Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, էսօր էլ Նիկոլ Փաշինյան` երբեք չեն քննարկել Ղարաբաղի անկախության հարցը

Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, էսօր էլ Նիկոլ Փաշինյան` երբեք չեն քննարկել Ղարաբաղի անկախության հարցը

«Հրապարակի» զրուցակիցը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է:

- Ձեր հայրենի Արարատի մարզը նորից վտանգի տակ է հայտնվել: Երասխում կրակոցներ են, իրավիճակը լարված է:

- Երասխում առաջ երբեք կրակոցներ չեն եղել, չհաշված 90-ականների ամենասկզբի կրակոցները: Պատճaառն այն գործարանն է, որը կառուցվում է Երասխում: Սա կարող ենք դիտարկել հիմնական առիթ և պատճառ, սակայն այլ պատճառ էլ կա` Սյունիքում միջանցքի խնդիրը: Ավելի կոնկրետ` Երասխում կառուցվող գործարանն առիթ են դարձնում, որպեսզի լուծեն Սյունիքի հարցը: Միշտ էլ Նախիջևանի կողմից հանգիստ է եղել իրավիճակը:

- Ձեր քրոջ փեսան` Գրիգոր Տեր Ղազարյանն է Երասխի գործարանը կառուցում:

- Ներդրող մասնակից է զուտ, պարզապես ինքն էլ է մասնակցում: Ընդհանրապես հայ-ադրբեջանական իրավիճակը կարգավորելու հարցի առանցքում աշխարհաքաղաքական խնդիրներ են: Այսինքն` սա զուտ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, սա աշխարհաքաղաքական կենտրոնների խնդիրն է: Ամերիկա, Ռուսաստան: Նրանց խնդիրն է ավելի շատ:

- ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:

- Բայց էդ ե՞րբ է եղել, որ Արցախը չեն ընդունել, որպես Ադրբեջանի մաս: Մեր չորս ղեկավարներից որևէ մեկը ասե՞լ է, որ Ղարաբաղը Հայաստան է:

- Այո, նախկին նախագահները մշտապես պնդել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ի դեպ նույն Նիկոլ Փաշինյանն էլ մինչեւ 2020 թվականը դա էր պնդում:

- Ո՞ր մեկն ա է նման բան ասել: Բա Մադրիդյան սկզբունքները, մյուսը, մյուսը…. ի՞նչ են քննարկել բա, որ Ղարաբաղն անկա՞խ լինի: Միշտ էլ այն խնդիրն է քննարկվել, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Ղարաբաղի ինքնորոշման խնդիր է զուտ լուծվել: Ղարաբաղի անկախության մասին որևէ նախագահից որևէ խոսք ես չեմ լսել: Փաստաթղթերում էլ չկա նման հարց, միայն ինքնորոշման խնդիր է եղել: Ինքնավար մարզ, ինքնավար պետություն, սրանք են եղել մոտեցումները, բայց ոչ անկախ: Փաստաթղթերով երբեք Ղարաբաղի անկախության հարց չի քննարկվել:

- Ճի՞շտ է արդյոք Ղարաբաղը պահած ղեկավարներին ու Ղարաբաղը հանձնած ղեկավարին նույն հարթության վրա դնելը:

- Բնականաբար արտաքին տեսանկյունից չի կարելի, բնականաբար այսօր բացահայտ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը սխալ է, անընդունելի, ես դա չեմ ողջունում, մեր ժողովուրդը դա չի կարող ընդունել: Այլ հարց է, որ դիվանագիտական հարթակներում այդ մասին խոսեն, սակայն եթե ամեն ինչ դեռ կորած չէ, որոշում չկա, սխալ է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը: Ամեն դեպքում խոսքն ու գործողությունները տարբեր են: Ղարաբաղը պետք է պահել, ոչ մի «գարանտ» չկա, որ խաղաղության պայմանագրից հետո լավ է լինելու ամեն ինչ: Դեմ եմ, որ Ղարաբաղը բացահայտ Ադրբեջանի մաս են համարում: 90-ականներից սկսած Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, էսօր էլ Նիկոլ Փաշինյան, դիվանագիտական հարաբերություններում երբեք չեն քննարկել Ղարաբաղի անկախության հարցը: Միշտ էլ Ղարաբաղը դիտարկել են որպես Ադրբեջանի մաս և կարծել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչել: Միջազգային հանրությունն էլ է միշտ այդպես կարծել:

- Նախկին նախագահները որտե՞ղ և ե՞րբ են Ղարաբաղը հանձնելու մասին խոսել:

- Միջազգային հարթակներում: Մադրիդյան սկզբունքներ, ահա ամեն ինչ:

- Կարծո՞ւմ եք Մադրիդյան սկզբունքներն Արցախը հանձնելու տրամաբանության մե՞ջ էին:

- Հանձնելու խնդիրը չի, Արցախը մնալու խնդիրն է: Արցախը մերը չի եղել, որ չհանձնենք:

- Այսի՞նքն: Արցախն Ադրբեջանի՞նն էր:

- Դե ֆակտո մերն է, դե յուրե` Ադրբեջանինը: Միջազգային հանրությունն այդպես է միշտ նայել: Եկեք ամեն ինչին բաց աչքերով նայենք: Պայքարել ենք, ամեն ինչ արել ենք, բայց ի՞նչ: Բոլոր բանակցություններում Արցախը դիտարկվել է որպես Ադրբեջանի մաս:

- Իսկ Տիգրանաշե՞նը: Դա՞ էլ է Ադրբեջանի տարածք:

- Տիգրանաշենը ոչ:

- Իսկ ինչո՞ւ են նաև դա հանձնում:

- Տիգրանաշենը Սովետական միության ժամանակ դե յուրե եղել է Ադրբեջանական, սակայն չեզոք է համարվել: Տիգրանաշենում այն ժամանակ` դեռ կոմունիստների տարիներից չեզոք գոտու պես մի անկլավ է եղել: Հայերն էլ էին գնում խորոված ուտում Տիգրանաշենում, թուրքերն էլ: Տիգրանաշենը հանձնելուն շատ դեմ եմ: Ամեն ինչ պիտի արվի, որ Տիգրանաշենը չհանձնվի: Տեղն ու դիրքը շատ կարևոր նշանակություն ունեն, ահավոր կլինի մեզ համար: Սովետի ժամանակ էլ նման հարցեր կային, սակայն այն պետք է Հայաստանի մաս մնա: