Ծաղկաձորում հանգստի գներն աստղաբաշխական են. որքան արժե մեկօրյա հանգիստը

Ծաղկաձորում հանգստի գներն աստղաբաշխական են. որքան արժե մեկօրյա հանգիստը

Ամառվա այս օրերին քաղաքացիների շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է հանգստյան ուղեգրերին ու հատկապես գներին: Մեր քաղաքացիներից շատերը, ինչպես հայտնի է, վերջին տարիներին գերադասում են հանգստանալ արտերկրում, քան Հայաստանում: Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ գներ են առաջարկում հայաստանյան հանգստյան տներն այս տարի: Հայաստանում հանգստի սեզոնի մեկնարկը տրվում է հիմնականում հուլիսին, ավարտվում՝ սեպտեմբերին: 

Ծաղկաձորի մի քանի հյուրանոցային համալիրներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արժե մեկօրյա հանգիստը: Ի դեպ՝ Ծաղկաձորում հանգստի այնպիսի պահանջարկ կա, որ մեզ շատ դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել «Մարիոթ» և «Մուլտի» հյուրանոցային համալիրներ: Աշխատակիցները նշեցին, որ զանգերի չդադարող հոսքի պատճառով չեն հասցնում բոլոր զանգերին պատասխանել: Փաստորեն որքան էլ մարդիկ դժգոհում են ծաղկաձորյան հանգստի աստղաբաշխական գներից, միևնույնն է օգտվում են Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներից:

Ծաղկաձորի «Մարիոթ»-ից մեզ ասացին, որ հանգստի ստանդարտ արժեքը սկսվում է 48 հազար դրամից՝ մեկանգամյա սնունդով: Աշխատակիցը նշեց, որ լյուքս համարներից այս պահին ազատ է միայն նախագահականը, որի մեկօրյա արժեքը՝ 300 հազար դրամ: Նախագահական համարը նախատեսված է 6 անձի համար:

«Մուլտի ռեստ հաուս» Ծաղկաձորից էլ նշեցին, որ ստանդարտ համարը սկսվում է 50 հազար դրամից՝ երեքանգամյա սնունդով: Կիսալյուքս տարբերակն արժե՝ 70 հազար դրամ: Դելյուքս տարբերակի մեկօրյա արժեքն էլ արժե 85 հազար դրամ:

«Ռոսիա» հյուրանոցից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ ստանդարտ համարների մեկօրյա արժեքը՝ 40 հազար դրամ է, լյուքս համարի արժեքը՝ 90 հազար դրամ, դելյուքս տարբերակը՝ 60 հազար դրամ: «Ռոսիա» հյուրանոցում գործում է նախաճաշ և ընթրիք: