ՄԻՊ–ը «ոշ մի խնդիր» էլ չի հայտնաբերել, «Հ1 ը նկարել ա, Հ–2-ը նկարել ա, մարդիկ գոհ են, որ ստեղ են»

ՄԻՊ–ը «ոշ մի խնդիր» էլ չի հայտնաբերել, «Հ1 ը նկարել ա, Հ–2-ը նկարել ա, մարդիկ գոհ են, որ ստեղ են»

ՄԻՊ ներկայացուցիչներն օրերս այցելել են սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն և այնտեղ, ինչպես հայտնում է ՄԻՊ գրասենյակը, մի շարք խնդիրներ են արձանագրել։ Այցին նախորդել էր ահազանգն այն մասին, որ բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի: Մեր տեղեկություններով, ահազանգը հնչեցրել է բլոգեր Վարդան Ղուկասյանը` Դոգը։ 

Թե ինչ խնդիրներ են հայտնաբերվել և խնամքի որ հաստատությունն են այցելել ՄԻՊ աշխատակիցները, գրասենյակը չի մանրամասնում, ինչը կարող է նշանակել, որ դրանք սկանդալային են և խայտառակ։ Գրասենյակից ընդամենը վստահեցնում են, որ արձանագրված թերությունները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին, որ կպահանջվեն հրատապ լուծումներ, ինչն այնքան էլ արժանահավատ չի։ Համենայն դեպս, նախորդ բացահայտումների փորձը վկայում է, որ մեզանում արձանագրումները զուտ արձանագրելու համար են, և ոչ մի հետևանք չեն ունենում։ 
Հիշեցնեմ՝ անցյալ տարի հուլիսին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող դիտորդների խումբը «Երեխաների աջակցության կենտրոն» կոչվող հաստատությունում, որը նախկին «Զատիկ» մանկատունն է, աղաղակող խախտումներ էր հայտնաբերել՝ աղջիկներից մեկը հղիացել էր, պահակը ծեծել էր երեխաներին, սաներից մեկը հոգեկան խախտում էր ստացել` իրեն խփում էր ասֆալտին, երեխաները չունեին շոր ու կոշիկ, լոգանքի արժանավայել պայմաններ։ Մանկատան սաները դիտորդներին ներկայացրել էին, թե ինչ անտեսված վիճակում են իրենք, ինչպիսի անտերության մթնոլորտ է տիրում երբեմնի օրինակելի այս մանկատանը` երբ նրա տնօրենը Աշոտ Մնացականյանն էր, եւ ավագներն ինչպես են հիմա՝ գրեթե բանակի կանոններով ճնշում փոքրերին:
Այս զեկույցը որևէ լուրջ հետևանք չունեցավ, իրավապահները վարույթներ չհարուցեցին։ Միակ փոփոխությունն այն էր, որ նախկին «Զատիկում» հերթական տնօրենի ԺՊ-ն փոխվեց։ 

Այս տարի դիտորդների խումբն էլ չկա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ այդ խումբը, որը նախկինում գործում էր նախարարությանը կից եւ ուսումնասիրություններ էր կատարում խնամքի հաստատություններում, լուծարվել է։ 

«Իրավակիրառ բազմաթիվ խնդիրներ կային, և դիտորդական խմբի կողմից եղավ առաջարկություն, որ վերանայվի այն որոշումը, որով իրենք ստեղծվել են», – ասաց նախարարության խոսնակը, վստահեցնելով, որ նոր խումբ է ստեղծվելու, որի հիմքը սոցաջակցության մասին նոր օրենքն է լինելու։ «Այդ նոր օրենքը կառավարության նիստով հաստատվել է, սակայն դեռ պետք է ներկայացվի Ազգային Ժողով»։ 

Մեզ հաջողվեց պարզել, որ խնամքի հաստատությունը, որտեղ եղել են ու խախտումներ են հայտնաբերել ՄԻՊ գրասենյակի աշխատողները, «Արմմեդ» ծերերի և հիվանդների խնամքի կենտրոնն է։ 

Կենտրոնի տնօրեն Գրիգոր Պողոսյանը տեղյակ չէր ՄԻՊ հաղորդագրությունից։ Նա մեզ վստահեցրեց, որ իր հաստատությունում «ոշ մի խնդիր» էլ չեն հայտնաբերել։ «Մարդկանց հատ–հատ, սաղ հիվանդներին հարցրել են, սաղ ասել են` շատ շնորհակալ են, մեզի մեր ծնողի պես նայել են։ Ուտելիքը եղել ա իդեալական, դա պարզապես եղել ա պատվեր, մարդկանց կողմից, ուզեցել են մեր անունի հետ խաղան, ոշ մի խախտում չեն հայտնաբերել, ընդամենը մի խախտում, որ յանիմ մենյույի ցուցակ պետք է ունենայիք պատին փակցված` չունեք, նմանատիպ էժանագին բաներ։ Մնացածը ամեն ինչը եղել ա տեղում, մարդիկ բոլորը խոսացել են, Հ1–ը նկարել ա, Հ2-ը նկարել ա, մարդիկ շնորհակալ են եղել, որ ստեղ են, երջանիկ են ստեղ։ Նկարել են սնունդը, որ ամենաբարձրակարգ սնունդն են ուտում ստեղ։ Պարզապես համապատասխան մարդիկ համապատասխան մարդկանց պատվեր էին տվել, որ մեր պատվի հետ խաղան, որպեսզի մեր ֆիրման փակեն։ Ինտերնետից նկար էին քաշել, քցել, տականքի պես, երդվում եմ երեխիս արև, թե մենք տենց հիվանդ ունենք»։ 

Երբ հարցրեցինք, թե ինչ նկար էր, պարզվեց՝ Գրիգոր Պողոսյանը նկատի ունի Վարդան Ղուկասյանի տելեգրամ ալիքով տարածված հիվանդ ծերունու լուսանկարը։ Այլ հարցերի տնօրենը չցանկացավ պատասխանել, հորդորելով, որ այսքանով բավարարվենք, քանի որ ինքը պարտավոր չի երկար–բարակ մեր հարցերին պատասխանել, պարզապես «տղամարդկային սալիդարնոստից դուրս գալով» մի քանի հարցի պատասխանեց։ Թե որտեղ տղամարդ տեսավ` չհասկացանք։