«Պադավատների» երկիր Հայաստանս

«Պադավատների» երկիր Հայաստանս

2015թ. հոկտեմբերի 17-ին ԱԺ բարձր ամբիոնից ելույթ է ունեցել ԱԺ ընդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը․

«Տիկնայք եւ պարոնայք, 2016թ. բյուջեի նախագծի կապակցությամբ երկու հատ լուր ունեմ. մեկը` վատ, մեկը` լավ: Վատ լուրն այն է, որ նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամուտները շուրջ 85 միլիարդ դրամով պակասել են: Լավ լուրն այն է, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 83 հատով եւ մյուս տարի հասնելու է 1072-ի: Հիմա դատեցեք ինքներդ, շա՞տ է ծառայողական ավտոմեքենաների թիվը` 2.3 միլիարդ դոլարանոց բյուջե ունեցող Հայաստանի համար, թե՞ քիչ: Հոկտեմբերի 4-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում մի հրապարակում լույս տեսավ, որում պնդում կար, որ 5.6 միլիոն բնակչություն ունեցող եւ շուրջ 126 միլիարդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայի ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա: Եվ դա անժխտելի իրողություն է: Հիմա, տիկնայք եւ պարոնայք, խնդրում եմ ուշադրություն: ՀՀ ԱԺ-ում կա 82 ծառայողական ավտոմեքենա, իսկ ՀՀ կառավարման համակարգը սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը` 1072: Ընդ որում չկարծեք, թե այդ թվաքանակը վերջնական թիվն է: Ուրեմն այս 1072-ի մեջ չեն մտնում, այսպես ասած, էլիտար այրերի «ախրանա»-ի մեքենաները, պաշտպանության նախարարության, հարկային ծառայության, Կենտրոնական բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենաները: Եթե այդ թվին էլ գումարենք 1072, ապա կարող է պարզվել, որ մենք ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թվով գերազանցում ենք նույնիսկ Մեծ Բրիտանիային, Ռուսաստանին, Հնդկաստանին: Ահա, սա է մեր այսօրվա պետական համակարգի իրական դեմքը: Շնորհակալություն ուշադրության համար»:

Ցավալի է արձանագրել, որ Ն. Փաշինյանի կողմից հրապարակված այս հիվանդագին, անհարկի ճոխամոլությունը սկիզբ է առել դեռ ՀՀ անկախության առաջին իսկ տարիներին եւ ստորաբար շարունակվում է մինչեւ մեր օրերը... Ցավոք սրտի, Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանով հանդերձ... 

Հիմա ինչպե՞ս վարվի մեր հարգարժան վարչապետը։ Վերցնի ու «դուխով» վեթթինգի ենթարկի նախկին իշխանությունների կողմից ժառանգված շուրջ 2 հազար ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը եւ հավասարեցնի Դանիայի 23 ծառայողական մեքենաների թվի՞ն... Սակայն չէ որ նման պարագայում մեր այժմյան բարձրաստիճան իշխանավորների ավելի քան 70%-ը ստիպված է լինելու քաղաքային տրանսպորտով, հեծանիվով կամ տաքսի վարձելով աշխատանքի մեկնել եւ տուն վերադառնալ։

Արդյունքում ի՞նչ է ստացվում... Պարզվում է, որ նախկին իշխանությունների կողմից ծառայողական ավտոմեքենաներ չարաշահելն «ադաթ» է,  նոր իշխանությունների կողմից չարաշահելը` «բադա՞թ»: Մանավանդ իշխանական ղեկին փառավորվելով՝ մեր հարգարժան վարչապետը հաշտվել է այն մտքի հետ, որ «դուխով» ճառ ասելը շա՜տ ավելի հեշտ է եւ վերացական, քան, ասենք, «դուխով» զանգ կախելը...

Այսպես թե այնպես, առկա դաժան իրողությունն այն է, որ մեր բազմաչարչար ժողովուրդը հերթական անգամ թակարդի ծերին «դեղին» պանիր է տեսել եւ անմնացորդ գայթակղվել` չամիչով բուլկի տեսած երեխայի պես... Աստված տա, որ ես չարաչար սխալված լինեմ։ Մեր նախկին հարեւան լուսահոգի Կարոն դեռ իր ժամանակին բարձրաձայնում էր. «Ժողովուրդ ջան, մենք երբեք խելքը գլխին երկրի ղեկավար չենք ունեցել եւ չենք ունենալու։ Ախր, որին հավատում ես, հույս ես փայփայում, մարդավայել սեղմում ես ձեռքը, հետագայում շան թաթ ա դառնում... Ախր, ալամ աշխարհը գիտի, որ գյադայից բեկ չի լինում: Բախտի բերմամբ լինելու դեպքում էլ սազական չի լինում»։

Լեւոն ԽԱՉԱՏՐՅԱՆ