Ձեր պատշաճությունն ինձ սպանում է

Ձեր պատշաճությունն ինձ սպանում է

ՀՀ բոլոր ժամանակների ամենախայտառակ կառավարության «դեմքերից» մեկը խոսել է ինչ-որ պատշաճությունից: Ավելի ստույգ՝ հանրությանը պատշաճ կարգով նորություն փոխանցելու մասին: Դեմք էլ որ ասում եմ՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն է, որ Նիկոլ Փաշինյանի անհետացման և Արարատ Միրզոյանի բացակայության պայմաններում «բա ի՞նչ ա, որ դեմք չի»: Ինչ է ասել այս խղճուկը Բաքվում մեկնարկելիք COP-29-ից ժամեր առաջ: Լրագրողների հարցին ի պատասխան՝ կմասնակցի՞, արդյոք, Հայաստանը ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, ասել է. «Մեր մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, մենք դեռ որոշում չունենք»:

Ուզում ես ասել՝ տղա ջան, գոնե գիտե՞ս, թե այսօր ամսի քանիսն է: Իսկ ե՞րբ եք որոշում կայացնելու, վերջապես, մասնակցելո՞ւ եք, թե՞ չեք մասնակցելու: Եվ ապա՝ ի՞նչ է նշանակում՝ «մեր մասնակցությունը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից»: Ադրբեջանը ժամանակ չունի քիթը սրբի, դուք բանակցությունների դինամիկայի՞ց եք խոսում: Ի՞նչ դինամիկա: Էդ դինամիկան Բաքվից ստացված վերջին նամակի հետ լռվել է ձեր հիմնարկում: Թելադրության նոր տեքստ եք ստացել ու հիմա լեզուներդ կոխել համապատասխան տեղը՝ մտմտում եք, թե ինչ պատասխան տաք: Դինամիկան շարժում է: Դուք ստատիկ վիճակում եք, ախր: Նիկոլը չկա, Արոն թռել է Եվրոպա, ԱԺ նախագահ չունենք, նախագահ՝ առավել ևս: Մհեր Գրիգորյանից գոնե մի լուր ունենայինք: Կիրանցում վերջին սպիտակ սյունը տնկելուց հետո կորած է, ԱԺ էլ գալիս է, «խիստ անհրաժեշտության» դեպքում միայն, որ լղոզի ամեն ինչ: Սա չի՞ ձեր բանակցությունների դինամիկան:

Հետո էլ թե՝ «մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, երբ որոշումներ կայացնենք COP-29-ին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»: Մարդու ուղեղում չի տեղավորվում՝ Բաքվում էսօր հարսնիք կա, մենք հրավիրված ենք, իսկ մեր հանրությունը մինչև այս ժամը «պատշաճ» կերպով տեղեկացված չէ՝ մասնակցելո՞ւ ենք հարսնիքին, թե՞ չենք մասնակցելու: Իսկ ե՞րբ եք բարեհաճելու «պատշաճ» տեղեկացնել, թե մեզնից ով է մասնակցելու: Հո ամբողջ ազգով չե՞նք գնալու: Վրաստանը հայտարարեց, որ իրենց կողմից Կոբախիձեն կգնա: Պուտինն ասաց՝ ես չեմ գնա, բայց Միշուստինը նաղդ ա: Մակարդակները զգում եք, չէ՞: Իսկ Այստեղ մի Վահան Կոստանյան է մնացել, ու այդ Վահան Կոստանյանն էլ դեռ վաղ է համարում մեզ պատշաճ կերպով տեղեկացնել՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ չենք մասնակցում, եթե մասնակցում ենք՝ ո՞ւմ դեմքով: Նիկոլը չկա, Արոն Եվրոպա է, ԱԺ նախագահը հավես չունի, նախագահն՝ առավել ևս: Մնում է ինքը՝ Վահան Կոստանյանը: Արի՝ դու գնա Վահան ջան: Այլապես, Արոյի դեմքին որ նայում ես՝ դա Եվրոպայից շուտ եկողը չի: