Եկամտահարկի համահարթեցումից ամենաշատը շահում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները

Եկամտահարկի համահարթեցումից ամենաշատը շահում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները

Հունվարի 1-ից Հայաստանն անցավ եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի: Բոլոր աշխատողները որպես եկամտահարկ այժմ վճարում են իրենց աշխատավարձի 23 տոկոսը: Մինչև 2023 թվականը այն կհասնի 20 տոկոսի: Սակայն այս փոփոխությունը, որը գովազդվում էր որպես սոցիալական կարևոր քայլ, իրականում որևէ սոցիալական էֆեկտ չի ունեցել:

Տարբեր հիմնարկների աշխատողներ այս օրերին բողոքում են, որ թեև ավելի փոքր եկամտահարկ են վճարում, իրենց ստացած փողը չի ավելացել: Իսկ եկամտահարկի գծով ավելցուկը իրենց գրպանն են դնում գործատուները: Նրանք պարզապես իջեցրել են իրենց աշխատողների «կեղտոտ» աշխատավարձի չափը, և յուրաքանչյուրի համար ավելի քիչ են վճարում պետությանը: Սա համատարած երևույթ է, որի հետ կապված կոլեկտիվներում բողոք է հասունանում: Չի բացառվում, որ առաջիկայում աղմկոտ դատական հայցեր կունենանք: Մասնավոր հիմնարկների ճնշող մեծամասնությունը աշխատավարձերի չափն են իջեցրել՝ այն հաշվով, որ մարդը նույն գումարը ստանա: Հատկապես հիասթափված են բանկերի աշխատողները, որոնց աշխատավարձը 150 հազարից բարձր էր: Նրանց ամսական եկամուտը 5 տոկոսով կավելանար, եթե գործատուները չվերանայեին նրանց աշխատավարձը: Մեր աղբյուրը, որը մասնավոր ձեռնարկության աշխատող է, պատմում է, որ հարցրել է իր գործատուին, թե ինչու է ինքն այս ամիս նույն գումարը ստացել: Պատասխանել են՝ ինչ գումար պայմանավորվել ենք, այդ գումարը կշարունակես ստանալ:  

Հիշեցնենք, որ նախկինում եկամտահարկի դրույքաչափը ցածր էր՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ունեցողների համար: Նրանք վճարում էին աշխատավարձի 23 տոկոսը: Այն բարձր էր 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողների համար՝ 28 տոկոս, իսկ 2 մլն և ավելի ստացողները իրենց աշխատավարձի մեկ երրորդից ավելին թողնում էին պետությանը՝ 36 տոկոս: Այժմ նրանք բոլորը վճարում են 23 տոկոս, իսկ տարբերությունը հիմնականում մնում է գործատուին, կապված խղճից, բարոյականությունից, կամ իր ձեռնարկության վիճակից: Փաշինյանն այս փոփոխության նախագիծը ներկայացնելով, հույս ուներ, որ այս կերպ կխրախուսի գործատուին վերացնել ծրարով աշխատավարձ տալու արատավոր պրակտիկան և կկրճատի աշխատավարձի ստվերը: Սակայն աշխատողների միջին խավի հարկումը 5 տոկոսով պակասացնելով հնարավոր չէր նման էֆեկտ ունենալ: Ծրարով աշխատավարձի պրակտիկան փոքր ու միջին ձեռնարկություններում շարունակվում է: Խոշորը, որը կարողանում է 450-500 հազար և բարձր աշխպատավարձեր տալ, իհարկե, մեծապես կշահի, սակայն գործատուների այս կատեգորիան ծրարով չի վճարում: Փաշինյանը նաև խոսում էր քաղաքացիների ծանր հարկային բեռը նվազեցնելու մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, աշխատավարձի հարկման նոր մեխանիզմի սոցիալական էֆեկտը ձգտում է զրոյի: 

Կառավարությունը չի էլ թաքցնում, որ այս քաղաքականությունը ոչ թե աշխատողներին, այլ գործատուին աջակցելուն է ուղղված: Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանին հարցրեցինք, թե արդյոք այս օրենքը մշակելով չէի՞ն կարող այնպիսի մեխանիզմ կիրառել, որ եկամտահարկի նվազեցումից աշխատողները շահեին, ոչ թե գործատուները: Չէ՞ որ սա ոչ թե գործատուի, այլ աշխատողի կողմից վճարվող հարկին է վերաբերում, սուբյեկտը աշխատակիցն է, բայց դե ֆակտո շահում է գործատուն: 

Օրի Ալավերդյանը պատասխանեց, որ օրենսդրական փոփոխության նպատակը այն չի եղել, որ շահեն աշխատողները: «Այդպիսի նպատակ դրված չի եղել: Հրապարակվել և միշտ հայտարարվել է, որ նպատակը աշխատակից-գործատու հարաբերությունների մեջ մտնելը չի, այլ հարկատու-պետություն հարաբերությունը կարգավորելն է: Իսկ թե գործատուն կիջեցնի աշխատողի աշխատավարձը, թե կպահի նույն մակարդակում, սա գործատու-աշխատակից իրավահարաբերությունն է, և պետությունը նպատակ չի դրել դրան խառնվելու: Այլ նպատակը առհասարակ բիզնեսի ծախսերը կրճատելու հնարավորություն տալն է եղել»: Այսինքն, Ձեր նպատակը ոչ թե աշխատողին, այլ բիզնեսին օգնե՞լն էր: 
«Ոչ, դա բացարձակ մեկնաբանություն է: Մենք հնարավորություն ենք տալիս գործատուին իր աշխատողի աշխատավարձին ուղղվող ծախսերը կրճատելու: Եթե գործատուն միջոցների խնայված մասը տալիս է գործատուին, այսինքն, աշխատավարձը բարձրացնում է, դա գործատուի իրավունքն է: Նա պետությանը տրվելիք եկամտի մասը կամ վերադարձնում է աշխատողին, կամ չի վերադարձնում: Իրեն տրված է այդ հնարավորությունը: Չէ՞ որ գործատուի ու աշխատողի հարաբերությունները ձևավորվում են այսպես կոչված մաքուր աշխատավարձ եզրույթի շուրջ: Այսինքն, իրենք պայմանավորվում են էսինչ գումարի շուրջ, և թե ինչ հարկ կվճարի գործատուն, աշխատողին չի էլ հետաքրքրում»: 

Ինչո՞ւ նման փոփոխություն անելուց առաջ Աշխատանքային օրենսգրքում էլ չեք մտցնում փոփոխություն, որ գործատուն պայմանագրում նշի «կեղտոտ» աշխատավարձը, ոչ թե մաքուր: «Այդ դեպքում մենք ասում ենք՝ պետությանը հասանելիք հարկը տար, տուր աշխատողին, բայց մեր հայտարարած քաղաքականությունը ունի այլ տրամաբանություն: Մենք ասում ենք՝ գործատու ջան, մենք քեզ տալիս ենք հնարավորություն քո աշխատավարձի ֆոնդի հաշվին լրացուցիչ խնայողություններ ունենալու՝ որպեսզի քո ապրանքի ինքնարժեքը նվազեցնես, իսկ դու օգտվիր, ինչպես ցանկանաս: Ինքը կարող է բանակցել աշխատողի հետ: Ո՞նց էր կուտակայինի ժամանակ: Շատ գործատուներ իրենց վրա վերցրեցին այս տոկոսի գումարը ու ոչ մի աշխատողի աշխատավարձ չնվազեց»: 

Մի խոսքով, հպարտ քաղաքացիների բախտը չբերեց: Նրանք, ովքեր 150 հազար դրամից քիչ են ստանում և համարվում են զբաղվածների թվում ամենաանապահով խավը, նախկինում էլ էին վճարում 23 տոկոս, և նրանց համար ոչինչ չի փոխվել: Միջին աշխատավարձ ստացողները՝ 150-ից 400 հազար, ամենայն հավանականությամբ, ոչինչ չեն ստանա, քանի որ նրանց «կեղտոտ» աշխատավարձերը կիջեցվեն: Եթե ինչ-որ խավ էլ շահել է ապա դա 150 հազար դրամից բարձր ստացող պետական աշխատողներն են: Նրանց ամսական եկամուտը 5 տոկոսով ավելացել է: Ավելացումը էական է նախարարների, փոխնախարարների և պետական կառույնցների այլ ղեկավարների դեպքում: Փաստորեն, սա ևս աջակցություն էր նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին: