«Հրապարակ». Լսումներ՝ հանուն քավորի

«Հրապարակ». Լսումներ՝ հանուն քավորի

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի թիվ մեկ քավորի՝ Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի` քաղաքապետ դառնալու գործընթացը «ժողովրդավարության» քողով պատվի։ Մարտի 12-ին ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում» թեմայով: Խոսքն Իջեւանի խոշորացման՝ շուրջ 19 համայնք միավորելու նախագծի մասին է, որն իշխանությունը մշակել էր դեռեւս անցած տարեվերջին։

Մեր տեղեկություններով՝ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, տեւական ժամանակ ակտիվ աշխատում է, որպեսզի Տավուշի մարզից այդ լսումներին ներկա գտնվողները դրական արտահայտվեն, ու չստացվի այնպես, որ այս խոշորացումն արվում է, որպեսզի հեշտացվի եղբոր՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու գործը։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա հոկտեմբերից Ղալումյանը ԺՊ է, իշխանությունը պարբերաբար հետաձգում է ընտրությունները, քանզի թեկնածուի վարկանիշը ոչ մի կերպ չի բարձրանում, եւ իր հայրենի Իջեւան քաղաքում նա չէր կարողանա ընտրություններում հաղթել, իսկ խոշորացման արդյունքում շուրջ 20 համայնք՝ դրանց համայնքապետերով, կաշխատեն հանուն քավորի։