Այս հավաքն Արեւմուտքի մասին չէ, այն Արեւմուտքի հետ որեւէ կերպ չի հատվում

Այս հավաքն Արեւմուտքի մասին չէ, այն Արեւմուտքի հետ որեւէ կերպ չի հատվում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ժամանելով Երեւան, հայտարարեց, թե անչափ ուրախ է, որ Հայաստանն այսօր նախագահում է մի շատ կարեւոր միջոցառում, եւ ինքն էլ այդ միջոցառման հյուրն է։ Նույն միջոցառման շրջանակներում Հայաստանում են Լուկաշենկոն՝ Բատկան, Պուտինը, Ղրղզստանի, Ղազախստանի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը։ Արեւմտյան աշխարհի կողմից ոչ միանշանակ ընդունվող այս քաղաքական գործիչների երեւանյան հավաքը նկատի ունենալով՝ վերլուծաբան Անուշ Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր․ «Ես  գնահատում եմ ձեր գեոպոլիտիկ օպտիմիզմը, բայց բոլորովին լավ չի, որ ՌԴ եւ Իրանի ղեկավարները միաժամանակ էստեղ են լինելու, կրկնակի վատ է, եթե այստեղ դա չեն հասկանում, եւ եռակի վատ է, եթե հասկանում են, բայց նույն էշն են քշում: Սանկցիաներից հետո բողոքողներին, Ուկրաինայի թեման խայտառակ քվեարկություններից հետո բարձրացնողներին, Շիրակի թաղման պատվիրակություն ուղարկողներին, կարճ ասած՝ բոլոր քաղաքական ամենագետներին մաղթում եմ երեք ամսից նմանատիպ օպտիմիզմ»։ 

Եվ այսպես․ Երեւանում Նիկոլ Փաշինյանը շարունակեց Ռոհանիի՝ Թեհրանում ամիսներ առաջ բարձրաձայնած այն միտքը, որ Հայաստանն ու Իրանը պետք է առաջնորդվեն իրենց շահերով, եւ որեւէ երրորդ երկիր չպետք է խաթարի այդ համագործակցությունը․ «Մեր երկրների միջեւ հարաբերությունները լավ են եղել եւ մինչ այսօր էլ շարունակում են մնալ, եւ մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետեւ մենք անմիջական հարեւաններ ենք եւ ունենք շատ ընդհանուր շահեր, եւ մենք դեռ շատ երկար դարեր եւ հազարամյակներ պետք է համագործակցենք»։ Հիշեցնենք․ սա ասվում է օդում կախված այն լուրերի ֆոնին, որ Բոլթոնն անցած տարի Հայաստանում էր՝ Իրանի հետ սահմանը փակելու հարցով։ Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը սա համարում է ապատեղեկատվություն։ Իսկ երկկողմ օրակարգի մասով ասում է․ «Շատ պարզ բան է, որ երկկողմ հարաբերությունները երրորդ պետությունների մասին չեն։ Եվ մենք պետք է երկկողմ հարաբերությունները երկկողմ ձեւաչափում, առանց երրորդ կողմին նայելու, առաջ տանենք, որովհետեւ դա են պահանջում մեր եւ Իրանի շահերը»։ Չմոռանանք, որ Հայաստանում տեղի է ունենում ՌԴ եւ Իրանի նախագահների երկկողմ հանդիպում։ Հանդիպում, որը կարող էր կայանալ եռակողմ՝ Իրան, Թուրքիա, ՌԴ ֆորմատով՝ Սոչիում, ամիսներ առաջ։ Ռուբեն Մեհրաբյանին հարցրինք՝ այս կազմով երեւանյան հավաքի ու հանդիպումների մասով ինչպիսի՞ն կլինի Արեւմուտքի արձագանքը։ «Ես կարծում եմ՝ այս հավաքն Արեւմուտքի մասին չէ, եւ այն Արեւմուտքի հետ որեւէ կերպ չի հատվում»։ Հիշեցրինք, որ Թրամփի փաստաբան Ջուլիանին չեղարկեց իր երեւանյան այցը՝ նշելով, որ չգիտեր Պուտինի ժամանելու մասին։ Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ բազմաթիվ ֆորսմաժորային իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ավելի կարեւոր են, քան նրա Հայաստան գալը։

Ինչպես Թեհրանում, այս անգամ էլ Երեւանում բազմաթիվ լավատեսական հայտարարություններ հնչեցին համագործակցության հետագա ծրագրերի հետ կապված՝ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների ընդլայնում, համագործակցության ընդլայնման առաջարկություններ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու («Չինաստանի մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» կամ Մետաքսի նոր ճանապարհ) տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ։ Ի դեպ, Ռոհանին ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել «Հյուսիս-հարավ» ծրագրին Իրանի մասնակցության առումով․ «Անչափ ուրախ ենք Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններով։ Եվրասիական տնտեսական միությունը կսերտացնի այդ համագործակցությունը: Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ: Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առեւտրատնտեսական հարաբերությունները»,- երեկ հայտարարել է Հասան Ռոհանին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, եւ մենք պատրաստ ենք գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով: Նման փայլուն ծրագրերի մասին հայտարարություններ նախկինում էլ են հնչել, սակայն դրանք գործնականում կա՛մ կյանքի չեն կոչվել, կա՛մ կոչվում են դանդաղ ու ոչ նախանշված ծավալներով։ Ռուբեն Մեհրաբյանը վերջին դիտարկման հետ համաձայն է եւ ասում է՝ մենք ավելի շատ խոսում ենք, քան անում։ «Եվ այդ ամենը սկսվեց նրանից, որ Հայաստան մտնող իրանական գազամուղը տրանզիտայինից հանկարծ բարակեց, ու այդ ժամանակվանից, ինչպես ասում են, ամեն ինչ թարսվեց»։ Մեհրաբյանին սա անհասկանալի է, մանավանդ, որ հիմա, նրա գնահատմամբ, կան բոլոր հնարավորությունները՝ խոսվածի եւ արվածի միջեւ հարաբերակցությունը փոխելու համար։ «Դրա համար ինչ-որ բանից պետք է սկսել»,- ասում է նա։ Սա պետք է վերաբերի առաջին հերթին Հայաստանի ռազմավարական հզորությունների զարգացմանը։ 

Իրանագետ Արմեն Իսրայելյանը կարեւորում է Ռոհանիի այստեղ գտնվելը նախ երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մասնավորապես, որ վերահաստատվել են նախկինում քննարկված ծրագրերը։ Օրինակ՝ 2020 թվականին ամբողջությամբ ավարտին կհասցվի երրորդ էլեկտրահաղորդման գիծը, եւ, իհարկե, այն, որ Հայաստանը նախկինից շուրջ երեք անգամ ավելի գազ կներկրի։ Իրանագետը նշում է, որ իրանական կողմից գոնե վերջին շրջանում լավատեսական ազդակներ գալիս են։ Մասնավորապես այն, որ Իրանի օրենսդիրները սկսել են խոսել Թավրիզ-Երեւան ճանապարհի կառուցման մասին։ Եվ, առհասարակ, ճանապարհների մասով, ըստ նրա, Հայաստանն Իրանի համար ամենակարճն ու անվտանգն է՝ Եվրոպային ու Վրաստանին կապվելու համար։ «Իհարկե, սա միակը չէ, Իրանի հյուսիս-արեւելյան, հյուսիս-արեւմտյան շրջաններում կան մի քանի կարեւոր միջանցքներ․ մեկն Ադրբեջանով է անցնում, մեկը՝ Հայաստանով, մեկը՝ Թուրքիայով։ Այսինքն՝ Իրանը փորձում է բոլորից էլ հավասարապես օգտվել, եւ որեւէ մեկը մյուսի նկատմամբ ավել կամ պակաս կարեւորություն չունի։ Այստեղ արդեն յուրաքանչյուր կողմ իր քայլերը պետք է ձեռնարկի, որպեսզի շահագրգռի ներդրողներին, բիզնեսմեններին, որ նրանք օգտագործեն հենց այդ միջանցքը»։