Ե՞րբ են վերջին անգամ հանդիպել բարձր պաշտոնյաներն Արմեն Սարգսյանի հետ

Ե՞րբ են վերջին անգամ հանդիպել բարձր պաշտոնյաներն Արմեն Սարգսյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է նախագահի հայտարարության հրապարակայնացումից շուրջ 3.5 ժամ առաջ։ Այս մասին Փաշինյանը հայտնեց երեկ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նա հրապարակումից մոտավորապես 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին։ Ես հարցրել եմ` ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնոմ է, որ կայացրել է որոշումը։ Ես ուզում էի հասկանալ` որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշումը»,- նշեց Փաշինյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ՀՀ վարչապետն ու նախագահը վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերի 22-ին՝ «անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը»: Հունվարի 13-ին Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որի ժամանակ «Անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների և ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահն անդրադարձել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և կարևորել ավելի ակտիվ և արդյունավետ գործունեությունն այդ ասպարեզում»:

Սակայն ՀՀ նախագահի աշխատակազմի մեր աղբյուրը նշում է, որ հրաժարականից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի միջեւ հանդիպում է կայացել։ Ավելի կոնկրետ նշվում է՝ հունվարի 19-ի երեկոյան։ Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ եւ ենթադրաբար, այդ հանդիպմանը կարող էր խոսք գնալ նախագահի մտադրությունների մասին։

Այս տեղեկատվությունը ճշտելու համար, մենք դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանին։ Տիկին Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նման տեղեկությունները մեկնաբանելու լիազորություն չունի, ապա մեզ հորդորեց դիմել Արմեն Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պետրոսյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերը։


Հայկ Գեւորգյան