37 թվի տնազ

37 թվի տնազ

Երեկ մի քանի երիտասարդների ոստիկանները ցուցադրաբար՝ ձեռքերը ոլորելով ու բռնությամբ տարան ոստիկանություն, իբր ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, ապա մի քանի ժամից բաց թողեցին։ Չենք քննարկում այն, որ նման անիմաստ ու անօրինական գործողություններով ոստիկանի «մունդիրն» են վարկաբեկում եւ պատժիչ գործողություններն արժեզրկում։ Ընդամենը քննարկենք այն, թե ինչի է ուզում հասնել այս գործողություններով իշխանությունը։

Չէ որ անգամ մանկահասակ երեխաներին է պարզ, որ բերման են ենթարկվում միայն իշխանությունների ընդդիմախոսները, առանց որեւէ հիմքի եւ առանց բռնություն գործադրելու անհրաժեշտության։ Իմա՞ստը՝ երեկ հարցնում էր համացանցը եւ պատասխանը չէր գտնում։ Պարզ է, որ իմաստը վախի մթնոլորտ ստեղծելն է, բայց, ցավոք, այդ մթնոլորտը ստեղծելն էլ չի ստացվում։ Ու երբ մենք զուգահեռներ ենք անցկացնում 37 թվի հետ, միանգամայն իրավացի են նրանք, որ ասում են՝ ռեպրեսիաների մասին խոսելն իսկ ավելորդ է։ Եվ ավելորդ է ոչ թե նրա համար, որ իշխանությունների գործողություններն են օրինական, այլ այն պատճառով, որ 2020 թվականին 37 թիվ կազմակերպելու համար մի շարք ատրիբուտներ են անհրաժեշտ։ Ասենք, բռնապետը պետք է Ստալինի նման ուժեղ, կամային մարդ լինի, որը ճիշտ է՝ նույն վախերն է ունեցել, ինչ մերօրյա «բռնակալը», բայց մի հզոր գերտերության ղեկին է եղել, բազում լծակներ տնօրինել, սոցիալիստական գաղափարախոսության կրողը եղել։ 37 թիվ հնարավոր չէ նաեւ այն պատճառով, որ այսօր հզոր միջազգային հանրություն կա, միջազգային իրավանորմեր, որոնց խախտումը սանկցիաների առաջ կկանգնեցնի մեր թույլ ու աղքատ երկիրը։ Վերջապես․ 37 թիվ չեն կարող սարքել, որովհետեւ հիմա ազատ մամուլ կա, համացանց եւ պայքարող հասարակություն, որին կոտրելը շատ բարդ է։