«Հրապարակ». Եթե բոլորին միավորող թեկնածու գտնվի, միավորումը ցանկալի է

«Հրապարակ». Եթե բոլորին միավորող թեկնածու գտնվի, միավորումը ցանկալի է

Երեւանի ընտրությունները, ըստ ամենայնի, տեղի կունենան սեպտեմբեր-հոկտեմբերին։ «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետի ընտրություններին վաղուց է սկսել նախապատրաստվել, երբ այդ պաշտոնում «ընտրվեց-նշանակվեց» Հրաչյա Սարգսյանը։ Վերջինս օրեր առաջ հրաժարական տվեց՝ չսպասելով իր պաշտոնավարման ավարտին՝ սեպտեմբերի 5-ին։ Տարբեր տեղեկությունների համաձայն, քաղաքապետի պաշտոնի համար բախտը փորձողների պակաս չի լինելու, իրենց հնարավորություններն են փորձելու եւ այդ մասին արդեն հայտարարել են «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր», «Միացյալ Հայաստան» կուսակցությունների թեկնածուները, Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, Ռուբեն Հախվերդյանը ու այլք։ 

Մենք «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են այն լուրերը, որ նա պատրաստվում է մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Չալաբյանն ասաց, որ այդ թեմայի շուրջ քննարկումներ եղել են, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել։ Այնուամենայնիվ, քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հավանականությունը որքա՞ն է։ «Այդպիսի հավանականություն գոյություն ունի»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք, թե որ քաղաքական ուժերի հետ է հնարավոր համարում համագործակցությունը, կամ արդյո՞ք համագործակցության առաջարկներ ստացել են։ «Արար»-ի համահիմնադիրն ասաց, որ այդ հարցին դեռեւս չի կարող պատասխանել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, ասաց․ «Գործող իշխանության կամ նրա սատելիտների հետ համագործակցությունը բացառում եմ»։

Երեւանի ընտրություններում հաղթող ուժը մեծ առավելություն կստանա հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար։ Սակայն այս տեսակետի անխսալականության մեջ Ավետիք Չալաբյանն այդքան էլ համոզված չէ։ Մեր հարցին, թե արդյոք ընդդիմությունը պե՞տք է հանդես գա մեկ միասնական թեկնածուով՝ հնարավորինս ուժեղ դիրքեր ունենալու համար, նշեց․ «Եթե այդպիսի բոլորին միավորող թեկնածու գտնվի, դա ցանկալի է, սակայն արհեստական կերպով դա անել պետք չէ»։ Երեւանի քաղաքապետի պաշտոնում արդեն հայտնի կամ շրջանառվող թեկնածուների մասով էլ ասաց, որ նրանցից ոչ ոք այս պահին հաղթելու ընդգծված հավանականություն չունի։