Ինչո՞ւ Հայաստանի «քեյսն» այլևս հետաքրքիր չէ, կամ՝ չկա նախկին էքսպրեսիան 

Ինչո՞ւ Հայաստանի «քեյսն» այլևս հետաքրքիր չէ, կամ՝ չկա նախկին էքսպրեսիան 

Նիկոլ Փաշինյանն այս տարի Դավոս չմեկնեց։ Նրա փոխարեն այս տարի Շվեյցարիայում է Արմեն Սարգսյանը։ Ինչպես հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հունվարի 22-25-ը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին ոչ միայն ակտիվ երկկողմ, բազմակողմ հանդիպումներ էր ունենում տարբեր դեմքերի հետ, այլեւ նույն ֆորումին «Ձեւավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրն ունեցող թեմատիկ քննարկմանը հանդես եկավ որպես բանախոս, մասնակցեց Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին եւ Համաշխարհային քաղաքացիական ֆորումին, հանդիպեց ու ակտիվ շփվեց Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ: Դավոսում կա այն ամենը, ինչ Փաշինյանը սիրում է․ արտասահմանյան այցեր, սելֆիների անսպառ նյութ՝ հետաքրքիր դեմքեր, ամպագոռգոռ հայտարարություններ անելու բարձր հարթակ, բայց, փաստորեն, Փաշինյանի մոտ այլեւս չկա նախկին էնտուզիազմը։ Մյուս կողմից էլ պակասել են փոխայցելությունների քանակն ու որակը։

Եվ այն երեւանյան ամռան օրերն էլ, երբ Հյուսիսային պողոտայում կարելի էր տեսնել Անգելա Մերկելին, Մակրոնին ու կնոջը՝ սելֆի անելիս կամ սրճարան ուղեւորվելիս, ասես, շատ-շատ վաղուց էին։ Այլ խոսքով՝ «հիմա չկա նախկին ռոմանտիզմը, էքսպրեսիան», նորի հմայքը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի բացատրությունն այս երեւույթին․ 2018-ին Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր, եւ դրա համար կային մի շարք պատճառներ։ Նախ, բոլորին հետաքրքրում էր, թե Հայաստանում տեղի ունեցածն արդյոք կարո՞ղ է նախադեպ լինել նախկին խորհրդային տարածքի երկրների համար, եւ այդ առումով դա կարող էր ունենալ միջազգային նշանակություն։ Քաղաքագետը հիշեցնում է, թե իշխանափոխությունից հետո ինչ հանրահավաքներ էին տեղի ունեցել ռուսական քաղաքներում, որոնց կարգախոսն էր։ «Ուզում եք լինի այնպես, ինչպես Հայաստանում է»։ «Այդ երկրների լիբերալ շրջանակների համար Հայաստանը նախանձելի օրինակ էր, իսկ Նիկոլ Փաշինյանն ընկալվում էր որպես մի նոր Սահակաշվիլի, նոր ծագող քաղաքական աստղ։ Այդ շրջանակները գովազդում էին «ժողովրդի վարչապետին», ինչպես նաեւ՝ հայկական «հեղափոխությունը»։ Մյուս կողմից՝ այդ երկրների իշխանական շրջանակների համար դա նոր մարտահրավեր էր, եւ իրենց համար նույնպես Հայաստանում տեղի ունեցածը հետաքրքրություն էր առաջացնում, սակայն՝ բացասական նշանով»,- ասում է Ստեփան Դանիելյանը։

Նրա ամփոփմամբ, այնուամենայնիվ, բոլորի համար Հայաստանի «քեյսն» ահավոր հետաքրքիր էր, ի տարբերություն ներկայի։ Արձանագրենք, որ վարչապետի արտասահմանյան վերջին ուղղությունը եղել է Սանկտ Պետերբուրգը, որտեղ մասնակցեց Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին, դրանից առաջ՝ Իտալիայի Հանրապետություն, Ղրղզստան։ Մի քիչ էլ եթե հետ գնանք՝ Ֆրանսիա, Աշխաբադ, Սինգապուր, ԱՄՆ, Վիետնամ, բայց, օրինակ, ՌԴ կատարած այցը, որի մասին խոսել էր վարչապետ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, տեղի կունենա միայն այս տարվա մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում։ Ինչո՞ւ։ Այս հարցը եւս ուղղում ենք պարոն Դանիելյանին։ Ըստ վերջինիս՝ քանի որ կար հետաքրքրության մեկ այլ պատճառ եւս, եւ դա այն էր, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կարո՞ղ է հանգեցնել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության, ինչպես ժամանակին դա տեղի ունեցավ Վրաստանում ու Ուկրաինայում, սա նույնպես միջազգային նշանակություն ունեցող ինտրիգ էր։

Եվ Ռուսաստանը, ինչպես նաեւ Արեւմուտքը տեւական ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել ու Հայաստանի հանդեպ հստակ քաղաքականություն ձեւավորել։ Հիմա այդ ինտրիգն էլ չկա, քանի որ հետագայում պարզ դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը չփոխվեց։ Մանավանդ, որ անգամ նախկին իշխանությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ավելի հավասարակշռված քաղաքականություն էին վարում, քան ներկաները, որոնք գնացին Ռուսաստանի նկատմամբ լուրջ զիջումների, սակայն այդպես էլ վստահություն չվաստակեցին։ Դանիելյանը հավելում է․ «Մյուս կողմից՝ Հայաստանի դեպքերով նախկին խորհրդային երկրների հասարակությունների ոգեւորությունը սառեց։ Հիմա Հայաստանի նոր իշխանությունները ոչ ոքի համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում, եւ միջազգային հանդիպումները նվազել են։ Առաջին հերթին դրա պատճառն այն է, որ չգիտեն, թե նման հանդիպումների ժամանակ ինչից խոսեն։ Չկա օրակարգ, չկան մեծ հետաքրքրություններ»։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ էլ՝ իշխանափոխությունից հետո թե՛ ներգնա, թե՛ արտագնա շատ ավելի մեծ ակտիվությունը պայմանավորված էր նրանով, որ մի կողմից կարեւոր այցելությունների ու Հայաստանում անցկացված միջազգային ֆորումների մասին պայմանավորվածությունները (նույն՝ Մերկելի այցը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսի անցկացումը) պլանավորված էին նախկինների՝ Սերժ Սարգսյանի օրոք, մյուս կողմից, այո, Հայաստանի նկատմամբ կար բնական հետաքրքրություն, որը եւս նպաստում էր միջազգային ակտիվությանը։ Եվ այս ամենի համատեքստում Աշոտյանն ասում է․ «Այս իշխանությունները 1,5-2 տարվա ընթացքում մի կողմից գրեթե սպառեցին Սարգսյանի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, մյուս կողմից՝ աշխարհին այդպես էլ հետաքրքիր չդարձան։

Բացի, այսպես կոչված՝ հեղափոխության փաստից, որեւէ այլ բովանդակային, հետաքրքիր, կարեւոր գրավչություն Հայաստանն իրենց օրոք չունեցավ։ Եվ, մի կողմից, Նիկոլ Փաշինյանը դրսերում շատ ասելիք չունի, որովհետեւ իր հին հեղափոխական «լոլո»-ներն այլեւս չեն հետաքրքրում, այլեւս ժամկետանց են, ի վերջո, մեկ-երկու անգամ ծախել է, այլեւս չի կարող ծախել, մյուս կողմից էլ՝ արտաքին աշխարհն է շատ ավելի արագ, դինամիկ ու խելոք, քան այս իշխանությունները, որոնք այլեւս համարժեք չեն աշխարհի հետաքրքրություններին»։ Հիմա, Աշոտյանի ձեւակերպմամբ՝ արտաքին ու դեպի Հայաստան այցերն այլեւս ֆորմալացվել են։ Իսկ ասվածի ամենավառ ապացույցը, ՀՀԿ-ականի խոսքով, նույն՝ Իտալիա «դատարկ, առանց կոնկրետ օրակարգի ու ֆիասկո գրանցած» այցն էր։