Միամի՞տ, թե՞ մանկամիտ

Միամի՞տ, թե՞ մանկամիտ

Մենք շատ համառ ժողովուրդ ենք` կառչած մեր սխալներից ու մոլորություններից: Ճկուն չենք, ժամանակին համընթաց չենք գնում, ստանդարտից դուրս որոշումներ չենք կարողանում կայացնել: Ապրում ենք այնպես, ինչպես մեր պապերն են ապրել այս լեռնաշխարհում` միամիտ, դյուրահավատ, իրենց հողից, եղանից ու գերանդուց կառչած, իրենց թշնամիներին բարեկամներից չտարբերելով: 100 տարի, 1000 տարի հայը մնացել է նույնը. խոցելի ու բաց` ոսոխների առաջ, դյուրահավատ` իրեն խաբող կառավարիչների հանդեպ, անմիաբան ու անպատրաստ` դրսից սպասվող արհավիրքներին: Բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են վերելքներ ու վայրէջքներ, բայց դրանցից դասեր են քաղել, հետեւություններ արել: Մեր ներսի դավաճաններին ու դրսից մեզ ուղղված մարտահրավերները մենք չենք կարողացել ժամանակին ճանաչել եւ չեզոքացնել:

Հավատացել ենք ամեն մի խոստումի, կառչել ենք չնչին հույսերից: Հիմա էլ ոգեւորվում ենք, երբ Ռուսաստանի նախագահը «Հայաստան» բառն է արտաբերում, երբ եվրոպացի կուշտ ու անտարբեր դիտորդներ են Հայաստան ժամանում: Մեզ թվում է` ՀՀ վարչապետի արտաբերած մի կոշտ խոսքը կսաստի մեր թշնամիներին, իսկ ԱՄՆ պետքարտուղարի խրախուսանքը կլուծի մեր հարցերը: Մեր դյուրահավատությունը երբեմն մանկամտության է նմանվում: Ասենք, ո՞վ կարող է բացատրել, թե ինչու ենք մեծով-փոքրով, վարչապետով-պատգամավորով, իշխանությունով-ընդդիմությունով վերլուծում, քննարկում 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն ու տողերը: Քանի՞ տարի է հարկավոր՝ հասկանալու համար, որ այդ հայտարարությունն առոչինչ է, քանի որ իր գլխավոր նպատակին` հրադադարի հաստատմանն անգամ չի ծառայել: Մազոխիզմի սա ի՞նչ դրսեւորում է: Ակնհայտ չէ՞, որ այդ հայտարարությունն աշխատելու է այնքանով, որքանով ձեռնտու է հարեւան ագրեսորին: