Ուղղակի ճաշը կզարգենք բլենդերով, ստոմայի շլանգով կուտանք օրգանիզմ

Ուղղակի ճաշը կզարգենք բլենդերով, ստոմայի շլանգով կուտանք օրգանիզմ

Եղեգնաձորում մոտ երկու տարի առաջ ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում ոչ մի փոփոխություն չկա։ «Անում ենք այն, ինչ անում են կոմայի մեջ բոլոր գտնվողներին։ Ամեն օր սրբել, մաքրել, կերակրել շպրիցով։ Շնչառությունը կա։ Սիստեմա չի միացված։ Ուղղակի ճաշը կզարգենք բլենդերով, ստոմայի շլանգով կուտանք օրգանիզմ»,- ընտանիքի ծանր առօրյայից մանրամասներ է ներկայացնում փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։ Հիվանդին ամեն օր խնամում է մայրը։ Արդեն մեկ տարի տասն ամիս նա չի հեռանում որդու մահճակալից։

Դատարանում էլ փոխգնդապետի գործի քննությունն անընդհատ ձգձգվում է։ Երեկ դատարանը պետք է որոշում ընդուներ մեղադրյալ, նախկին մարզպետ, այժմ ՔՊ ցուցակով խորհրդարան անցած Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին կալանքից գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ, սակայն դատը կրկին հետաձգվել է։

Հարություն Գրիգորյանը, ըստ ականատեսների ցուցմունքների, այն անձն է, որի հետ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին վիճաբանել է Արա Մխիթարյանը եւ որի հարվածից կոմայի մեջ է ընկել։ Այս գործով մի քանի անձ էր անցնում, այդ թվում՝ նաեւ նախկին մարզպետը, որը ներկայում հնարավոր է պատգամավոր դառնա։ Այժմ միակ մեղադրյալը Տրդատ Սարգսյանի օգնականն է, որի պաշտպանն ամեն կերպ փորձում է հասնել կալանքը գրավով փոխարինվելուն։

«Բարոյականությունից կխոսան դատարանում։ Ես էլ ըսի՝ ճիշտ է, բարոյական է, տարի երկու ամիս հոսպիտալի պատերի տակ քնա, զանգ մը չեկավ դրանցից, ահա բարոյականությունը։ «Չարաբաստիկ ուդառ է եղել, ո՞վ է մեղավոր, որ երեխան կոմայի մեջ է»՝ պատկերացնո՞ւմ ես ինչ ա ասում փաստաբանը»,- նշեց փոխգնդապետի հայրը՝ անդրադառնալով դատական նիստին։ Նա վրդովված է։ Տրդատ Սարգսյանը ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական ցուցակում, սակայն գործում կան բազմաթիվ վկայություններ, որոնց համաձայն՝ նա եղել է հանցագործության դեպքի վայրում ու տեսնելով իր օգնականի գործողությունները՝ չի միջամտել կռվին։