«Բրյուսովում» ռեկտորի ԺՊ-ն յուրայինների շրջանակ է ձեւավորել

«Բրյուսովում» ռեկտորի ԺՊ-ն յուրայինների շրջանակ է ձեւավորել

Բրյուսովի անվան համալսարանում ստեղծված 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդը Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, դեկտեմբերին կայացած ռեկտորի ընտրություններում պարտված թեկնածու Դավիթ Գյուրջինյանին ամիսներ առաջ նշանակեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ում ԿԳՄՍ նախարարը՝ մարտ ամսին, ոստիկանների ուղեկցությամբ բերեց ներկայացրեց բրյուսովցիներին։
Թեեւ ռեկտորի նոր մրցույթ չի հայտարարվել, քանի որ նոր հոգաբարձուների խորհուրդ էլ չի ձեւավորվել, եւ դեռ կան դատական գործընթացներ՝ նախորդ ընտրությունների արդյունքների հետ կապված, բայց ռեկտորի ԺՊ-ն որոշակի նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ՝ թե՛ դասախոսական, թե՛ ուսանողական շրջանակներից ընտրելով իրեն համախոհներ ու մայիսի վերջին ձեւավորելով նոր ընտրական հանձնաժողով, որը դեռ մարտին՝ իր ԺՊ նշանակվելուց առաջ, արդեն ձեւավորվել էր։

Համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր․ «Սիրելի՛ ուսանողներ, այդ ընտրական հանձնաժողովն ինքն իրենով արդեն իսկ ապօրինի է, քանի որ ռեկտորատի կողմից ընտրված ներկայացուցիչները 2 տարի ժամկետով ընտրվել էին դեռեւս ս.թ. մարտ ամսին, ինչին, փաստորեն, դեմ էր իշխանության սրտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը՝ նշելով, որ համալսարանում իրավիճակ է փոխվել։ Ռեկտորատի ապօրինի որոշման արդյունքով (9 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ) մայիս ամսին ընտրեցին նոր անդամներ։ Ի դեպ, ես չեմ մասնակցել այդ քվեարկությանը՝ գտնելով, որ ռեկտորատը նման իրավունք չուներ։ Այդ հանձնաժողովի կատարած «ընտրությունները» մեր աչքի առջեւ են»։
Համալսարանի ուսանողական խորհուրդը նախօրեին տեղի ունեցած ընտրությունների մասով հրապարակավ հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով․ «Այսօր ԲՊՀ-ում տեղի ունեցավ ընդհանուր ժողովի նիստ, որի առաքելությունն էր՝ հաստատել ՈւԽ նախագահների թեկնածությունը։ Ժողովը ձեւավորվում է «25 ուսանողին՝ 1 պատվիրակ» սկզբունքով, այսինքն՝ պետք է ընտրվեին մոտ 180 պատվիրակներ, քվորման ապահովման համար անհրաժեշտ էր լինելու առնվազն 90-ի ներկայությունը։ Չնայած նրան, որ այսօր ներկա է եղել ընդամենը մոտ 40 պատվիրակ, այսինքն՝ քվորում չի ապահովվել, ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել անցկացնել քվեարկություն, ինչի արդյունքում ուսանողության շուրջ 75%-ի ձայնը չի եղել լսելի։ Սա վառ ապացույցն է ընտրական հանձնաժողովի ոչ կոմպետենտության, ինչի արդյունքում տուժում են ուսանողներ։ Հարկ է նաեւ նշել, որ սա ոչ թե առաջին, այլ հերթական իրավախախտումն է։ ՈւԽ-ն, լինելով ուսանողության շահերի պաշտպանությանը միտված կառույց, խիստ դատապարտում է ընտրական հանձնաժողովի նմանատիպ՝ ոչ ուսանողամետ, հակականոնադրական եւ ոչ լեգիտիմ գործունեությունը եւ պահանջում ամբողջ կազմի հրաժարականը»։

Նշենք, որ համալսարանի ընտրական հանձնաժողովն է անցկացնում ուսխորհրդի ընտրությունները եւ հաստատում ուսխորհրդի նախագահի թեկնածուներին։ Լրագրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մանե Արշակյանի հայտը, սակայն, մերժվել է․ «2 շաբաթ առաջ ձեւավորվում է ընտրական հանձնաժողովը, մենք թեկնածության դիմումներ ենք ներկայացրել, քանի որ տեսել են՝ 1-ին կուրսեցի եմ, որոշում են, որ իմ հարցը պետք է դնեն վիճարկեն, իսկ վիճարկելի հարցերը քննարկում է ընդհանուր ուսանողական ժողովը՝ այդ 180 հոգին, բայց ներկա է եղել ընդամենը 44 հոգի, իսկ դա քվորում չի ապահովում, նվազագույնը 91 հոգի պետք է լինեին։ Բացի այդ՝ չեն ստուգել ոչ մեկի ՄՈԳ-երը, որոնք 3-ից պակաս չպետք է լինեին։ Այդ 44 հոգով նիստն անում են եւ որոշում են, որ ես թեկնածու չեմ կարող լինել, որովհետեւ առաջին կուրս եմ, բայց ինձնից առաջ քննարկվում է մի ուրիշ աղջկա հարց, ով էլի 1-ին կուրս է, բայց իրեն թույլ են տալիս։ Իսկ իմ հարցը վիճարկելի էր, որովհետեւ պետք է ներկայացնեի ընդհանուր մեկ տարեկան ՄՈԳ, բայց քանի որ 1-ին կուրսի ուսանող եմ, ունեմ ընդամենը մեկ կիսամյակի ՄՈԳ։ Ստացվում է` իմ ու 2 հոգու հայտերը մերժել են, բայց այդ աղջկան անցկացրել են, որն իմ պես առաջին կուրսի ուսանող էր։ Եվ այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել արդեն ձեւավորված ընտրական հանձնաժողովի հովանու ներքո։ Ի դեպ, մեր ներկայացուցիչները՝ ուսանողները, ասել են, որ դեմ են այդ ամեն ինչին, բայց ռեկտորատի անդամներն ասել են, որ իրենց կարծիքը հաշվի չեն առնում»։

Մանե Արշակյանն այս ամենի վերաբերյալ իր բացատրությունն ունի․ «Ես նախկին ՈւԽ-ի ԺՊ-ի քարտուղարն էի, իսկ ինքն ամեն գնով ուզում էր լուծարել ուսխորհուրդը, որ նոր ընտրություններ կազմակերպվեն, ինչն իր մոտ հիմա շատ լավ ստացվում է։ Բնականաբար, ռեկտորի ԺՊ-ն իր մարդկանց է ուզում առաջադրել, իրեն այդպես ավելի ձեռնտու է, իսկ իմ եւ ուսխորհրդի շատ անդամների հետ ունի խնդիրներ, ու այն, որ ուսխորհրդում կլինեն իր մարդիկ, միանշանակ՝ ձեռնտու է իրեն»։   

Դ․ Գյուրջինյանն ուսանողներին ասել է, որ այդ ամենն արվում է ուսանողության վիճակը բարելավելու համար, բայց․ «Ինքն ընդհանրապես չի խոսում հոգաբարձուների խորհրդի մասին, մինչդեռ բոլորս էլ հասկանում ենք, որ դրա նպատակը մեկն է՝ շուտ ձեւավորել ուսանողական խորհուրդ, որպեսզի հետո հնարավոր լինի ձեւավորել հոգաբարձուների խորհուրդը, ու ինքն էլ արդեն ոչ թե ԺՊ-ի, այլ՝ ռեկտորի կարգավիճակով գա Բրյուսով»։