Չեմ կարծում, որ ադրբեջանցիները հարձակվեն, խաղաղապահ զորքերն էնտե՞ղ են, թե՞ չէ. Հ. Չաքրյան

Չեմ կարծում, որ ադրբեջանցիները հարձակվեն, խաղաղապահ զորքերն էնտե՞ղ են, թե՞ չէ. Հ. Չաքրյան

Մայիսի 2-ին Ադրբեջանի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունը կրող կազմակերպության ղեկավար, մարդու իրավունքների պաշտպան ներկայացվող Ահմեդ Շահիդովը թվիթերյան գրառումներ էր արել, որոնք վերաբերում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։

«Հունիսին Խանկենդին (Ստեփանակերտ) ամբողջովին կլինի ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․ կա՛մ խաղաղ, կա՛մ ուժով ... քաղաքացիական հայերը կարող են մնալ իրենց տներում Ղարաբաղ», - գրել էր նա։

Հաջորդ գրառմամբ նա նշել էր, որ «թվում է, թե շարքային հայերն ու հայկական սփյուռքը պատշաճ կերպով տեղեկացված չեն 2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրի պայմանների մասին։ Դրանում հստակ նշված է, որ Խանկենդին և այլ քաղաքներ աստիճանաբար անցնելու են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: Հարցրեք Նիկոլ Փաշինյանին»։

Երրորդ գրառման մեջ Շահիդովը գրել էր. «Դա տարօրինակ է։ Ես գրեցի, որ Խանկենդին անցնելու է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ, հայերը բարկանում են: Ինչո՞ւ. Խանկենդին ՄԱԿ-ի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք: Ինչու՞ է անակնկալ, որ Ադրբեջանը վերահսկելու է քաղաքը»:

«Հրապարակը» թյուրքագետ Հակոբ Չաքրյանից հետաքրքրվեց՝ այս հայտարարություններն ուղղակի վախեցնելու նպատակ ունե՞ն։ 

«Դե իհակե այդ հարցի պատասխանը Պուտինը կիմանա։ Բայց ինձ թվում է, ադրբեջանցիները Պուտինի ձեռքին դարձել են Հայաստանն ահաբեկելու գործիք։ Դրա պատճառով էլ մեր գերիներին չեն հանձնում։ Գուցե դրա հետ կապված լինի», - ասաց թյուրքագետը։

- Պարո՛ն Չաքրյան, Շահիդովը գրել էր, որ Ստեփանակերտը «ՄԱԿ-ի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք»։

- Եթե ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիներ, Շուշին և Հադրութը Մինսկի խմբի փաստաթղթում նշված կլինեին, որ պետք է հանձնվեն։ Սուտ է խոսում։

- Հավանական համարո՞ւմ եք, որ հունիսի արտահերթ ընտրություններին ադրբեջանցիներն օգտվեն առիթից ու ներխուժեն Ստեփանակերտ կամ լարվածություն ստեղծեն Ղարաբաղից մնացած հատվածի շուրջ։

- Դե եթե Պուտինն աչքով անի, կարող են հարձակվել, ի՞նչ կա։ Բայց չեմ կարծում, որ հարձակվեն, խաղաղապահ զորքերն էնտե՞ղ են, թե՞ չէ։ Դե լավ, բա էդ զորքերն ինչի՞ համար են եկել։ Բզկտված Ղարաբաղը պաշտպանելո՞ւ համար, թե՞ կողմերի միջև բախումները դադարեցնելու համար։ Այսինքն, նրանց տեղակայման տրամաբանությանը հակասող երևույթ է՝ «Հարձակվենք», «Մենք կգանք-կգրավենք» և այլն։ Եթե ռուսական խաղաղապահ զորքեր այնտեղ են, որոնք իրականում պատժիչ ջոկատներ են մեր պարագայում, և կարողանում է այդպիսի բան ասել [Ահմեդ Շահիդովը], ի՞նչ, իրենք չգիտե՞ն, որ ռուսական խաղաղապահ զորքերը եկել են խաղաղություն պահպանելու, ինչպե՞ս են [ադրբեջանական ուժերը] գրավելու։

- Եթե Ալիևը վաղը որոշի ու ասի. «Ես դուրս եմ գալիս այդ եռակողմ հայտարարությունից», խաղաղապահները պետք է հեռանա՞ն։

- Առհասարակ, եթե որևէ երկիր զորք ես մտցնում, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումով է կատարվում։ Իսկ Մինսկի խմբի փաստաթղթերում միջազգային խաղաղապահների մասին է գրած, ռուսականի մասին չէ։ Այսինքն, Ռուսաստանն Իլհամի և Էրդողանի միջոցով Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին Կովկասից, խաղաղ կարգավորման գործընթացից դուրս մղեց։ Խաղաղ կարգավորումը հանձնարարված էր Մինսկի խմբի եռանախագահող երկրներին։