Ալիեւի ժամանակն սպառվեց

Ալիեւի ժամանակն սպառվեց

Թուրք ռազմական փորձագետ Աքինչին Ադրբեջանում մեկնարկող համատեղ զորավարժությունների շուրջ ինտրիգային դիտարկում է արել՝ ասելով, որ թուր-ադրբեջանական միացյալ հարվածը Հայաստանի համար կործանիչ կլինի: Սպառնալիքը՝ սպառնալիք, բայց չափազանց ուշագրավ է, որ տարածաշրջանային մեծ հավակնություններ ունեցող Թուրքիան, պարզվում է, Հայաստանը դիտարկում է ռազմական հակառակորդ: Ընդ որում՝ թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի համեմատ: Փաստացի սա նշանակում է, որ Թուրքիան ռազմական հաշվեկշռից դուրս է թողնում Ադրբեջանին՝ որպես առանձին միավորի:

Իսկ դրանից հետեւում է, որ Իլհամ Ալիեւի ժամանակն սպառվել է: Նա այլեւս ինքնուրույն դերակատար չէ, ինչը, բնակնաբար, հավասարազոր է նրան, որ Թուրքիան ընդունում է Ադրբեջանի՝ որպես անկախ պետության, չկայացածությունը: Համատեղ զորավարժությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ Իլհամ Ալիեւի դեմքը փրկելու հնարավորություն: Ավելի ճիշտ՝ Ադրբեջանում ներքաղաքական պայթյունը կանխելու միջոց, որպեսզի ապահովվի սահուն իշխանափոխություն: Ըստ երեւույթին, Մեհրիբան Ալիեւան ինչ-որ տեղ Թուրքիայի նախագահի ճաշակով չէ: Բացառված չէ, որ Բաքվում իշխանափոխության հարցը քննարկվում է Մոսկվա-Անկարա ձեւաչափում: Դա իրենց խնդիրն է:

Մեզ համար կարեւոր է թույլ չտալ, որպեսզի Թուրքիա-Ադրբեջան իրավաենթակայական հարաբերությունները պրոյեկտվեն Մոսկվա-Երեւան առանցքով: Պարզ ասած, Թուրքիան խնդիր է դրել Ադրբեջանի չկայացածությունը վերագրել նաեւ Հայաստանին՝ Ռուսաստանի միջոցով: Այսինքն, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող ինքնուրույն հարցեր լուծել, ապա պետք է պայմանավորվեն Ռուսաստանը եւ Թուրքիան: Էրդողան-Պուտին վերջին հեռախոսազրույցին հաջորդած ազդկաները վկայում են, որ Իլհամ Ալիեւը ԼՂ կարգավորման հարցում լիազորությունները վերապահել է Թուրքիայի նախագահին: Կամ նրան արդեն չեն հարցնում: Ի՞նչ է սպասվում հայ-ռուսական ուղղությամբ: