Անգամ յուրայիններն են քննադատում Վահագն Հովակիմյանի առաջադրումը

Անգամ յուրայիններն են քննադատում Վահագն Հովակիմյանի առաջադրումը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ շուտով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու: Նա գրել էր.

«ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը։ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլև դադարեցված է։ Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»:

Քոմենթներից առաջինը կիսահեգնական արձագանքն է. «Ինչի ես ըտենց շուտ դիմումներ ներկայացրել? բա որ չընտրվես? )»: Հարցնողն, իհարկե, գիտի, որ կոճակ սեղմող ՔՊ-ականներն անգամ ներքին քննարկումների ժամանակ ռիսկ չեն անում հակառակվել եւ «շեֆին» ասել, որ էս մարդը 20 տարում լրագրող չդառավ, ինչո՞ւ ես ոչնչացնում ԿԸՀ-ն` նա կարո՞ղ է ԿԸՀ նախագահ աշխատել, մեր երկրում ավելի արժանի մարդ չկա՞: Պետական ինստիտուտների նկատմամբ այս ի՞նչ ատելություն է, որ հերթով քանդելով գալիս ես: Էս մեկը գոնե խնայեիր` եթե մտադրությունդ հաջորդ ընտրությունները կեղծելն ու վերարտադրվելը չէ:

Բայց առավել ուշագրավ է «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» կազմակերպության տնօրեն Սոնա Այվազյանի արձագանքը Վահագն Հովակիմյանի գրառման տակ:
Հայտնի հասարակական կազմակերպության նախագահը, որն ամեն ինչով աջակցել է գործող իշխանություններին եւ որի կադրերից շատերն այսօր իշխանական տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցնում, գրել է.

«Կներես, Վահագ, շատ սխալ որոշում էր: ՔՊ-ն դրանով արդեն կասկածի տակ է դնում ապագա ԿԸՀ անկողմնակալությունն ու չեզոքությունը: Հազիվ մի ոլորտում իբր թե ժողովրդավարական առաջընթաց էր արձանագրվել... »: