամյակներ ի վեր է ընթանում, Կենտկոմի առաջին քարտուղարը Կրեմլում ելույթ էր ունենում 40-ական թվականներին, Ստալինի ներկայությամբ Ղարաբաղի հարց էին առաջ քաշում, ու հիմա պատմության մեր ընթացքն ինչ-որ դուրսպրծուկներ, երիտհայե՞ր պետք է թեքեն։ Դա բացառվում է։ Բացառվում է, որ ղարաբաղյան հարց չլինի, Ալիեւն ասում է՝ ղարաբաղյան հարց չկա այլեւս, իսկ ես ասում եմ՝ չի կարող նման բան լինել։ Դա նշանակում է ոչ թե խաղաղության օրակարգ, այլ՝ կործանման, ինքնաոչնչացման օրակարգ, նույնը հետո կլինի նաեւ Սյունիքում, Արարատում։ Մի քանի օր առաջ Արարատի՝ Նախիջեւանի ու Երասխի «կալցեւոյից» Հայաստանի դրոշն են հանել, Երեւանում էլ Արցախի դրոշն են դնում համալսարանում, պահակները գալիս հանում են։ Մենք պետք է մի բան էլ իմանանք, որ չկա չարիք առանց բարիքի, իհարկե՝ բարիքն այն կլինի, եթե մեր ազգն այդ աղբն առանձնացնի, դրա մեջ պետք է Ռոբինզոնի հոգեբանություն դրսեւորես, որպեսզի չխելագարվես վերջնականապես։

- Վերջին շրջանում, խաղաղության քարոզին զուգահեռ, երկրի առաջին դեմքերը խոսում են պատերազմի, նոր ցեղասպանության վտանգների մասին։ Հակասություն չե՞ք տեսնում։

- Այո, ոչ մի տրամաբանություն չկա, այն միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց խոսք են տալիս, որ խաղաղության դարաշրջան կլինի, եւ, ուրեմն, դուք խեղճացեք, որ ձեզ չուտեն, թող այդ միջազգային կազմակերպությունները խոստանան, որ այդ խաղաղությունը կլինի արդար։ Միջազգային բոլոր կազմակերպությունները փուչիկ դուրս եկան այդ արանքում։ Բոլորն անպիտան, ստոր բաներ են, դեմոկրատիայի կեղծիքի տակ համաշխարհային մեծերի շահերը հետապնդող կազմակերպություններ են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի՞նչ արեց խաչքարերի համար Նախիջեւանում, Արցախում։ Մենք պետք է պայքարենք եւ ոչ թե ենիչերին ասեմ՝ համեցեք, եկեք կոտորեք բոլորիս, միայն թե ես չդիմադրեմ․․․, հո ես ապուշ չե՞մ, շիզոֆրենիկ չե՞մ։

- Ընդդիմության տարբեր օջախներ կամաց-կամաց ակտիվանում են, բայց ժողովուրդը դեռ վարանում է, լիդերի փնտրտուքի մե՞ջ է։

- Ժողովուրդը չպետք է նայի, թե ով է առաջնորդում, հայի արյուն կրող ցանկացած անձ կարող է առաջնորդել, ոնց որ հիմա այդ 44-օրյա պատերազմի մասնակից էրեխեքն են հացադուլ անում հրապարակում, կողքներն էլ մի կին է նստում, որն ինձ համար հայ մոր, զավակ կորցրած մոր սիմվոլ է։ Այստեղ չկա կուսակցություն, թայֆայականություն, միայն այդ իշխանական ՔՊ-ական ուսապարկերն ունեն քաղաքական շահ, նրանք են, որ հետապնդում են իրենց անձնական շահը, իսկ իրենց գաղափարախոսությունը մի անուն կարող է ունենալ՝ պետականակործան ազգադավություն, իսկ առաջնորդներ փնտրել կուսակցություններում, այն պարագայում, որ կուսակցությունները պարզապես միջոց են համախմբելու։ Ժողովուրդը պետք է համախմբվի ազգային, պետական առանցքի շուրջ, մի բան, որ մեր անկախության առաջին օրից պետք է ունենայինք այդ քաղաքականությունը։ Ես կուզենայի, որ գոնե մի փոքր վեհություն, բարոյականություն ունենային, եւ անարյուն այս ամենը լիներ, ինչպես որ իրենք հանձնեցին իշխանությունը։ Չես կարող գրպանահատից պահանջել, որ նստի ռոյալի առաջ եւ նվագի, բայց գոնե այնքան մարդ լինի, որ անարյուն թողնի հեռանա, մենակ թե գնան իշխանական վահանակի մոտից, եւ ուրիշ մարդիկ գան՝ այս երկրով շահախնդիր։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ լինել միասնական եւ չնայել կուսակցություններին, ընդդիմությանը, ամեն կարգին հայ մարդ հիմա ընդդիմադիր է, ամեն կարգին հայ մարդ հիմա գաղափարախոսություն է, կուսակցություն է, ամեն ինչ է, ի վերջո՝ հայրենիք է, հիմա հայրենքի խնդիրն է, որ դրված է, բառիս բուն իմաստով՝ զոհասեղանին, եւ պետք է փրկել հայրենիքը միասնաբար։