Երկիրն իրեն չի կարող ճոխություն թույլ տալ, ընտրություններից հետո ունենալ օպոզիցիա

Երկիրն իրեն չի կարող ճոխություն թույլ տալ, ընտրություններից հետո ունենալ օպոզիցիա

«Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը որոշել է մեծ քաղաքականություն մտնել։ Նա իր կուսակցությունը «Միացյալ Հայաստան» է կոչել, բայց քաղաքականության մեջ փորձ չունի։ Չնայած դեպրեսիայի այս շրջանում քաղաքական անփորձությունը կարող է եւ որպես առավելություն դիտվել։ Երվանդը ռոմանտիկ երիտասարդների սերնդից է, որոնք պետական ծառայության եկան 90-ականներին, երբ կառույցներ էին ստեղծվում, զրոյից օրենսդրություն էր մշակվում, եւ 2 օրում 7 օրվա գործ էր պետք անել։ Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, 27 տարեկանում արդեն 32 աշխատող ուներ, ամենաերիտասարդ բաժնի պետն էր մաքսային վարչությունում։ Ապարատից մասնավոր բիզնես՝ եղբորը պատկանող «Սարգիս-Կարոլինա» ընկերություն հեռացավ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ թիմի ներկայացուցիչ լինելը մարդու որակներից առավել էր գնահատվում։ 2010-ին եղբայրները հիմնեցին «Արարատ» սննդի կոմբինատը։ Ընտանիքում չեն հասկանում նրա որոշումը՝ զբաղվել քաղաքականությամբ: Ըստ Թարվերդյանի, երկու իրադարձություն դրդել է իրեն այդ քայլին՝ պատերազմը եւ Գարիկ Սարգսյանի նշանակվելը պետգույքի կառավարման կոմիտեի պետի պաշտոնին: 

«Պետք է շատ արագ տնտեսության մեջ փոփոխություն արվեր: Քովիդն այս դեպքում մեզ օգուտ էր, որովհետեւ մարդիկ չէին լքում երկիրը: Ընկերներով անընդհատ խոսել ենք, գուցե մենք էլ մտնենք քաղաքականություն, քայլերի հաջորդականություն ձեւավորենք, որ տնտեսությունը սկսի լավ աշխատել: Բայց երբ որ մարդը, որը չգիտի՝ կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի, երկրորդ բարձրագույն պաշտոնին նշանակվեց, ես հասկացա, որ այսպես չի լինի, որ կադրերի պակաս կա, ուրեմն, պետք է խելացի, կազմակերպված մարդիկ մտնեն քաղաքականություն, մաս կազմեն իշխանությանն ու ծառայեն պետությանը»: 

- Այսինքն, տնտեսական անկումը կանխե՞լն է Ձեր նպատակը:

- Իմ նպատակը պետությանը ծառայելն է: Ես տեսնում եմ, որ տնտեսությունն անկում է ապրում: Առաջին 2 ամիսներին տնտեսական ակտիվությունը 5,3 տոկոսով նվազել է, բայց մեր էկոնոմիկայի նախարարն ասում է՝ երկնիշ աճ ենք ապահովելու: Դա անհնար է: Մինչեւ հունիս, մինչեւ ընտրությունները դժվար թե մեկը ներդրում անի: Մինչեւ որ քաղաքական անվտանգություն չլինի, ոչ ոք իր փողերը ներդրում չի անի: Բանկային համակարգը շատ զգույշ է աշխատում, տնտեսության «վառելանյութը» չի ապահովվում այսօր: Կարող է նաեւ դա արվում է բանկերի սեփականատերերի քաղաքականության շնորհիվ, չգիտեմ: Բանկերը ռիսկերը բարձր են գնահատում, Լարսը 20 օր փակ է եղել, երկրից ապրանք դուրս չի եկել դեպի Ռուսաստան, որը մեր ապրանքաշրջանառության մեջ լուրջ մաս է կազմում: Տնտեսություն փող չի մտել: Պետք է ռեալ նայել: Նույն պատերազմի ժամանակվա իրավիճակն է այսօր տնտեսության մեջ: Այն ժամանակ ասում էինք՝ հաղթելու ենք, հիմա ասում ենք՝ տնտեսությունը լավանալու է: Ժողովրդին պետք է պարզ ասեն՝ բյուջեի մասին օրենքի ծախսային մասի փոփոխություն է պետք անել, դրա փոխարեն ասում են՝ ձգտում ենք երկնիշ աճի: Կարող է ընտրություններից հետո այդ մարդը՝ Քերոբյանը, նոր պաշտոնի գնա, էլ չլինի էկոնոմիկայի նախարար, բայց այսօր նա գոնե պետք է ասի, որ երկնիշն իրատեսական չէ: Թող ասի՝ ձգտելու ենք աճի, բայց ոչ՝ երկնիշ աճ ենք ապահովելու: 

- Բյուջեում ո՞ր ծախսերը պետք է կրճատվեն, Ձեր կարծիքով, ու ինչքա՞ն:   

- Չեմ կարող ասել, թե որքան, բայց ծախսային հոդվածների կրճատումը, միանշանակ, հնարավոր է: Թող պաշտոնյաներն ավտոները կանգնեցնեն, ոտքով ման գան: Այդքան այցելություններ են անում մարզեր՝ տարածքային կառավարման նախարարը թող մենակ գնա էդ մարզեր, խնդիրներին ծանոթանա: Կամ պարգեւավճարները: Ի՞նչ են արել, որ այդքան պարգեւավճար են տալիս: Ինչո՞ւ պետք է համատարած իմ, քո, մյուսի հաշվին պարգեւավճար տան: Համարձակություն ունեցեք՝ այդ պարգեւավճարը վերաձեւակերպելու որպես աշխատավարձ: Ես կողմնակից եմ, որ պետական ծառայողը բարձր աշխատավարձ ստանա, բայց կրճատեք հաստիքները: Չպետք է վախենալ խիստ որոշումներից, որ ինչ-որ մեկը կնեղանա: 

- Ո՞ր ոլորտը պետք է առաջնահերթ զարգացնել, ըստ Ձեզ: 

- Պետք է վերականգնել բանակի ներուժը, ռազմական տեխնիկան արագ համալրել, վայրկյան առաջ: Այսօր Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տալիս ինչ ասես խոսել, բայց ոչ մի պաշտոնական պատասխան չի լինում: Ժողովուրդը դրանից նեղվում է: Մենք չունենք ղեկավար, ԱԳՆ նախարար, ինչո՞ւ ոչ մի պաշտոնական պատասխան չի գնում: Գոնե ասեն՝ Զանգեզուրը ձերը չի, թող ասեն՝ Բաքու քաղաքը հիմնել է հայոց թագավոր Տրդատ Ա-ն՝ իր եղբայր Բակուր I-ի պատվին, ու կոչվել է Բակուրակերտ անունով: Ինչո՞ւ չեն պատասխան տալիս: 

- Դուք այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կկազմե՞ք: Ո՞ր քաղաքական ուժերի հետ: 

- Դա քննարկվում է վերջում: ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո երբ որ քննարկվում են երկրի զարգացման ծրագիրը, դիրքորոշումները, նոր հետո կոալիցիա է կազմվում: Մինչեւ ընտրությունները մենք բաց ենք: Բոլոր կուսակցությունները, որոնք ընդունում են ազգային գաղափարախոսությունը, որ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը տանելու է, կարող են գան, կպչեն մեզ: Սա լինելու է ավանդական հայկական կուսակցություն: Եթե Դաշնակցության մոդելում դրսից եկան, հիմնեցին այստեղ կուսակցություն, ապա «Միացյալ Հայաստանի» ճյուղերն այստեղից գնալու են դուրս: Ինձ հիմա զանգում են Գերմանիայից, ԱՄՆ տարբեր նահանգներից, ասում են՝ ուզում ենք մասնակցենք Ձեր կուսակցությանը: Ես ասում եմ, որ սա բոլորիս կուսակցությունն է, իմը չէ միայն: 

- Ովքե՞ր են այսօր Ձեր կողքին: 

-  Իմ բիզնեսմեն ընկերները: Մեր տնտեսվարողների մոտ արատավոր հոգեբանություն կա: Ասում են՝ ի՞նչ գործ ունես քաղաքականության հետ, քո գործն արա: Իհարկե, մենք վճարենք հարկերը՝ ուրիշը որոշի, թե ինչ տրամաբանությամբ պետք է երկիրը զարգանա: Բայց բիզնեսը, տնտեսությունը, որն ամենի հիմքն է, չպետք է խառնվի: Այդպես չպետք է լինի: Մարդկանց մեջ վախ կա, որ եթե դու այսինչ կուսակցության համակիր ես, մյուսը քեզ պետք է ճնշի: Ժողովրդի մեջ այդպես է մտել: Բայց մենք այսօր մեկ գաղափար պետք է ունենանք բոլորս՝ հզոր տնտեսություն, հզոր Հայաստան: 

- Դուք աշխատել եք նաեւ նախկինների հետ, ներկաների օրոք էլ ընտանեկան բիզնեսն եք վարել: Դուք սեւերի՞ կողմն եք, թե՞ սպիտակների: 

- Կառավարման համակարգում այսօր նույնիսկ սովետական շրջանից եկած մարդիկ կան: Հենց այդ տարանջատումը՝ սեւերի ու սպիտակների, ամենամեծ սխալն է: Մենք մեր պետության պոտենցիալը բաժանել ենք, մինչդեռ պետք է կառավարեն բոլորը, ավելորդ հայ աշխարհում չկա: Մենք պետք է փոփոխություն անենք, որ սփյուռքից մարդիկ գան, ներգրավվեն կառավարման օղակներում, մեզ պրոֆեսիոնալներ են պետք, ոչ թե նվիրվածներ կամ հավատարիմներ: 

- Ձեր հարազատներին չե՞ք բերի, եթե պաշտոն ստանաք: 

- Ոչ, ինձ պետք չէ, որ իմ զինվորները լինեն, ես ունեմ երեխա, որոնք իմ զինվորներն են, մնացածը պետք չէ, որ իմը լինի: 

- Ինչքա՞ն ժամանակ է պետք տնտեսությունը գոնե մինչպատերազմյան մակարդակին հասցնելու համար: 

- 2-3 տարում մեր տնտեսությունը, եթե ճիշտ կառավարվի ու օգտագործվի սփյուռքի մեր հայերի ու նրանց ընկերների պոտենցիալը, ավելի լավ վիճակում կլինի, քան պատերազմից առաջ: Մարդիկ բազմիցս խաբվել են ներդրումներ անելիս: Պետությանը, պետական կառավարմանը վստահության դեպքում մի տարում արդեն մեծ ներդրումներ կարելի է բերել: 

- Ո՞ր երկրներից: 

- Մենք ընկերություն անող ազգ ենք, մեզ հավատում են աշխարհի բոլոր պետություններում՝ Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից: «Գույք՝ պարտքի դիմաց» ձեռնարկություններ ենք տվել Ռուսաստանին, բայց դրանք չեն աշխատում: Դրանք կա՛մ պետք է աշխատեն, կա՛մ հետ տրվեն պետությանը: Պետությունը պետք է իր վրա էնքան մեծ վստահություն ունենա, որ ասի՝ քեզ տվել եմ 100 մլն-ի դիմաց, սա հետ տուր ինձ, ես էլի պարտք եմ քեզ 100 մլն, կտամ: Չինացին կանի, թե հնդկացին՝ ես չեմ ուզում ինձ մոտ գույք մնա: Սա պետք է բանակցությունների արդյունք լինի: Վաղը «Նաիրիտը» կարելի է, այլ պետության հետ պայմանավորվելով, աշխատեցնել, ինչո՞ւ ենք հեռու գնում: 400 մլրդ դոլար Չինաստանը պայմանավորվեց Իրանի հետ, որ ներդրում անի: Դա մեզ հիմք է տալիս, որ մենք մտնենք երրորդ օղակ, իրենք մեր 2 հազար տարվա դաշնակիցներն են: Մենք պետք է մեր բանակցելու, հզորներին իրար կապելու փորձն օգտագործենք: 

- Կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված ի՞նչ եք մտածում: Կառավարությունն ասում է՝ դա տնտեսության զարգացման լուրջ գործոն է, ժողովրդի համար Թուրքիան եւ Ադրբեջանը նախեւառաջ թշնամիներ են: 

- Սահմանը պետք է բացվի, բայց ճանապարհը պետք է լինի ոչ թե հորիզոնական, Մեղրիի հատվածից, այլ՝ ուղղահայաց: Մենք, որպես պետություն, կարող է ավելի լայն ճանապարհից ենք թույլ տալիս օգտվեն իրենց տրանսպորտային միջոցները: Ասենք, կարող է ավտոճանապարհը Երասխից մտնել, Մեղրիից դուրս գալ: Բայց ո՞վ են իրենք, որ իմ երկրում որոշեն, թե ոնց պետք է անցնի այդ ճանապարհը: Մարգարայում ունեմ երկաթուղային հանգույց, մուտքն այդտեղից եմ տալիս, նոր երկաթուղի ինձ պետք չէ, իմ տարածքով կանցնեն, դուրս կգան: Իրենց ի՞նչն է հետաքրքիր, որ տարանցիկ ճանապա՞րհ ունենան, թե՞ իմ աշխարհաքաղաքականության մեջ խառնվեն: Թույլ չեմ տալիս, որ խառնվեն, բայց ճանապարհ տալիս եմ: Ընդ որում, ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը, այլ Հայաստանը պետք է տա անվտանգ երթեւեկության երաշխիքը: Ու դրա դիմաց պետք է ինքն էլ քեզ ճանապարհ տա: 

- Լուրեր են տարածվում, որ Ձեզ օգնում է Արա Աբրահամյանը: 

- Ես Արա Աբրահամյանին չեմ ճանաչում, եղբորը, որպես բիզնեսմենի, ճանաչում եմ, շփվել ենք Գործարարների միության շրջանակներում, բայց նրան վերջին անգամ մի քանի ամիս առաջ եմ տեսել:   

- Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ միավորվեք, կոալիցիա կազմեք ինչ-որ փուլում: 

- Ես ասել եմ, որ էս երկիրն իրեն չի կարող ճոխություն թույլ տալ, առաջիկա ընտրություններից հետո ունենա ընդհանրապես օպոզիցիա: Բոլոր ուժերը, գալով ԱԺ, էնքան համարձակություն պետք է ունենան, որ պետական գաղափարախոսության շուրջ համախմբվեն: 

- Քոչարյանն էլ էր այդպես անում՝ պրոֆեսիոնալներ եւ ոչ մի ընդդիմություն: 

- Եկեք անձերից վերանանք: Քոչարյանը եթե մի բան ճիշտ է անում, պետք է ծափ տանք, եթե Փաշինյանն է ճիշտ անում, եկեք ծափ տանք, ուրախանանք: Հայտնվելով ԱԺ-ում՝ ես լինելու եմ մածունի մերանը, փորձելու եմ բոլորին համախմբել: 

- Իմքայլականներին, ՔՊ-ականների՞ն էլ: 

- «Իմ քայլում», ՔՊ-ում շատ խելացի գլուխներ կան: Ի՞նչ, հիմա էլ ասենք՝ սրանք սպիտակներ են, սրանց տեղ չտա՞նք նոր կառավարությունում: Ես չեմ դիտում՝ Նիկոլ է, ես անձեր չեմ դիտում: Ավելորդ հայ չկա: 
- Այս կառավարությունն իրեն վարկաբեկել է ամբողջությամբ: 
- Գուցե, ես գնահատականներ չեմ ուզում տալ: