13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 536 խաչքար եւ 4 մատուռ անցել են թշնամուն

13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 536 խաչքար եւ 4 մատուռ անցել են թշնամուն

«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ընթացքում, որը նվիրված էր մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, ներկայացվել է նաեւ որոշակի վիճակագրություն՝ կապված ոլորտի խնդիրների հետ։   

Համաձայն Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի՝ օկուպացված տարածքներում մնացել են 127 դպրոցական գրադարան՝ 617 հազար գրքով, 3 շրջանային գրադարան, 10 պետական եւ 2 մասնավոր թանգարան։ «Այսօր Ադրբեջանի կողմից երկու ուղղությամբ է արշավ տարվում: Մի կողմից՝ հուշարձանների ուղղակի ոչնչացում, մյուս կողմից՝ դրանց ներկայացում որպես ալբանական: Բայց, իմ կարծիքով, հայկական կողմն ունի հարուստ գիտապատմական նյութ, պարզապես այն պետք է շատ գրագետ ձեւով քարոզվի՝ մշակութային արժեքները վտանգից փրկելու համար»,- ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը եւ ներկայացրել մեկ այլ տեղեկատվություն՝ կապված պատերազմի ավարտից հետո ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում կազմված՝ օկուպացված տարածքներում մնացած պատմամշակութային ժառանգության հետ․  

«Շուրջ 2 հազար պատմամշակութային եւ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 536 խաչքար եւ 4 մատուռ, մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում: Բացառությամբ Տիգրանակերտի եւ Քաշաթաղի թանգարանների եւ մասամբ Շուշիի գորգերի թանգարանի պատմամշակութային արժեքների՝ դժբախտաբար, մնացածը հայտնվել է թշնամու վերահսկողության տակ»,- ընդգծել է նախարարը։