Երբ արժեզրկվում է բառը

Երբ արժեզրկվում է բառը

«Մի բառը մի աշխարհք է» թումանյանական իմաստնությանը դպրոցական նստարանից ենք ծանոթ: Բայց արդյոք մեր խոսքում հետեւու՞մ ենք դրան: Կարողանու՞մ ենք ընտրել բառ, որ ամենաստույգն է բնութագրում իրավիճակը: Կամ՝ հեռանկարը: Երեւույթն՝ առհասարակ: Կամ՝ մեր կողքին ապրող մարդուն: Ցավոք, ականատես ենք բառի, խոսքի համատարած արժեզրկման, դեգրադացիայի, երբ ով անցել է Արցախյան պատերազմը կամ ապրիլյան քառօրյան՝ անխտիր բնութագրվում է որպես «հերոս»: Եւ տեղի է ունենում իրականության ցավալի կերպափոխում:

Պատերազմի թեմայով ինչ գրված է՝ մի տպավորություն է ձեւավորում՝ ասես ամեն ինչ ռազմա-վարժական «զբոսանք» է եղել: Մենք, ցավոք, անցյալի գոնե իրականությանը մոտ գիտակցում չասեմ, նույնիսկ ընկալում չունենք: Եղածն առասպելաբանություն է: Եւ կյանք մտնող սերունդները դրանով են սնվում: Օրերս ֆեյսբուքում մեկը հարցում էր արել՝ «ինչպե՞ս է Արցախի հերոս դարձել Արկադի Ղուկասյանը»: Խորհուրդ տվեցի նախագահի պաշտոնական կայքում ծանոթանալ համապատասխան հրամանագրին, այնտեղ ձեւակերպված է՝ «պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար»: Պատասխանեց՝ «համոզիչ չէ»: Հարցրի՝ «Արցախի նախագահի հրամանագիրը համոզիչ չէ՞»: Վստահ գրեց՝ «այո»: «Իսկ ի՞նչն է համոզիչ»- փորձեցի հասկանալ: Նա ուղարկեց Գարեգին Նժդեհի մի քանի գրքերի շապիկ-լուսանկարները:

Պատասխանեցի, որ Նժդեհ չեմ կարդացել, չեմ կարդում եւ չեմ պատրաստվում կարդալ, ինքն ամփոփեց. «Ուրեմն մնացեք բարով»: Նրա պատկերացմամբ՝ ով Նժդեհ չի կարդացել, հերոսության մասին խեղված պատկերացումներ ունի: Եւ համոզված է, որ Արկադի Ղուկասյանն արժանի չէ Արցախի հերոսի բարձր կոչման, որովհետեւ, գիտե՞ք՝ պատերազմին չի մասնակցել, քաղաքներ եւ գյուղեր չի ազատագրել: Իրեն նժդեհական համարող երիտասարդի համար ոչ մի նշանակություն չունի, որ Արկադի Ղուկասյանը 1999-2000թ.թ. ճակատագրական իրավիճակում անկոտրում կամք եւ բացառիկ հետեւողականություն է դրսեւորել՝ Արցախը դուրս բերելու անձնիշխանության ճիրաններից, հաստատելու ժողովրդավարություն: Որ եթե դա տեղի չունենար, ինքն այսօր կուսակցություն հիմնադրելու եւ Նժդեհին պանծացնելու հնարավորություն չէր ունենա: Կլիներ մեկ «կուսակցություն» եւ մի կենդանի «Նժդեհ»: Գնա եւ երկրպագիր, որովհետեւ նա է հերոսը: Միակը: Ում անունը լսելիս թշնամին սարսափահար է լինում: Ահա այսպիսի առասպել: Որովհետեւ պատերազմի տարեգիրներն արժեզրկել են ամեն ինչ:

1994-ից հետո կյանք մտածներից երեւի քչերը գիտեն, որ այդ տարվա ձմռանն Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով մենք հարավային ուղղությամբ հակառակորդին ենք զիջել Հորադիզ ավանը եւ էլի 28 բնակավայր: Որ Քելբաջարում դրությունը փրկվել է բառացիորեն վերջին ճիգով: Եւ որ հրադադարը ոչ թե միակողմանի զիջում էր, այլ՝ ռազմաքաղաքական անհրաժեշտություն:

Նման մտքերի վրա տաբու է դրված: Նոր իշախանություններին մեղադրում են հասարակությունը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու մեջ: Բայց մոռանում են, որ քսան տարի այդպես էր, քաղաքական դաշտի մի բեւեռում հերոսներն էին, մյուսում՝ պարտվողականները: Նույնիսկ բառ է ստեղծվել՝ «հողատու»՝ հայտնի հայհոյախոսության հետ ակնհայտ ասոցացիայով: Միշտ զարմացել եմ՝ մեր գրականությունը, մշակույթն առհասարակ 1918-20թ.թ. իրականությունից գրեթե ոչինչ չունի: Իրոք հերոսական մի էպոխա չի գեղարվեստականացել: Նույնը՝ այսօր: Իրենց ազգային դժբախտությունը մեր հարեւանները գեղարվեստականացրել են: Դա Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» եռագրությունն է: Իրենց ապոկալիպսիսը նրանք վաղը հասկանալու են Այլիսլիի գրողական խիզախումով: Մեր իրական խիզախումը ԲԱՌԻ տեսքի չի բերվել: Մենք բառն արժեզրկել եւ մատնվել ենք անպտուղ տեղապտույտի, հայտնվել փակ շրջանի մեջ: Ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ արդար խոսքով է նշելու մեր ընթացքը: Ահա գերխնդիրը: Որովհետեւ «մի բառը մի աշխարհք է» եւ լինում, ամբողջանում, տեսքի է գալիս այն, ինչ ԱՍՎՈՒՄ է:

Հ. Գ. Երբեմն հանդիպում ենք «արցախյան հիմնախնդիր» կամ «արցախա-ադրբեջանական հակամարտություն» ձեւակերպումների: Ակնհայտ նոնսենս: Որովհետեւ եթե արդեն Արցախ ենք, հիմնախնդիր եւ հակամարտություն չի կարող լինել: Բայց քանի որ իրականությունը բոլորովին այլ է, ուրեմն հիմնախնդիրը եւ հակամարտությունը մի անուն ունեն՝ ղարաբաղյան: Եւ պիտի գտնվի կարգավորման ԽՈՍՔԸ: