Երբ թշնամին մոտենում է մայրաքաղաքի մատույցներին․․․ մի՛ արեք այդպես

Երբ թշնամին մոտենում է մայրաքաղաքի մատույցներին․․․ մի՛ արեք այդպես

Հանրապետությունում կորոնավիրուսի տարածվածության ահռելի չափերի մասին ելույթ ունենալով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկեց գույները չխտացնել, որովհետև դա նույքան վնասակար է, որքան անլրջությունը։ Նաև արձագանքելով մեղավորներին պատասխանատվության կոչերին՝ ասաց, որ ժամանակը չէ, և ոչ ոք չի փախնում պատասխանատվությունից։

ԱԺ նախագահի խոսքով՝ունենք իրավիճակ, որը բնութագրվում է տարբեր բառերով, այդ թվում՝ «ծանր»,«շատ ծանր» , այդ թվում «պատերազմական», բայց իր կարծիքով՝  այս պահին առավել, քան երբևէ մեզ պետք է հանգստություն և սթափ դատողություն։ 

«Իրավիճակի սթափ գնահատական, հաշվարկված, հանգիստ։ Հատկապես այսպիսի սահմանային, ոչ սովորական իրավիճակներում չի կարող գործին որևէ օգուտ տալ խուճապը։ Եղել են դեպքեր պատմության մեջ, մեր պատմության, ժողովուրդների, երբ թշնամին անգամ հասնում է մայրաքաղաքի մատույցներին, և նույնիսկ այդպիսի ժամանակ ամենակարևոր բանը, որ պետք է անել, պետք է պահպանել հանգստությունը, վերլուծել, հասկանալ  և անել քայլեր»,-ավելացրեց Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ որքան վնասակար է անլրջությունը, այնքան և անգամ՝ եռակի գույների ավելորդ խտացումը։

Նա դիմելով Արման Բաբաջանյանին, ասաց՝ մի' արեք այդպես։ Խոսքը վերաբերում էր նրա այն առաջարկությանը, որ քանի որ հիվանդանոցները գերբեռնված են, և մահճակալներ չկան, համայնքային սեփականության շենքերը՝ քաղաքապետարանները, մարզպետարանները, և եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովը տրամադրվի  հիվանդանոցային կարիքների համար։

«Բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, և մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք նրանց լսել: Ծանր հիվանդներին ուղարկում են տներ, և ես կարծում եմ, որ մենք այդ մարդկանց չպետք է թողնենք իրենց տներում», - ասել էր պատգամավորը։