Որն էր Տավուշում փորձարկվող նոր չափորոշիչների նորարարությունը

Որն էր Տավուշում փորձարկվող նոր չափորոշիչների նորարարությունը

Օրերս Դիլիջանի միջազգային դպրոցում հանդիսավոր արարողությամբ ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշիչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։ 
Հիշեցնենք, որ հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման ծրագիրը մեկնարկել է 2021-ին, նույն տարվա սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվեց համաձայն նոր չափորոշիչների, իսկ փորձարկումն իրականացվեց բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած, վերջացրած նոր բովանդակությամբ ուսումնական նյութերով: Նկատենք, որ նոր չափորոշիչներով մեծ տեղ էր տրված խմբակներին, 7-րդ դասարանից սկսած՝ ներդրվելու էր նախագծային ուսուցումը, որն աշակերտի կողմից հետազոտական աշխատանքի իրականացումն է: Պետք է ուսուցանվեր «Արվեստ» ինտեգրված առարկան, ինչպես նաեւ՝ «Իմ հայրենիք» նոր առարկան։ 

Մինչ փորձարկումը, հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստումներ է իրականացրել Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ), իսկ բնագիտամաթեմատիկական եւ ճարտարագիտության բնագավառի (ԲՏՃՄ) մանկավարժների համար՝ «Այբ» կրթական հիմնադրամը:

2023-24 թթ. ՀՀ մյուս ուսհաստատությունները եւս կմիանան բարեփոխումներին. ամբողջական ներդրումը կավարտվի 2026-ին։ Այս ուսումնական տարում չափորոշիչի փորձարկումը կիրականացվի նաեւ Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 11-րդ դասարաններում: 

Տավուշի մարզի դպրոցների տնօրեններից փորձեցինք ճշտել, թե ինչպես են գնահատում նոր չափորոշիչի առաջին փուլի փորձարկման արդյունքները, ինչ թերացումներ ու բացթողումներ են եղել, որքանով է հաջողել փորձնական ծրագիրը, եւ որն էր Տավուշում փորձարկվող նոր չափորոշիչների նորարարությունը։ 

Արծվաբերդի Բ. Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սիրանուշ Ուզունյանն ասաց, որ դրական է գնահատում։ «Չափորոշիչը շատ ավելի պարզեցված է, եւ այս ամեն ինչի կարիքը մեր հանրապետության մյուս բոլոր դպրոցները եւս ունեն։ Հետագայում, երբ ամբողջությամբ ներդրվի, ավելի զգալի կլինեն արդյունքները, իսկ առաջին փուլի համար մեծ ծավալի աշխատանք է կատարված։ Իհարկե, կային նաեւ որոշ մանր-մունր հարցեր, կային դասագրքերի որոշ թեմաների խնդիրներ, որոնք մենք քննարկել ենք, եւ հուսով եմ, որ հետագայում ընթացք կստանա եւ ավելի ճիշտ ձեւով կդրվի։ Յուրաքանչյուր գործի մեջ էլ լինում են թերացում, սխալ, մենք անկեղծորեն ասել ենք, թե ինչում համաձայն չենք, ինչը կուզեինք ուրիշ ձեւով տեսնել, եւ իրենք մեզ լսել են»,-ասում է տնօրենը եւ օրինակ բերում այն փաստը, որ վերջապես երեխաները մի երգ, մի պար սկզբից մինչեւ վերջ սովորեցին նոր ներմուծված «Արվեստ» առարկայի շրջանակներում․ «Ամբողջ դպրոցը սիրով ազգային պարը պարում է եւ ազգային երգը երգում է․․․ իսկ բարդությունների մասով՝ էն կարգի բարդություններ չեն եղել, որ որեւէ դպրոց չկարողանա ապահովել»։

Նոր չափորոշիչների նորարարությունը, ըստ էության, ո՞րն էր։ «Նախ՝ մոտեցումը, դպրոցական ճիշտ մշակույթի ձեւավորումը, որպեսզի մենք կաղապարված դպրոցից անցում կատարենք ազատ, սովորելու միջավայր ապահովող դպրոցին։ Հետո՝ շատ կարեւոր ձեռքբերում էին նախագծային աշխատանքները, որոնք երեխաները հաճույքով են կատարում, եւ, իհարկե, ձեւավորող գնահատումը։ Դա այն գնահատումն է, որ միավորային չէ, այլ՝ բնութագրման եղանակով, այսինքն՝ նիշերը, որին մենք սովոր ենք, չկա, հատկապես՝ տարրական դպրոցում, որը շատ ավելի ճիշտ է»,-նկատում է նա։     

Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանն էլ, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ, իսկ արդյունքը, ըստ նրա, հետագայում կերեւա․ «Ամբողջ տարի աշխատել ենք եւ ձգտել ենք բավարարել նոր չափորոշիչների պահանջները, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ աշակերտները կյանքում այդ ամենը պետք է օգտագործեն, որ դրա արդյունքներն էլ մենք տեսնենք։ Նախագծային աշխատանքները շատ լավ էին, երեխաները շատ հետաքրքրված աշխատում են, գոհ ենք, իսկ մնացածի մասով պետք է ամեն ինչ կյանքում իր տեղը գտնի, երեխայի որակյալ կրթությունը պետք է ապահովված լինի, հետո՝ նա դեռ պետք է ավարտի, որ արդյունքն էլ տեսնենք։ Հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի վերջնարդյունքը լավը լինի»։ 

Նոր չափորոշիչների էությունն ինչո՞ւմ էր դրսեւորվում։ «Օրինակ, լավ էր, որ մասնագիտական կողմնորոշումը, առողջ ապրելակերպը ներմուծվեցին»,- ասում է տնօրենն ու նշում, որ եղել են նաեւ թերություններ, թե ինչ բնույթի են եղել դրանք՝ տեխնիկական, թե բովանդակային, ասում է․ «Կան որոշ առարկաներ, որոնց թեմաներում հաջորդականությունը պահված չի եղել, ուսուցիչները բարձրաձայնել են դրա մասին, ասվել է մենթորներին, եւ դա կուղղվի»։ 

Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս չափորոշիչների կիրառման արդյունքում բավականին բեռնաթափվեցին դասագրքերն ու ծրագրերը, երեխաների համար դարձան ավելի հեշտ ու հետաքրքիր։   

Ակնհայտ է եւ նույնիսկ տրամաբանական, որ դպրոցի տնօրենները մեզ հետ զրույցում չէին խոստովանելու բոլոր այն խնդիրները, որի միջով անցել են այս մեկ տարվա ընթացքում, բայց փաստ է նաեւ այն, որ հանրակրթության նոր չափորոշիչի փորձարկման արդյունքում թերացումները, բացթողումները քիչ չեն եղել անցնող ուսումնական տարում, որի մասին մեզ հետ զրույցներում պարբերաբար բարձրաձայնել են հենց տնօրեններն ու ուսուցիչները։ Հենց միայն այն, որ նոր ուստարվա մեկնարկից մեկ ամիս անց էլ Տավուշի դպրոցներում անորոշ իրավիճակ էր՝ ուշացող ուսումնական նյութերի, մի շարք առարկաների դասավանդման հետ կապված, որոնք տնօրենի հայեցողությամբ տարբեր դպրոցներում տարբեր ժամաքանակով էին դասավանդվում, խոսում է այն մասին, որ փորձարկման փուլի արդյունքների մասին դեռ վաղ է գնահատականներ տալը։