Ակադեմիայի կարգավիճակը հստակ ընդգծված չէ օրինագծում

Ակադեմիայի կարգավիճակը հստակ ընդգծված չէ օրինագծում

Նախօրեին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի վերաբերյալ քննարկում, որը տեւել է մի քանի ժամ եւ անցել թեժ մթնոլորտում։ Մասնավորապես, ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է եղել ԳԱԱ կարգավիճակի հարցը, որը, ըստ նրանց, լղոզված է:

Թե օրինագծով որքանով են հստակ ամրագրվում ԳԱԱ-ի՝ որպես գիտական կառույցի դերն ու գործառույթները, ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանն ասում է՝ լավ կլիներ, որ ակադեմիայի կարգավիճակը հստակ ընդգծվեր ոչ թե որպես սոսկ բարձր կոչումներ եւ աստիճաններ ունեցող մասնագետների եւ գիտնականների միավորում, ու ակադեմիային վերագրվեր միայն խորհրդատվական գործառույթ, այլ, ինչպես նախկինում, նշվեր, որ այն բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը երկրում իրականացնում է հիմնարար եւ կիրառական գիտությունների ուղղությամբ ուսումնասիրություններ։ «Ներառում է իր մեջ բարձր աստիճան ունեցող գիտնականների եւ նաեւ գիտական կազմակերպությունների, որովհետեւ առանց գիտական կազմակերպությունների եւ առանց կիրառական հիմնարար հետազոտությունների, ակադեմիան՝ որպես այդպիսին, կորցնում է իր առաքելությունը։ Այ, սա է, որ չկա օրենքի նախագծում»,- ասում է Սուվարյանն ու նշում, որ այս հարցը գիտնականները մի քանի անգամ քննարկել են նաեւ նախկին նախարարի հետ, բայց իրենց հարցադրումներում կոնցեպտուալ տարբերություններ կան։

«Այն դրույթը, որն ընկած է օրենքի նախագծի հիմքում, թե գիտական կազմակերպությունները պետք է լինեն ազատ․․․ հիմա էլ ազատ են, բայց, ի տարբերություն ապագա ստեղծվելիք կոնսորցիումների, որը նախատեսում է օրենքի նախագիծը, արդեն ինքը՝ ակադեմիան, ձեւակերպված կոնսորցիումների խումբ է՝ ըստ առանձին բաժանմունքների, մասնագիտացված գիտնականների, այսինքն՝ նույն կոնսորցիումն է, որտեղ իրականացվում է հետազոտական աշխատանք։ Հետո՝ մի կարեւոր հանգամանք էլ կա, որ մենք անընդհատ շեշտում ենք, այսօր գիտությունները զարգանում են գիտությունների տարբեր ճյուղերի հատույթում, միջգիտակարգային ոլորտներում, եւ առանձին վերցրած ինստիտուտները, գիտական կազմակերպությունները չեն կարող հասնել հաջողությունների, եթե դրանք չհամագործակցեն միմյանց հետ եւ չիրականացնեն միջգիտակարգային ուսումնասիրություններ։ Մեր հարցադրումը հենց դա է, որ ակադեմիան ստեղծված է հենց դրա համար»։

Ակադեմիան խորհրդային երեւույթ չէ, ոչ էլ ռուսական՝ ընդգծում է գիտնականը, որովհետեւ Ռուսաստանի ԳԱԱ-ի 300-ամյակը դեռ չի էլ նշվել, իսկ մենք 2 տարի առաջ նշեցինք Մխիթարյան միաբանության 300-ամյակը։ «Սա յուրօրինակ ակադեմիա է, որտեղ ոչ միայն հայագիտությամբ են զբաղվում, այլ նաեւ՝ աշխարհագրությամբ, աստղագիտությամբ, հրատարակում են գիտական հանդեսներ, այսինքն՝ մենք Ռուսաստանից եւ Խորհրդային Միությունից առաջ էլ ունեցել ենք ակադեմիական հետազոտությունների փորձ։ Եվ ինչո՞ւ այսօր մեր ունեցած ավանդույթները թողած՝ հետեւենք երկրների, որոնք նոր կամ ավելի ուշ են ձեւավորվել»։

Այն, որ  կրթության եւ գիտության մասին օրենքները միացրել են, գիտնականը դրան եւս առարկում է․ «Եթե նայում ենք պատմական զարգացման ընթացքը․․․ տեսնում ենք, որ գիտության զարգացման հիմքը տնտեսությունն ու անվտանգության ապահովումն է եղել։ Այս երեքը միշտ սերտ համագործակցության մեջ են եղել, երկուսը միացնել իրար, երրորդը թողնել առանձին՝ ճիշտ չէ, ճիշտն այն է, որ ունենանք առանձին կրթության մասին օրենք, որովհետեւ այն ծայրից ծայր միասնական համակարգ է՝ սկսած հանրակրթությունից մինչեւ բարձրագույն կրթություն, եւ ունենանք առանձին գիտության մասին օրենք։ Սրանք կոնցեպտուալ խնդիրներ են, որ նաեւ քննարկումների ընթացքում են բարձրաձայնվում»։

Ակադեմիան թեպետ ձեւավորված կառույց է, բայց անթերի չէ: «Եթե խնդիր ունենք ակադեմիան բարեփոխելու, բարեփոխենք՝ դարձնենք ավելի կատարյալ»,- ասում է նա ու ընդգծում, որ շատ կարեւոր է ակտիվացնել գիտության եւ տնտեսության կապը, որպեսզի գիտությունը շաղկապված լինի տնտեսական խնդիրների հետ, որի մասին օրենքում ոչ մի հիշատակում չկա։

Այն, որ ակադեմիական ինստիտուտները կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, նշանակո՞ւմ է արդյոք, որ դրանք դուրս են գալու ԳԱԱ համակարգից, եւ նրանց ստատուսը նվազեցվում է։ «Դա անորոշ է գրված, բայց օրենքի տրամաբանությունից ելնելով, որքան նկատում եմ, այդ գիտական կազմակերպություններն աստիճանաբար ինտեգրվելու են բուհերին, եւ առաջին քայլն այդ ուղղությամբ այն է, որ գիտական կադրերի պատրաստման իրավունք է վերապահված միայն բուհերին, ինչն անընդունելի է, որովհետեւ գիտական կազմակերպությունը պետք է կարողանա ինքը պատրաստել կադրեր սերնդափոխության համար։ Եթե այդ քայլն արվում է այդ ձեւով, հուշում է, որ ապագայում դեպի բուհեր են տանելու գիտական կազմակերպությունները։ Իմ համոզմամբ, դա նույնպես չի կարող նպաստել գիտության զարգացմանը»։

Նախարարն ասել էր, որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման եւ գործունեության արդյունավետության հարցը պետք է դիտարկվի, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ նա դժգոհ է ԳԱԱ ինստիտուտների աշխատանքից։ «Մեր համակարգում գործող գիտահետազոտական ինստիտուտները գործում են ազատ եւ ֆինանսավորվում են ոչ թե ակադեմիայի կողմից, այլ ուղիղ գիտության կոմիտեի կողմից։ Մենք ստանում ենք առանձին տողերով ֆինանսավորման ծավալը՝ 30 ինստիտուտների, մեր խնդիրը միայն այդ գումարը փոխանցելն է, ինստիտուտները ստանում են այդ գումարը, կատարում հետազոտական աշխատանք, մենք՝ ակադեմիայի նախագահությունը, վերահսկում ենք միայն նրանց գիտական արդյունքները, ֆինանսական հարցերով մինչեւ հիմա չենք զբաղվել, դա մեր գործառույթը չէ, եւ այսուհետ էլ չենք պնդում դրա վրա։ Ակադեմիան՝ որպես գիտական կազմակերպություն, պետք է շարունակի աշխատել, որպես արդեն իսկ փորձարկված եղանակ»։