Ո՞նց կարելի է քաղաքին ու քաղաքի գլխավոր հատակագծին այսպես մոտենալ

Ո՞նց կարելի է քաղաքին ու քաղաքի գլխավոր հատակագծին այսպես մոտենալ

Օգոստոսի կեսերին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ ութ ամիս տեւած մշակումից հետո Երեւանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է, որը 1-2 ամսվա ընթացքում կներկայացվի Երեւանի ավագանու հաստատմանը։

Ինչպես արդեն գրել ենք, պայմանագիրը կնքվել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի հետ, ս.թ. հունիսի 20-ին՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ գլխավոր հատակագծի աշխատանքների կատարման ժամկետ սահմանվել է ս․թ․ հունիսի 30-ը։ Այսինքն, համաձայն կնքված պայմանագրի, Երեւանի գլխավոր հատակագծի մշակման համար նախատեսված է եղել ոչ թե 8 ամիս, այլ՝ 10 օր:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն անհավանական է համարում այն ժամանակը, որ տրվել է Երեւանի գլխավոր հատակագծի մշակման համար։ «Շատ կարճ ժամանակում արվել է քաղաքի գլխավոր հատակագիծը, բայց քաղաքի գլխավոր հատակագիծն արված էր, եւ ամեն ինչ արվեց, որպեսզի բան չմնա այդ նախկին նախագծից: Իսկ նոր նախագիծն էլ շատ արագ է արվել, տրվել է ընդամենը 15 օր, որպեսզի նախարարություններն ու վարչությունները էքսպերտիզաներ անեն ու կարծիք հայտնեն: Ո՞նց կարելի է քաղաքին ու քաղաքի գլխավոր հատակագծին այսպես մոտենալ: 15 օրում նույնիսկ նյութեր, տվյալներ չեն հասցնի հավաքել, ո՞ւր ենք այդպես շտապում` ես չեմ հասկանում: Մինչդեռ դա շատ կարեւոր փաստաթուղթ է եւ ուղենիշային է քաղաքի զարգացման համար: Այդպիսի կարճ ժամկետում անհնարին է պատասխանել բոլոր հարցերին ու անել լավ քաղաքաշինական նախագիծ, որովհետեւ միաժամանակ պետք է լուծվի տրանսպորտի, ենթակառուցվածքների ու մնացած շատ այլ հարցեր»,- ընդգծում է Ա. Մխիթարյանը: