Երբ պատերազմը միավորում է, խաղաղությունն էլ չպետք է բաժանի
Պատերազմը միավորում է, խաղաղությունը՝ բաժանում. այս ձեւակերպումը ծնվել է Հայաստանում եւ հայկական իրականությունից: Հայկական այս իրականությունը հաճախ շփոթեցնում է աշխարհին, որը հայ ժողովրդի առեղծվածի եւ ուժի աղբյուրը փնտրում է այդ իրականությունից դուրս: Հայկական այս իրականությունից է ժայթքել նաեւ Չարենցի ազգային պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Յուրաքանչյուր հայ վստահ է՝ հայ ժողովրդի հաղթանակներն ու ազգային զարթոնքը ծնվել են միասնականությունից եւ հավաքական կամքից, պարտությունները՝ երկպառակություններից:
Եթե պատերազմը միավորում է հայ ժողովրդին, ապա խաղաղությունը՝ բաժանում: Իրականում ոչ թե խաղաղությունը, այլ խաղաղության հետ վերստին վերադարձած քաղաքականությունն է դառնում բաժանարար: Հայկական իրականության պարադոքսն այն է, որ պատերազմը եւ խաղաղությունը կերտում են երկու՝ իրապես տարբեր ժողովուրդ: Եթե մահերով եւ հերոսություններով առլեցուն պատերազմի հետ գալիս է միասնականությունը, ապա խաղաղության հետ՝ քաղաքականությունն ու տարաձայնությունները: Խաղաղության հետ վեր է հառնում հայկական մեկ այլ իրականություն՝ սխալներով, անարդարությամբ, տարաձայնություններով, որոնք պատերազմը մի կողմ է հրում-անտեսում: Խաղաղության հետ վերադարձած քաղաքականությունը մի կողմից ավելի ցցուն է դարձնում իրականությունը, մյուս կողմից՝ քաղաքական խնդիրների պատասխանների փնտրտուքը դառնում է համազգային տարաձայնությունների պատճառ:
Հայ ժողովուրդը, որպես կանոն, մեծ քաղաքականություն մտել է դժկամությամբ, խարխափելով, պարտադրված, երբ այլ ելք չի տեսել: Մեծ քաղաքականության սառնությունը, խութերն ու ալեկոծումները միշտ վանել են հայերին, մինչդեռ ներքին քաղաքականությունը գրավել է մեզ, ինչպես անապատի բեդվիններին՝ ավազե փոթորիկները: Թեպետ այն, ինչ հայկական իրականության մեջ «ներքին քաղաքականություն» վերտառությամբ է հայտնվում, պարզունակ է եւ մակերեսային:
Հայ քաղաքական մտքի պարզունակությունը փակել է համազգային մեծ նպատակների եւ ծրագրերի սահմանման եւ իրականացման դարպասները: Անկարող լինելով նավարկել համաշխարհային քաղաքականության օվկիանոսում՝ հայ ժողովրդի տարբեր հատվածներ քաղաքական խնդիրները քննարկել են նույն պարզունակությամբ եւ դյուրահավատությամբ: Եվ որքան պարզունակ են եղել քաղաքական հաշվարկները, նույնքան պարզունակ՝ պատասխանները:
Հենց այդպես են հայ ժողովրդի տարբեր հատվածներ տարբեր ժամանակներում քննարկել ազգային հարցերը, քաղաքական խնդիրները, աշխարհաքաղաքական վայրիվերումները՝ երբեմն այդ ամենում որոնելով ոչ թե համազգային, այլ սեփական շահերը: Հայաստանում եւ Սփյուռքում քաղաքական բանավեճերը հաճախ ընթանում են գնահատականների պարզունակությամբ, հաշվարկների սխալներով, վտանգների եւ հնարավորությունների անտեսմամբ, միջազգային քաղաքականության անգիտությամբ եւ ներքին անվստահությամբ:
Եթե այս պատերազմի հետ համազգային միասնականությունն ավարտվի, ապա խաղաղության հետ կվերադառնան քաղաքականությունն ու բանավեճը: Եվ եթե այս պատերազմը մեզ ավելի իմաստուն եւ հեռատես դարձրած չլինի, ապա հայկական քաղաքականությունը դարձյալ կառուցվելու է հին ու խարխուլ հիմքերի վրա:
Նույնիսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված այս պատերազմի ընթացքում հայկական միջավայրում ծիկրակող քաղաքականությունն ի հայտ է բերում քաղաքական դաշտի մոլորվածությունը, քաղաքականությամբ սեփական խնդիրները լուծելու ձգտումները՝ ընդգծելով դրանց վտանգավորությունն ու անհեռատեսությունը:
Հայկական հասարակական-քաղաքական միտքը նույն պարզամտությամբ է այժմ քննարկում ղարաբաղյան լայնածավալ այս պատերազմում ռուսական գործոնի դերն ու նշանակությունը, ավելի որոշակի՝ պատերազմը Ռուսաստանի միջնորդությամբ ավարտելու եւ հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցերը, որոնք ծագել են Մոսկվայում, եւ հայկական միջավայր են նետել Մոսկվայի հայ տեղապահներրը:
Խաղաղապահների հարցը հայկական օրակարգում է հայտնվել ղարաբաղյան բոլոր պատերազմների ժամանակ, անգամ՝ ավարտից հետո որոշ ժամանակ այն դեռ մնացել է օրակարգում: Պատերազմի այս 12 օրերի ընթացքում առավելությունը, տարբեր մեծությամբ, հայկական կողմինն է, սակայն պատերազմում բեկում դեռ չկա, եւ որքան ուշանում է այդ բեկումը, այնքան հաճախադեպ են դառնում խաղաղապահների տեղակայման եւ ռուսական միջնորդության մասին քննարկումները Հայաստանի եւ Ռուսաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Եվ որքան հաճախադեպ են դառնում քննարկումները, այնքան մեծանում է ռուսական գործոնի աճի վտանգը:
Խաղաղապահների տեղակայումը աշխարհի որեւէ թեժ կետում ոչ միայն խաղաղություն չի ապահովել, այլեւ նվազեցրել է հակամարտությունների քաղաքական կարգավորման հնարավորությունները, անգամ՝ անզոր լինելով կանխել ցեղասպանությունները:
Տարբեր հակամարտությունների սառեցման փորձերը վկայում են, որ խաղաղապահներով ոչ թե խաղաղություն է պարտադրվում, այլ աշխարհաքաղաքականություն: Ղարաբաղյան հակամարտության դեպքում հիմնականում քննարկվում է ռուս խաղաղապահների տեղակայման խնդիրը՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսական երկարատեւ ներկայությունը եւ տարածաշրջանում ռուսական ազդեցությունն ու աշխարհաքաղաքական երթեւեկը:
Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման խնդիրը դարձյալ կարող է պառակտել հայ ժողովրդին, որը Հայաստանում ռուսական ներկայության հարցում երբեք միաձայն չի եղել: Ռուս խաղաղապահների խնդիրն անգամ արեւմտամետների եւ ռուսամետների քաղաքական հակասություններին չի առնչվում, մանավանդ որ այս պատերազմում հայկական կողմը ձգտում է առաջնորդվել երրորդ ուժի բացառման օրենքով: Ռուս խաղաղապահների ներկայության խնդիրը հարկ է քննարկել ոչ թե արեւմտամետության եւ ռուսամետության հակասությունների համատեքստում, այլ հետեւյալ հարթությունների մեջ.
1. սոցիալ-հոգեբանական եւ մշակութային
2. քաղաքական
3. ռազմական
4. աշխարհաքաղաքական:
Սոցիալ-հոգեբանական եւ մշակութային հարթություն
Հայաստանում, ուր հանրության մի մասը Ռուսաստանին շարունակում է համարել ՀՀ անվտանգության երաշխավոր, ռուսական միջամտության եւ ռուս խաղաղապահների տեղակայման դեպքում հայ ժողովրդի հաղթանակն այս պատերազմում դարձյալ վերագրվելու է Ռուսաստանին, որը, ըստ հայ ավանդական մտածողության, վիշապին հաղթողի պես եկավ փրկելու հայերին: Հայկական հասարակական-քաղաքական բանահյուսությունը դարձյալ հավատալու է «հավերժ Ռուսաստանի հետ» հեքիաթին, որով ջարդելու են հայ ժողովրդի դիմադրողականությունը, միասնականությունը, ոգեղենությունը: Սա հոգեբանորեն թրատելու է մեզ եւ նույնքան վտանգավոր է, որքան ռազմաճակատի առաջնագիծն օտարին հանձնելը եւ դիցաբանական հավատալիքներով պատերազմ նետվելը: Հասարակական մտածողության հպատակեցումը ռուս զինվորին՝ ճանապարհ է բացելու նաեւ քաղաքական հնազանդության համար: Բացի այդ, ռուս խաղաղապահների ներկայությունը կդառնա Հայաստան ռուսական լեզվամշակութային ներխուժման նախադուռ:
Քաղաքական հարթություն
Ռուսաստանը, որ իր հայ տեղապահների եւ գործակալների միջոցով վաղուց է հաստատվել Հայաստանում, վերսկսելու է մեր երկրում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրներ լուծել՝ դառնալով ներքաղաքական ազդեցիկ գործոն, արտաքին քաղաքականության մեջ Երեւանի համար գործընկերներ ընտրելով եւ մեկուսացման դատապարտելով մեր երկիրը: Այս ամենի հետեւանքը պատմականորեն աղետալի կլինի՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունն ու անկախությանը:
Ռազմական հարթություն
Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն արդեն իսկ տեւական կախյալության մեջ է գցել մեր երկիրը, իսկ արդեն հայ-ադրբեջանական սահմանագծում խաղաղապահների տեղակայումը նշանակում է Ղարաբաղի շրջափակում, ապա եւ՝ բռնակցում:
Աշխարհաքաղաքական հարթություն
Այս դաշտը կարող է անասելի թեժանալ Ռուսաստանի եւ այլ պետությունների շահերի, հետաքրքրությունների, ազդեցությունների համար մղվող պայքարից: Հայաստանը կարող է զոհաբերվել աշխարհաքաղաքական հակասություններին, գործարքներին եւ ռազմական բախումներին: Ռուսաստանը, որպես աշխարհաքաղաքական առեւտրում բազմափորձ պետություն, հայկական շահերը միշտ էլ կարող է սակարկել:
Մոսկվան գիտե, որ 2016թ. պատերազմից հետո, Ադրբեջանին ռուսական մեծաքանակ զենքի ու զինամթերքի վաճառքի հետեւանքով Հայաստանում արդեն չեն վստահում Ռուսաստանին եւ առաջվա պես չեն ապավինում ռուսական ներկայությանը:
Այս պատերազմի ավարտից հետո Հայաստանում երկարատեւ խաղաղության հետ մեր կյանք վերադարձող քաղաքականությունը պետք է ծառայի բացառապես Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին: Քաղաքական խնդիրների պատասխանների տենդագին փնտրտուքն ու տարաձայնություններն անգամ չեն կարող մեզ բաժանել եւ չեն կարող նվազեցնել Հայաստանի հանդեպ ունեցած մեր սերն ու պատասխանատվությունը:
Այս դեպքում եթե պատերազմը մեզ միավորել է, ապա խաղաղությունն էլ չի կարող բաժանել:
Կարծիքներ