Դեպքերը զարգանում են Հրանտ Բագրատյանի նախանշած սցենարով

Դեպքերը զարգանում են Հրանտ Բագրատյանի նախանշած սցենարով

Արդարադատության նախարարությունն ապրիլի 2-ին հաղորդեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ նույն բաժնի 4 աշխատողի մոտ։ Արդեն 5 հիվանդ ունենք «Վարդաշենում»: Նրանք բոլորը բուժհաստատություններում են: Արդարադատության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 28 աշխատակիցներ մեկուսացված են: Կատարվում է նմուշառում։

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը նշում է, որ «վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որեւէ շփում չունեն»։ Այս տեղեկատվությունը, սակայն, մխիթարական չէ: 

Փաստորեն, Հայաստանում իրադարձությունները զարգանում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախանշած սցենարով: Հիշեցնենք, որ նա դեռ մարտի 13-ին կորոնավիրուսի համաճարակին վերաբերող իր գրառումներից մեկում կառավարությանն առաջարկել էր ազատ արձակել բոլոր դատապարտյալներին, բացի հայրենիքի դավաճանության, սպանության համար եւ մի քանի այլ ծանր հոդվածներով պատիժը կրողներից: Իր այս միտքը նա կրկնել է մարտի 23-ին: «Մենք ունենք 5000 կալանավոր: Եթե բանտերում մնան միայն ծանր հանցանքներ գործած 1000 հոգին, ապա կազատվեր Արմավիրի ՔԿՀ-ի շենքը, որն ամենամեծ գաղութն է եւ հարմար շենք է՝ մեկուսացման պայմանները հաշվի առնելով: Կարելի էր ազատել նաեւ «Կոշ» ՔԿՀ-ն եւ բավարարվել միայն «Էրեբունի» ՔԿՀ-ով:

Իրենք ինձ պատասխանել են, որ կալանավորներն ապահով փակված են, մինչդեռ կորոնավիրուսը բերում են աշխատողները: Պատահական չի, որ հենց աշխատողների մոտ է այն հայտնաբերվել»,- ասում է Հրանտ Բագրատյանը: Երեկ նա նոր ստատուս գրեց. «Այ մարդ, դե ինչ որ ասում ենք, արեք, էլի։ Թե չէ 1 օրում մեզ մոտ վարակվում են այնքան, ինչքան Վրաստանում 1 ամսում»: 

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից ամիսներ առաջ նա զգուշացնում էր, որ ամեն պատեհ առիթի դեպքում հայկական դրամը գահավիժելու է, եւ տնտեսության զարգացման միակ ելքը դրամի կուրսը բարձրացնելն է: «Միակ ելքը, որ Կենտրոնական բանկն սկսի արագորեն գնել դոլար, աստիճանաբար բարձրացնի դրամի կուրսը, որ տնտեսությունն աշխատի: Այլապես փլվելու է, երբ դա եղավ, մի օրում տեղի կունենա կենսամակարդակի 2.5-3 անգամ անկում: Դուք դարձնում եք Հայաստանը տնտեսական գերեզման, եթե այսպիսի փոփոխություններ չեք անում»,- ասում էր Հրանտ Բագրատյանը, հերթական անգամ արժանանալով ֆեյքերի բանակի գրոհին:

Իսկ իմքայլական պատգամավորները՝ Գեորգի Պապոյանը, Արտակ Մանուկյանը, հեգնական մեկնաբանություններ էին անում, Բագրատյանին անվանելով դեֆոլտ գուժող տնտեսագետ, հարցնում էին՝ պարոն պրոֆեսոր, բա ինչո՞ւ դրամը չի գահավիժում: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում մեկ շաբաթվա ընթացքում դոլարի արժեքը 485-488 դրամից հասավ 506-510 դրամի: Հիմա էլ մենք ենք ուզում հարցնել հարգելի իմքայլական տնտեսագետներին՝ պարոնայք, ինչո՞ւ չեք ներողություն խնդրում Բագրատյանից: